ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.11.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Պարզվում է, որ մեր գրանտակերները գրանտ լափելով չեն բավարարվում եւ անցել են ուղղակի դրամաշորթման` դրսում գտնվող ՀՀ քաղաքացիներից: Սույն ամոթալի եւ զարմանալի իրողությունը բացահայտել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ ՄՆԱՑԱԿԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԸ. «Խոսքս վերաբերում է այն չակերտավոր իրավապաշտպաններին, ովքեր պետական մարմնից` մի տեղեկանք ստանալու համար դրսում գտնվող մեր հայրենակցից կորզում են կլորիկ գումար: Այո, կորզում են, քանի որ խաբեությամբ եւ գործը ծանրացնելով գումար աշխատելը համարում եմ կորզել, դեռ ավելին` լափել: Նույնիսկ այդ պարագայում` գոնե մի՛ դիմեք կեղծիքների: Խարդավանքով լափում եք, բայց մի՛ կեղծեք: Միեւնույնն է, այդ տեղեկանքը, որ ներկայացվում է օտարերկրյա պետության իրավասու մարմին, այնտեղից հարցում է արվում Հայաստան` տեղեկանքի իսկության մեջ հավաստիանալու համար: Եթե անձնագրային ծառայությունը տեղեկանքի մեջ նշում է, որ այսինչ անձը 1989թ.-ից հաշվառված է այսինչ հասցեում, նույն նախադասության մեջ «հաշվառված» բառից հետո «է» օժանդակ բայի դիմաց անգրագետ ուղեղով «չ» տառ ավելացնելով եւ կլորիկ գումար լափելով` չեք մարսի այդ գումարը, քանի որ արարքին ուշ թե շուտ կտրվի համապատասխան իրավական գնահատական»:
Իսկ վարորդական իրավունքներ ստանալու հարցում «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր ՍԵՐԳԵՅ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ Ճանապարհային ոստիկանությունից ստացել է տվյալներ` դրանց քանակի մասին, եւ պարզվում է մի զարմանալի իրողություն. «Զարմանալին այն է, որ Երեւանում վարորդական իրավունքի համար դիմած մոտ 7000 քաղաքացուց մոտ 5000-ն է կարողացել քննությունները հանձնել, իսկ, օրինակ, Կոտայքի մարզում մոտ 6600 գործնական քննություն է եղել, եւ 6300 վարորդական է տրամադրվել: Այսինքն` Կոտայքի մարզում 30 տոկոսով ավելի շատ վարորդական իրավունք է տրամադրվել, քան մայրաքաղաքում: Իսկ Իջեւանում 1020 քննություն հանձնածներից 973-ը վարորդական վկայական է ստացել: Ընդամենը 47 հոգի է տապալել քննությունը»: Անշուշտ, չի կարող պատահել, որ մարզերում այդքան ավելի լավ պատրաստ լինեին քննությանը, քան Երեւանում: Ուստի այդ թվերից իսկ կարելի է եզրակացնել շատ մասշտաբային կոռուպցիայի առկայությունը: 
Իսկ իրեն քաղաքագետի, այն էլ` անկախ քաղաքագետի տեղ դրած ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻՆ զարմանալիորեն «վատացել» է այն հանգամանքից, որ Հայաստանը բարձր միլիտարիզացված երկիր է համարվում Global Militarization Index-ի ցուցակներում: Եվ նա սարսափելի հեքիաթներ է պատմում. «Այս վերլուծությունն իրականում միայն մտահոգություններ է ծնում մեր երկրի հեռանկարի վերաբերյալ: Նախ` միլիտարիզացված երկրները, որպես կանոն, չեն ունենում քաղաքացիական ուժեղ հասարակություններ, ազատ տնտեսություն, որակյալ քաղաքական համակարգ: Նման իմիջով Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող ակնկալել օտարերկրյա ներդրումներ»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է այս պարոնին հորդորել, որ այցելի վախ բռնողի:
Մեզ անչափ զարմացրեց ասպարեզից վաղուց անհետացած կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ, ում շատ է մտահոգել հետեւյալը. «Լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտված Բերմուդյան կղզիների օֆշորային սկանդալի պատճառով Թրամփի վարչախմբի միանգամից վեց անդամ հայտնվել են պաշտոնազրկության կամ հրաժարական տալու սպառնալիքի տակ»: Երկար թվարկում անելով` նա եզրակացնում է. «Թրամփի վարչախումբը ծանրագույն ճգնաժամ է ապրում եւ փաստորեն կաթվածահար է եղել: Սա, բնականաբար, մեծ վտանգներ է պարունակում համաշխարհային կայունությանը, քանի որ հենց նման անտերության պայմաններում սովորաբար սկսվում են վաղուց պատրաստվող արկածախնդրությունները` ընդհուպ պատերազմներ»: Այստեղ զարմանալին այն է, որ ԱՄՆ-ի մասին երկար դատողություններ անելով` նա այդպես էլ ոչ մի անգամ չհիշատակեց ռուսներին, մինչդեռ սովորաբար անգամ երկուտողանոց տեքստում հաջողացնում էր ռուսներին հիշել ամենավերջին հիշոցներով: Տեսնես ի՞նչ է պատահել Խզմալյանին, կյանքում հո մի բան թարս չի՞:
  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА