ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստաբանն ահազանգում է «Դատական օրենսգրքում» փոփոխությունների վերաբերյալ

09.11.2017 17:10 ԻՐԱՎՈՒՆՔ
Փաստաբանն ահազանգում է «Դատական օրենսգրքում» փոփոխությունների վերաբերյալ

Հայտնի է, որ «Դատական օրենսգրքում» նախատեսվում են փոփոխություններ, ըստ որի, դատարանը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել նաեւ տուգանք` 100 հազար դրամի չափով: Որքանո՞վ է այդ փոփոխությունն ընդունելի եւ կիրառելի, ինչպես նաեւ այս օրերին ամենաշատը քննարկվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծ հետ կապված զրուցեցինք «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության նախագահ, մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով «Դատական օրենսգրքում» նախատեսվող փոփոխություններին մասնավորապես ընդգծեց.


- Այո, դատական օրենսգրքում եւս նախատեսված է հոդված, ըստ որի, օրենքն իրավունք է վերապահում գործը նախագահող դատավորին՝ սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ: Օրենքի առումով գուցե դա կարելի է դիտել իրավաչափ, բայց կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում այդ օրենքը կիրառելը դիտում եմ վտանգավոր հետեւյալ պատճառաբանությամբ: Բոլորին է հայտնի, որ արդարություն իրականացնող մարմինները` ներպետական դատարանները որոշակի գործերով, մասնավորապես` քաղաքականացված գործերով կաշկանդված են: Մինչդեռ, երբ դատական իշխանություն ներկայացնող մարմինը` նախագահող դատավորը, կաշկանդված է արդարություն իրականացման հարցում, նրա համար պաշտպանյալի կամ վստահորդի շահերը ներկայացնող փաստաբանը մեծ խոչընդոտ է ներկայացնում: Ավելին` ՀՀ-ում նման օրենք կիրառելը չի բխում արդարադատության շահերից: Հաշվի առնելով, որ նախագահող դատավորը ինքը կաշկանդված լինելով իր գործողությունների մեջ, կարող է ամեն կերպ փորձել խոչընդոտել փաստաբանի օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանը եւ կիրառել նախատեսված սանկցիան: Ուստի ՀՀ-ի այսօրվա դատական իշխանության պայմաններում վերոհիշյալ օրենքը համարում եմ  ժամանակավրեպ եւ բավականին վտանգավոր:

Հ.Գ. Հայտնի փաստաբանի հետ մեր զրույցի առավել ուշագավ հատվածները կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА