ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԻՎ 116 ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՀԱՆՁՆՈՂՆԵՐԸ

10.11.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԻՎ 116 ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՀԱՆՁՆՈՂՆԵՐԸ

Զավեշտ... Զինծառայությունից ուսանողական տարկետումը պահպանելու պահանջով դասադուլ եւ ցույցեր անող ուսանողները առանց քաշվելու քայլում են ուսումը կիսատ թողած եւ թիվ 116 մարտական դիրքը պաշտպանելիս հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի` պատին նկարած մեծ նկարի կողքով: Երեւի թե համարում են, որ իրենց արյունն ավելի կարմիր է... 
ՈՎ Է ՈՒՂՂՈՐԴՈՒՄ «ԻՆՔՆԱԲՈՒԽ» ԴԱՍԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ
Ընդամենը երկու-երեք օր առաջ էր, որ մեր գործընկեր Արմեն Հակոբյանը հորդորով դիմել էր դասադուլավորներին. «Գիտե՞ք, մեր օրերի հերոսներից Ռոբերտ Աբաջյանը 2014-ին Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ: Ուսանող էր, այսինքն, երբ զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր ստացավ: Նա ցույցեր չարեց, չասաց, թե` բա ինչո՞ւ էսինչն ու էնինչը զինծառայությունից տարկետում ստանալու իրավունք ունեն, իսկ ինքը չունի... Երեւանի պետական համալսարան տանող ճանապարհին Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը կա: Պատին: Տարկետման իրավունքը պահպանելու համար հերթական ցույցն անելուց առաջ մի հատ գնացեք, կանգնեք այդ պատի դիմաց ու նայեք Ռոբերտի նկարին: Դա կօգնի ոչ միայն ճիշտ որոշում կայացնել, այլեւ այնպիսի որոշում կայացնել, որ հետո ձեր խղճի հետ հաշտ լինեք»:
Նայեցին, բայց շարունակեցին: Հիմա խղճի հետ հաշտ են, թե չափազանց ճկուն խղճի տեր են` դա չգիտենք, չգիտենք նաեւ` նայե՞լ են արդյոք Ռոբերտ Աբաջյանի նկարին, թե` չտեսնելու են տվել: Համենայնդեպս, նայելով այդ դասադուլավորներին, ովքեր դասալիքի մղումն ու հոգեբանությունը քողարկում են «գիտնական լինելու» տենչով, հասկանում ես, թե ինչպես 1920 թվականին առանց ոչ մի կրակոցի ընկավ Կարսը: Ե՛վ ուսանողական այդ շարժումը, ե՛ւ «Ելք» խմբակցության պատգամավորների խորհրդարանում ունեցած պացիֆիստական ելույթները, ե՛ւ որոշ քարոզչամիջոցների վայնասունը, թե Հայաստանը միլիտարացման աստիճանով երրորդն է աշխարհում, իսկ միլիտարացված երկրներում, վայ-վույ քաղաքացիական հասարակություն չի զարգանում` այդ ամենը տանում է նույն տեղը, ուր 1920-ին տարել էր թուրքական զորքի վրա չկրակելու քարոզչությունը եւ համապատասխան քայքայիչ աշխատանքը: Ըստ էության, այսօր էլ քիչ չեն նրանք, ովքեր պատրաստ են հանձնել Ռոբերտ Աբաջյանի եւ այլոց պահած թիվ 116 մարտական դիրքը: Երեւի թե, սրանցից յուրաքանչյուրը հույս ունի, որ կձգձգի, «շուստրիություն» կանի, իսկ հետո էլ կկարողանա «թռնել» իր երազած Եվրոպան կամ Ամերիկան: 
Բայց կա հարցի նաեւ այլ կողմը: Նույն ցուցարարների, ավելի ճիշտ, նրանց ուղղորդողների վարքագիծը: Սկզբում նրանք պահանջեցին հանդիպում պաշտպանության եւ կրթության նախարարների հետ, սակայն, երբ ՊՆ-ն հրավիրեց նրանց` հրաժարվեցին: Հրաժարվելուց հետո միայն մտածեցին պատճառաբանությունը` թե ուղիղ եթեր էինք ուզում: Եվ ահա, դրսեւորելով դատապարտելի հանդուրժողականություն, վարչապետը հրավիրեց ցուցարարների ներկայացուցիչներին, եւ նրանք հանդիպեցին միաժամանակ վարչապետի, պաշտպանության եւ կրթության նախարարներին, հանդիպման տեսանյութն էլ կառավարության լրատվականը տրամադրեց ե՛ւ իրենց, ե՛ւ ԶԼՄ-ներին: Բայց էլի բավարարված չեն, եւ մտադիր են շարունակել: Դժվար չէ կռահել, որ բավարարված չեն լինի գործադիր իշխանությունից` անգամ  ոսկե սարեր ստանալու դեպքում: Արդեն երեւում է, որ ետնաբեմում գտնվողների նպատակը ոչ թե դասադուլի եւ ցույցերի միջոցով որեւէ կոնկրետ հարցի լուծումն է, այլ մայրաքաղաքում որոշակի լարվածությունը պահելը, ցանկացած պատրվակով փողոցային բողոքների վիճակը վերականգնելը: 
Մի շարք գրանտակեր ակտիվիստներ չեն էլ թաքցնում, որ ուսանողական շարժման հետ որոշակի հույսեր են կապում: Ասել է, թե ցանկանում են ուսանողների ձեռքերով կրակից շագանակներ հանել: Իսկ գրանտակեր «քաղաքացիական հասարակությունից» որեւէ նորմալ բան, երկրի շահով կամ պարզ մարդկային բանականությամբ թելադրած գործելակերպ ակնկալելը ծայրահեղ միամտություն կլինի: Իզուր չէ, որ նրանց կոչում են շպիոնօնիկներ: Եվ հարկ է հիշեցնել, որ հենց այդ կոնտինգենտը 2014-ի օգոստոսին, երբ երկրի հյուսիսում ադրբեջանական դիվերսիաների պատճառով սրվել էր իրավիճակը, Երեւանի կենտրոնում անցկացրել էին «խաղաղության երթ»: Սրանք կոսմոպոլիտներ են, ում համար ազգի եւ հայրենիքի գաղափարներ առհասարակ գոյություն չունեն` ինչպես այն կոսմոպոլիտների մոտ, ովքեր 1920-ին քայքայում էին մեր պատերազմող բանակը ու ի վերջո հասցրին Առաջին հանրապետության կործանմանը: 
... ԳՈՒՄԱՐԱԾ ԱԳՐԵՍԻՎ ՖԵՄԻՆԻԶՄ
Շատերը, դիտելով ուսանողական դասադուլ-երթի տեսանյութերը, զարմանքով հայտնաբերեցին, որ մասնակցում են նաեւ աղջիկները: Բնականաբար, հարց հնչեց` լավ, սրա՞նց էլ են բանակ տանում, որ բողոքում են... 
Եթե վերջին ժամանակներում տեղի ունեցած գործընթացներն անջատ դիտարկենք, ապա մակերեսորեն կարող ենք կարծել, որ պարզապես ի համերաշխություն իրենց տղա դասընկերների են մասնակցում: Սակայն ինչի շուրջ են այժմ սուր հանրային բախումները` «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի եւ ավելի ուշ ծլած այլ հակաընտանեկան նախագծերի, գումարած Արդարադատության նախարարության փորձերը Քրեական օրենսգրքի առանձին հոդվածով «սղացնել» համասեռամոլների իրավունքների պաշտպանությունը: Իսկ այդ ամբողջ օրինաստեղծ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` օրինաքանդ գործունեությունը տեղավորվում է Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների մեջ, որը ոչ այլ ինչ է, քան ագրեսիվ, մարտնչող տոտալիտար ֆեմինիզմ եւ գենդերիզմ: Իսկ ֆեմինիստական հովերով տարված աղջիկներին ամենեւին էլ պետք չէ որպես կողակից ունենալ զինծառայություն անցած, վառոդի հոտին ծանոթ, պատասխանատվություն եւ վճռականություն ունեցող տղամարդ: Փալաս տեսակն իրենք ավելի նախընտրելի են համարում... 
Այնպես որ, այդ ամենը նույն շղթայի տարբեր օղակներն են: Ընտանիքաքանդ նախաձեռնություններ գումարած հակամիլիտարիզմ, պացիֆիզմ, որը մեր երկրի պես իրավիճակում գտնվող ցանկացած երկրի համար մահացու թույն է: Դե, Առողջապահության նախարարության ձեռամբ էլ դեկտեմբերին գործածության դրվող նոր պատվաստանյութը` գարդասիլը, գալիս է պատկերը լրացնելու: Այդ պատվաստանյութի հենց ստեղծողները ժամանակին չեն թաքցրել, որ դա հիմնականում նախատեսված է սանձարձակ սեռական կյանք վարող կանանց` պապիլոմայի վիրուսի ակտիվացումից պաշտպանելու համար: Դե, եթե ընտանիք քանդելու ծրագրերն առաջ տանողներ կան, ապա զարմանալի չէ, որ ենթադրում են, թե այդպիսի պատվաստանյութը պետք կգա: Իսկ հետազոտողների զգուշացումները` ամլություն առաջացնելու ռիսկերի մասին մարտնչող ֆեմինիզմ-գենդերիզմի պարագայում արդեն առաջամարտիկներին ու գաղափարախոսներին հետաքրքիր էլ չէ, առավել եւս, որ նրանց ճյուղերից մեկն է «չայլդ-ֆրի» («երեխաներից ազատ») շարժումն է... 
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ 2018-Ի ԳԱՐՆԱՆԸ
Բայց մի կողմ դնենք ապագա գենդերային դժոխքի սահմռկելի պատկերները եւ անդրադառնանք զուտ քաղաքական գործընթացներին: 
Եվ այսպես, երկրում հեղաշրջում իրականացնելու մասին երազողների ուզածի առաջին բաղադրիչը կա` փողոցում ցույց անող ուսանողներ: Թե ինչ պահանջներով են դա անում, նրանց պահանջածը ողջամիտ մի բան է, թե կատարյալ տխմարություն` բացարձակ կարեւոր չէ, միայն թե ցույց անեն: Ու մտահոգություն է առաջացնում իշխանության առավել քան մեղմ վերաբերմունքը` ինչպես ցույց է տալիս «գունավոր» հեղաշրջումների պատուհասով անցած երկրների փորձը, այդ փափուկ վերաբերմունքը այնուհետ հղի է վատ շարունակությամբ:  
Իսկ «վատ շարունակության» համար զորաշարժի են ենթարկվում բոլորը, առավել եւս` վերջին խորհրդարանական ընտրություններին ջախջախիչ պարտություն կրած եւ ռեւանշի ծարավ ուժերը: Արդեն լուրեր են շրջանառվում, որ իրարից բաժանված Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը պատրաստվում են կրկին միավորվել` «համահայկական ընդվզում» ապահովելու համար: Շատերն են խոսում, որ պետք է մի կողմ դնեն ե՛ւ ամբիցիա, ե՛ւ քաղաքական հայացքների էական տարբերությունը` միայն թե միավորվեն «ռեժիմի դեմ»: Առայժմ դա քմծիծաղ է միայն առաջացնում, քանզի մեր ժողովուրդը չի սիրում պարտված թույլիկներին, բայց լուրջ ցնցումների համար ամենեւին էլ պարտադիր չեն փողոցային մեծ զանգվածներ: Փոքրիկ ագրեսիվ զանգված, գումարած գրոհայիններ (մոտավորապես այն տեսակի, որ 2016-ին գրավեցին ՊՊԾ գունդը), ու ցնցումները պատրաստ են: 
Առաջնորդ ունեն, այն էլ առաջնորդ, որը տեղավորվում է ֆեմինիստական պատկերացումների մեջ: Խոսքը Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի մասին է, ով աղմուկ հանած մի քանի հրապարակային գրառումներից հետո պատրաստվում է ասուլիսի: Արդեն պարզ խոսվում է, որ նա հռչակելու է նոր կուսակցության ստեղծում, եւ անունն էլ են տալիս` «Արդար Հայաստան»: Եվ այդ պատմության վերաբերյալ «դեղնոտ» Politik.am կայքը գրում է հետեւյալը. «Նախկին նախարարի ընտանիքին  մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց, որ թեեւ Սեյրան Օհանյանը դեմ է Ռուզաննա Խաչատրյանի այս քայլին, սակայն տիկինը վճռական է տրամադրված: Նա հայտարարել է, որ ցանկանում է քաղաքական գործիչ դառնալ, եւ որեւէ մեկը չի կարող խոչընդոտել իրեն: Սեյրան Օհանյանը ինչպես նախկինում, այս անգամ եւս փորձել է ետ պահել կնոջը ակտիվ հանրային գործունեությունից, սակայն ապարդյուն: Օհանյանը նեղ շրջապատում ասել է, որ կինը չի ենթարկվում իրեն` համարելով, որ որեւէ մեկն իրավունք չունի միջամտել իր գործերին»: 
Հա, եթե դատենք նաեւ մյուս չափազանց ակտիվ կնոջ` ճղճղան Զարուհի Փոստանջյանի հրապարակային գրառումից, ապա «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդուհին պատրաստվում է Լոս Անջելեսում ինչ-ինչ ակցիաների մեջ ներքաշել տեղի հայությանը: Հիշեցնենք նույն Փոստանջյանի հետ կապված եւս մի դրվագ, որը լրիվ ֆեմինիստական է` Երեւանի ավագանիում այդ կուսակցության կանայք վռնդել են իրենց կուսակից տղամարդկանց, իսկ ՀՀԿ խմբակցության տղամարդկանց էլ պիտակել էին տիպիկ ֆեմինիստական հայհոյանքով` «սեքսիզմ»: 
Դե ինչ, շառից, փորձանքից եւ սրացումներից հեռու` լինեն դրանք աշնանային, ձմեռային, թե գարնանային:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА