ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿԼԻՆԵՆ ՈՐՈՇ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.11.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿԼԻՆԵՆ ՈՐՈՇ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին սիրիական բանակը երկրի հարավ-արեւելքում՝ Դեր-Զորի մարզի հարավում, ճեղքելով «Իսլամական պետության» վերջին խոշոր պաշտպանական բնագիծը, Եփրատ գետի հատվածում դուրս եկավ Իրաքի սահման ¥տե՛ս քարտեզը, էջ 13¤: Այստեղ՝ իրաքյան Ալ Քաիմ բնակավայրի հարեւանությամբ Սիրիա-Իրաք հիմնական անցակետերից մեկն է, որի նկատմամբ վերահսկողությունն էլ, ինչպես գրեթե միահամուռ պնդում են ռազմական փորձագետները, ԻՊ-ի դեմ պայքարի վերջակետն է դնում:
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ
Իհարկե, ԻՊ-ն դեռ վերջնականապես ոչնչացված չէ: Սակայն նշված հատվածում սիրիական բանակի օպերացիան շարունակվում է: Բանակային ուժերն ակտիվորեն առաջ են շարժվում Եփրատի հունի ուղղությամբ՝ հյուսիսից եւ հարավից: Դրանից արեւմուտք հատվածը, թեեւ ձեւականորեն համարվում է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող, սակայն դա անապատային գոտի է: Այսինքն, կան միայն ԻՊ-ի փոքրաթիվ ուժեր, որոնց եթե չշտապեն հետ քաշել, բառացիորեն այսօր-վաղը կհայտնվեն լիակատար շրջապատման մեջ եւ կոչնչանան: Դրանից զատ, Սիրիայում ԻՊ-ի ձեռքին մի որոշ հատված էլ մնում է Եփրատից արեւելք: Ենթադրվում է, որ այստեղ ԻՊ-ն կշտապի դիրքերը հանձնել քրդերին, հակառակ դեպքում սիրիական բանակը այդ տարածքներն արագորեն կգրավի:
Մի խոսքով այն, որ ամենամոտ ժամանակներս ԻՊ-ն, որպես ռազմական միավոր, վերջնականապես կդադարի գոյություն ունենալ, հաստատ է: Սակայն դրանով դեռ սիրիական պատերազմը չի ավարտվում: Որոշ տարածքներ դեռ մնում են այլ խմբավորումների ձեռքին: Դրանցից ամենախոշորն Իդլիբի տարածաշրջանն է, որտեղ հիմնականում գործում է «Ալ-Քայիդայի» սիրիական մասնաճյուղ «Ջեբհաթ ան-Նուսրան»: Սակայն դեռ անցած շաբաթվանից Իդլիբի հարավում եւս սիրիական բանակը համեմատաբար դանդաղ, սակայն հաստատուն տեմպերով հարձակում է իրականացնում: Արդեն իսկ հասցրել են զգալի տարածքներ ազատագրել: Այն դեպքում, երբ ներկայումս սիրիական բանակի ամենամարտունակ ուժերը Դեր-Զորի հատվածում են: Այստեղ ԻՊ-ի խնդիրը լուծելուց հետո, հիմնական գրոհային միավորումները ենթադրվում է, որ կտեղափոխվեն Իդլիբ, այսինքն՝ այդ հատվածի ազատագրումը եւս շատ չի ձգվի:
Գրոհային տարաբնույթ խմբերի վերահսկած մյուս տարածքներն արդեն այդքան ծավալուն չեն, եւ դրանք ընդհանուր պատերազմական հաշվարկներում չեն էլ ներառվել:
Իհարկե, այս ամենից հետո կա նաեւ վերջին՝ քրդերի խնդիրը, որոնք վերահսկում են Եփրատից արեւելք ընկած գրեթե ողջ հատվածը: Իրավիճակը բարդ է նաեւ նրանով, որ քրդական այդ հատվածի մի քանի կետերում տեղակայված են ամերիկյան բազաներ, իսկ Վաշինգտոնը սպառնում է հարվածել սիրիական ուժերին, եթե նրանք 50 կմ-ից ավելի մոտենան այդ  տարածքներին: Բայց նաեւ՝ Դամասկոսն արդեն իսկ սկսել է Սիրիայում գործող ամերիկյան ուժերին հրապարակավ համարել օկուպանտներ, որոնք ապօրինաբար են այստեղ տեղակայվել: Ճիշտ է, հազիվ թե հերթը հասնի ամերիկյան այդ ուժերի կամ քրդերի հետ բախումների, սակայն խնդիրը դիվանագիտական հարթությունում լուծման ենթակա է, ու այդ ուղղությամբ շարժ արդեն իսկ նկատվում է: Ընդ որում, միանգամայն հնարավոր է, որ այս վերջին հարցի պատասխանը տրվի հենց այսօր՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից:
ԹՐԱՄՓԻ ՆԱՀԱՆՋԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Այսպես, սպասվում է, որ այսօր Վիետնամում տեղի ունեցող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակներում կկայանա ¥հրապարակման լույս տեսնելու պահին կարող է եւ նույնիսկ կայացած լինի, հաշվի առնելով ժամային տարբերությունը¤ Պուտին-Թրամփ երկրորդ հանդիպումը, թեեւ երեկվա  դրությամբ կողմերն այդ մասին դեռ միայն ենթադրություններով էին խոսում: Այս տեղեկությունը երեկ հաստատեց նաեւ ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը՝ հայտնելով նաեւ, որ հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերից է նախ՝ սիրիական խնդիրը, ապա՝ հյուսիսկորեական, ուկրաինական: Եվ այդ ամենի հանրագումարում՝ նախագահները կանդրադառնան նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի հարցին:
Բայց նախ չմոռանանք, որ մինչ Վիետնամ մեկնելը, ԱՄՆ նախագահը Չինաստանում էր: Այցի արդյունքների մասին,  թերեւս, հստակ պատկերացում է տալիս Սի  Ցզինպիի այս հայտարարությունը. «Մենք միասին նախաճաշեցինք ապագայում չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությունները եւ «ճանապարհային քարտեզ» մշակեցինք: Մենք ԱՄՆ-ի հետ կաշխատենք, որպեսզի մեր ձեռք բերած կոնսենսուսը էլ ավելի մեծ օգուտ բերի մեր երկրների ժողովուրդներին եւ ամբողջ աշխարհի մարդկանց»: Եվ սա այն դեպքում, երբ Չինական ծովում այսօր իրար դեմ են կանգնած ամերիկյան եւ չինական նավերը, ասենք՝ Վաշինգտոնն իր ծովային ուժերի գերակշիռ մասը հենց չինական ուղղությամբ է պահում: Իսկ Թրամփն էլ հավելեց. «Իմ վարչակազմը հավատարիմ է մեր առեւտրային եւ գործնական հարաբերությունների զարգացմանը», թեեւ ամիսներ առաջ սպառնում էր ԱՄՆ մտնող չինական ապրանքների համար աստղաբաշխական հարկեր սահմանել: Արդյունքում, այն տպավորությունն է, որ Թրամփը որոշակի առանցքային հարցերում զիջումների է գնացել: Չնայած դա սպասելի էր, հաշվի առնելով, որ մինչ այցն էլ տեսանելի էր Թրամփի հետապնդած հիմնական նպատակներից մեկը, որն, իհարկե, առաջին պլանում էր: Խոսքը հյուսիսկորեական խնդրի մասին է, որի հետ կապված ԱՄՆ նախագահը Չինաստանում մեկ ուշագրավ միտք հնչեցրեց, թե չի կասկածում, որ Չինաստանի նախագահը, եթե ջանքեր գործադրի, կարող է արագորեն լուծել կորեական խնդիրը: Եվ միայն դրանով Թրամփը հաստատեց, որ Հյուսիսային Կորեան համարում է չինական ազդեցության գոտի, միայն թե խնդրի հետ կապված հանգուցալուծում է պետք, որը կփրկի Վաշինգտոնի դեմքը: Համենայնդեպս, միայն այդ մտքից այն տպավորությունն է առաջանում, որ Թրամփը, կոպիտ ասած, ԱՄՆ-ին չի համարում համաշխարհային միակ «հարց լուծողը»: Եվ նույնիսկ «մենք  ենք ու Չինաստանը» տարբերակից էլ Թրամփն այն կողմ անցավ՝ հյուսիսկորեական խնդրի լուծումը կապելով նաեւ ՌԴ-ի հետ: Ավելին, զուգահեռաբար հնչեց նաեւ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնական, հատուկ ներկայացուցիչ Էլիս Ուելսի հայտարարությունը, որով նա ՌԴ-ին առաջարկում է համագործակցել նաեւ Աֆղանստանի ուղղությամբ, հաշվի առնելով, որ այս հատվածում  եւս Մոսկվան եւ Վաշինգտոնն ունեն «հատվող շահեր»: Ավելին, ըստ նրա՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանն արդեն իսկ ակտիվորեն աշխատում է այդ  ուղղությամբ:
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ` ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Այս ի՞նչ է, ԱՄՆ-ն արդեն ոչ միայն սեփականից զատ՝ ուրիշ երկրների շահերն է տեսնում, այլ նույնիսկ խոսում է համագործակցել՝ լուծումներ գտնելու համա՞ր: Իհարկե, հասկանալի  է, տարաբնույթ պաշտոնյաների հայտարարություններով «տուն չես պահի»: Բայց նաեւ չմոռանանք, որ Վաշինգտոնի այս ակնհայտ քաղաքական նահանջն իր որոշակի տրամաբանությունն ունի: Չնայած՝ամերիկյան արտաքին դիրքերի  թուլացման մասին խոսելու առիթներ շատ ենք ունեցել, չկրկնենք: Սակայն այս մի փաստն արժե հիշեցնել: Այսպես, Բրաունի համալսարանի Միջազգային եւ հասարակական հարցերով Ուոթսոնի ինստիտուտի փորձագետների ուսումնասիրության համաձայն, վերջին 16 տարում ԱՄՆ-ը իր երկրի սահմաններից  դուրս ռազմական նպատակներով ծախսել է ավելի քան 6 տրիլիոն դոլար, այդ թվում Իրաքում՝ 4,3 տրիլիոն: 6 տրիլիոնն ԱՄՆ պետական պարտքի մոտ 30 տոկոսն է, ահռելի մի գումար: Ընդ որում, սա միայն ռազմական ուղղությամբ, եւ եթե գումարենք մյուս բոլոր «գունավոր ծախսերը», ապա այդ թիվը շատ ավելի մեծ կլինի: Այսինքն, առնվազն մի 5-6 տրիլիոն ծախսել են միայն Մերձավոր Արեւելքում, մինչդեռ այդքանից հետո այնտեղ հաստատվում է ՌԴ-ի կայուն ռազմական ներկայությունը, Ասադի օգտին սիրիական պատերազմի ավարտը, ԱՄՆ-ի մյուս հակառակորդի՝ Իրանի աճող ռազմաքաղաքական դիրքերը, Վաշինգտոնի վերահսկողության տակից նույն Իրաքի դուրս գալու տեսանելի հեռանկարը, Թուրքիայի, արաբական աշխարհի նկատմամբ երբեմնի  վերահսկողության կորուստը եւ այդպես շարունակ: Եվ այն, որ արդեն վտանգավոր դարձած պետական պարտքի բեռով պետության ղեկը ստանձնած Թրամփը նույն քաղաքական կուրսով, այսինքն՝ նմանատիպ ծախսերով առաջ գնալու էլ տեղ չունի, նոր չէ, որ տեսանելի դարձավ:
Եվ ահա, հենց այս դիրքերից ելնելով էլ, Թրամփը պետք է Սի  Ցզինպիից հետո սկսի բանակցել նաեւ Պուտինի հետ: Իհարկե, չպետք է բացառել նաեւ, որ Պեկինում որոշակի նահանջի գնալով, Թրամփը փորձում է ճեղքվածք առաջ բերել ռուս-չինական հարաբերություններում  եւ Մոսկվայի ուղղությամբ անցնել հարձակման: Սակայն նման մասշտաբային խաղերի համար Թրամփն  առաջին հերթին ներամերիկյան ամբողջական վերահսկողություն պետք է ունենար: Էլ չասած, որ իր պաշտոնավարման սկզբներին մեկ անգամ փորձեց խաղալ ռուս-չինական հարաբերությունների ճեղքման  ուղղությամբ, սակայն միայն քաղաքական կորուստներ հաջորդեցին:
Արդյունքում, սպասելի է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կբերի որոշակի պայմանավորվածությունների: Բայց թե ինչ տեսքով, մասշտաբներով, դժվար է ենթադրել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Պետք է պայմանավորվել Պորոշենկոյի հետ՝ Ուկրաինայի «թալանը» կանխելու համար. Սաակաշվիլի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА