ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ տնտեսությունում կան բազմաթիվ խնդիրներ, լավ բյուջե չի կարող լինել»

08.11.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Երբ տնտեսությունում կան բազմաթիվ խնդիրներ, լավ բյուջե չի կարող լինել»

Խորհրդարանում կայացան 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները` ոլորտ առ ոլորտ: Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն` առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայում միջինը 5-տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու համար: Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը կնվազեցվի 1 տոկոսային կետով, իսկ որոշ ուղղություններով նախատեսվում է ծախսերի կտրուկ նվազում, քանի որ 2017-ի վերջին պետական պարտքը կկազմի 6.7 մլրդ դոլար: Այդուհանդերձ, թե որքանո՞վ է իրատեսական եւ խոստումնալից գալիք տարվա բյուջեի նախագիծը, «Իրավունքը» պարզեց տնտեսագետների տեսակետները:

«ՏՂԵ՛ՐՔ ՋԱՆ, ԷՍ 20 ՏԱՐԻ Է ԱՆԿԱՅՈՒՆ ԲՅՈՒՋԵ՞ ԷԻՔ ՍՏԵՂԾՈՒՄ»

ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ, ԿԸՀ նախկին ղեկավար, տ.գ.թ. ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԻ կարծիքով` դեռ ոչ մի կառավարություն ոչ իրատեսական բյուջե չի ներկայացրել. «Ուղղակի, խնդիրը հետեւյալն է: Բյուջեն, լինելով թիվ մեկ ծրագիրը, ի՞նչ խնդիրներ է դնում իր առաջ, եւ այս տիպի բյուջեով ինչպե՞ս պետք է լուծվեն դրանք: Եթե խնդիրը «յոլա գնալն» է, այլ հարց է: Բայց ասում են, որ կայուն երաշխիքների ստեղծման բյուջե է, եւ այստեղ հարց է առաջանում` տղե՛րք ջան, էս 20 տարի է անկայուն բյուջե՞ էիք ստեղծում: Ընդհանրապես` բյուջեի նախագծերի ներկայացման այս պրակտիկան իրեն սպառել է»:

Իսկ ԵՊՀ Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տ.գ.թ, դոցենտ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ գնահատմամբ` ավելի լավ կլիներ, որ հասարակությունը հետեւողական լիներ պետական բյուջեի միջոցների ծախսման թափանցիկության նկատմամբ. «Այսօր մեր հասարակությունն ավելի շատ հետաքրքրված է, թե ոլորտներին տրամադրվող գումարն ավելացե՞լ է, թե` ոչ: Սակայն քչերն են խոսում այն մասին, թե արդյոք տրամադրվող գումարը տեղ հասնո՞ւմ է, թե` ոչ»:

«ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ»

Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից  հրապարակված 2018 թվականին պետական բյուջեի ծախսերին ու եկամուտներին` Կ.Խաչատրյանը դրանք համեմատեց ընթացիկ տարվա պետական բյուջեի հետ. «Ստացվում է, որ  եկամուտների մասով կա մոտ 97 մլրդ, իսկ ծախսերի` 104 մլրդ դրամի ավելացում, ընթացիկ տարվա համեմատ պակասորդը կավելանա 7 մլրդ դրամով: Եկամուտների 95-96 տոկոսն ապահովելու է ներքին եկամուտների հաշվին: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա այստեղ եւս արմատական փոփոխություններ չկան, պահպանվել են միեւնույն համամասնությունները, ինչ ընթացիկ տարում»: 

Այնուամենայնիվ, Կ. Խաչատրյանը բյուջեում շոշափելի փոփոխություններ է նկատել երկու հոդվածում` տնտեսական հարաբերություններին եւ պաշտպանության ոլորտին տրամադրվող ծախսերի առումով. «Առաջինն աճել է մոտ 55 մլրդ դրամով: Սա այն ծախսերն են, որոնք կառավարությունը ուղղում է ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես միջավայրի աշխուժացմանը եւ այլն: Իսկ պաշտպանության ոլորտում մոտ 37 մլրդ դրամի ծախսերի ավելացում է նախատեսվում»: Տնտեսագետը նաեւ ընդգծեց, որ առողջապահության ոլորտին տրամադրվող ծախսերը շուրջ 5,6 մլրդ դրամով նախատեսվում է նվազեցնել, ինչպես նաեւ կրթության ոլորտում` 1,8 մլրդ դրամով, իսկ շրջակա միջավայրի պահպանման եւ բնակարանաշինությանը 4 մլրդ դրամի ավելացում է նախատեսված` յուրաքանչյուր ոլորտի համար: 

«5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԷԼ ՀԱՐՑՆԵՔ, ԿԱՍԻ, ՈՐ ԽՆԴԻՐԸ ԱՐՏԱԳԱՂԹՆ Է» 

Խոսելով բյուջեում առկա թվերի մասին` տնտեսագետ Բ.Ասատրյանն էլ հետեւյալի վրա ուշադրություն հրավիրեց. «Պաշտպանություն ոլորտում ունենք ծախսերի էական ավելացում, պետական պարտքի սպասարկում... Այսինքն` բյուջե ձեւավորողներն այս իրողությունների առաջ են կանգնած, գումարած դրան էլ՝ տնտեսական վիճակը: Եվ այն, որ բյուջեով կրճատվել են սոցիալական եւ առողջապահության ոլորտի ծախսերը, դրա հետեւանքն է: Իսկ ի՞նչն է մեր հիմնական խնդիրը. ում էլ հարցնեք, անգամ 5-րդ դասարանցի ՀՀ քաղաքացին, կասի, որ խնդիրն արտագաղթն է: Մինչդեռ բյուջեում ոչ մի տող չկա գրված, որն ուղղված է այս խնդրի կարգավորմանը, անգամ այդ մտահոգությունը չկա: Հաջորդաբար, եթե թվարկենք այն խնդիրները, որոնց հետ մեր երկիրը, մեր տնտեսությունը բախվել է` մենաշնորհներ, կոռուպցիա, սոցիալական խայտառակ վատ վիճակ եւ այլն, ապա կարելի է միանշանակ ասել, որ բյուջեն ուղղակի չի ներդաշնակեցված այն իրողության հետ, որի առաջ կանգնած ենք»:

Այս ամենի հետ մեկտեղ, տնտեսագետը դրական է համարում պետական ապարատի աշխատակիցների կրճատումը. «Ունենք գերուռճացված պետական ապարատ, եւ ինչքան կրճատվի այն, ավելի լավ կլինի: Հայաստանի համար մեծ շռայլություն է այսպիսի ապարատ պահելը, օրինակ` 15-16 նախարարություն ունենալը»:

Ի վերջո, համարե՞լ, որ կառավարությունն արդյունավետ Է կառավարում բյուջեն, թե` ոչ, Կ. Խաչատրյանը եզրափակելով թեման` շեշտեց, որ բյուջեն արտացոլում է տնտեսությունում տիրող իրավիճակը. «Երբ տնտեսությունում կան բազմաթիվ խնդիրներ, լավ բյուջե չի կարող լինել, եւ հակառակը: Այսինքն` բյուջեն տնտեսության արտացոլանքն է: Եթե բյուջեում բացեր ենք տեսում, ապա այն հետեւանք է տնտեսական հարաբերություններում առկա խնդիրների»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА