ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առանց դատարան դիմելու, սահմանափակել ծնողական իրավունքները` հակասահամանդրական կարգավորում է»

10.11.2017 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Առանց դատարան դիմելու, սահմանափակել ծնողական իրավունքները` հակասահամանդրական կարգավորում է»

Ընտանեկան բռնության մասին հակաընտանեկան օրենքի նախագիծը մինչեւ վերջ առաջ տանելը ՀՀ արդարադատության նախարարության համար դարձել է կենաց-մահու պայքար, որի լոբբինգի համար չեն խնայում ո՛չ սեփական նյարդերը, ո՛չ էլ նախարարության գումարները: Մինչդեռ նախագիծը ոչ միայն անընդունելի է հայկական արժեհամակարգի առումով, այլեւ լուրջ խնդրահարույց դրույթներ ունի` իրավական տեսանկյունից, ինչին ««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ որպես ընտանեկան եւ հոգեւոր արժեհամակարգի դեմ սպառնալիք» թեմայով համաժողովի ժամանակ անդրադարձավ «Իրավաբան 24» ծառայության փաստաբան ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

– Նախեւառաջ անդրադառնանք վերոնշյալ նախագծում տեղ գտած տնտեսական եւ հոգեբանական բռնություններ հասկացություններին: Իրավական առումով` որքանո՞վ է այն ընկալելի: 

– Կարծում եմ` նման ոչ հստակ, անորոշ եւ ոչ միանշանակ հասկացություններն ուղղակի ի սկզբանե իրավունք չունեն տեղ գտնել որեւիցե իրավական ակտում: Բայց իրականում խնդիրն, ըստ իս, ավելի խորն է, որովհետեւ, ինչպես գիտենք, նախագծում տեղ գտած անհետաձգելի միջամտության որոշման կայացնողը, եւ պաշտոնական նախազգուշացման պարտականությունը կատարողը ոստիկանության ծառայողն է: Այստեղ անհասկանալի է` ինչպե՞ս ոստիկանության ծառայողը կարող է գնահատական տալ, թե ընտանիքում առկա է կամ առկա չէ, ենթադրենք, հոգեբանական բռնություն: Ակնհայտ է, որ այստեղ առնվազն անհրաժեշտ են հոգեբաններ, սոցաշխատողներ, որոնք կարող են վերլուծել իրավիճակը եւ գնահատական տալ: Մինչդեռ ոստիկանության ծառայողը օբյեկտիվորեն չի կարող եւ պարտավոր էլ չէ կարողանալ նման գնահատականներ տալ այդպիսի իրավիճակներում: Սա ոստիկանի անելիքը չէ: 

– Այս օրերին շատ քննարկվեց օրենսդրական նախագծում առկա սանկցիաների սահմանադրականության հարցը: Ի՞նչ կասեք այս մասին: 

– Նշածս միջամտությունը, որը կատարվում է ոստիկանության աշխատողի կողմից, ենթադրում է իրենից մի շարք իրավասահմանափակումներ, մասնավորապես` թույլատրվում է անձին հարկադրել լքել ենթադրյալ բռնության զոհի բնակության տարածքը եւ չվերադառնալ այդ տարածք, ինչպես նաեւ 100 մետրից ավելի չմոտենալ ընտանիքի համապատասխան անդամին: Իհարկե, այս սանկցիաները տարածվում են եւ վերաբերում են նաեւ ծնող-երեխա հարաբերություններին, մինչդեռ ՀՀ սահմանադրության 36-րդ հոդվածը անդրադառնում է այս հարցին եւ նշում, որ ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանք սահմանափակելը թույլատրվում է բացառապես դատարանի որոշման հիման վրա: Այսինքն` ոստիկանության ծառայողը չի կարող ունենալ նման լիազորություն` արտադատական կարգով, առանց դատարան դիմելու, սահմանափակել ծնողական իրավունքները: Սա միանշանակ հակասահամանդրական կարգավորում է եւ չի կարող գործել:

– Այդուհանդերձ, Ձեր գնահատմամբ` այսօր Հայաստանում գործող օրենսդրությանը բավարա՞ր է ընտանիքներում առկա բռնության դեմ պայքարի տեսանկյունից: 

– Կա ՀՀ քրեական օրեսնգիրքը, որը պարունակում է մի շարք դրույթներ, մասնավորապես` 118-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ծեծի եւ այլ բռնի գործողությունների, 119-րդ հոդվածը` ուժեղ ֆիզիկական ցավ պատճառելու համար: Կան մի շարք այլ դրույթներ, որոնք անդրադառնում են տարբեր աստիճանի առողջության վնասներ պատճառելուն, սեռական անձեռնմխելության դեմ ուղղված հանցագործություններին: Այնպես որ, այս բոլոր հոդվածները կան, գործում են ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ սեռական բռնությունների մասով դրանք լրիվ բավարար են:

– Ի դեպ, կարծիքներ կան, թե ընտանեկան բռնության առանձնահատկություններից մեկն էլ հենց այն է, որ զոհը չի ներկայացնում բողոք` համապատասխան մարմիններին: Հետեւաբար, իրավապահ մարմիններն էլ զրկված են միջամտելու հնարավորությունից…

– Սրա հետ կապված կան ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային մի շարք որոշումներ, որոնք ասում են` բոլոր այն դեպքերում, երբ անձը, ում իրավունքները խախտվել են, բայց իր անօգնական վիճակում գտնվելու կամ օբյեկտիվ այլ պատճառներից ելնելով` չի կարող պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը, այս բոլոր դեպքերում համապատասխան մարմիններն իրավունք ունեն հարուցել քրեական գործ` հանրային մեղադրանքի սահմանված կարգով: Այսինքն` կարող են գործ հարուցել` առանց տուժողի համաձայնության կամ առանց տուժողի բողոքի: Վճռաբեկ դատարանը տալիս է իրավակիրառող մարմիններին` ոստիկանությանը, միջամտելու հնարավորություն բոլոր այն դեպքերում, երբ մարդը ինքնուրոււյն չի կարող ձեռնամուխ լինել իր իրավունքների պաշտպանությանը: Այս տեսանկյունից, կարծում եմ, գործող օրենսդրությունը ՀՀ-ում ավելի քան բավարար է` լուծելու ընտանիքում, աշխատավայրում կամ որեւէ այլ միջավայրում առկա կամ հնարավոր բռնությունները եւ պայքարելու այդ բռնությունների դեմ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА