ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այլընտրանք չկա` ատոմակայանը պետք է աշխատի. տնտեսագետ

08.11.2017 18:29 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այլընտրանք չկա` ատոմակայանը պետք է աշխատի. տնտեսագետ

Շարունակվում են Մեծամորի ատոմակայանի փակման հետ կապված խոսակցությունները: Ըստ շրջանառվող լուրերի, նոյեմբերին նախատեսված Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո պետք է փակվի Մեծամորի ատոմակայանը: Բազմաթիվ տնտեսագետների եւ գիտնականների կարծիքով` ատոմակայանի փակումը կարող է լուրջ վտանգի առջեւ կանգնեցնել Հայաստանի էներգետիկ ոլորտը, որոշների կարծիքով էլ` ժամանակն է, որ ատոմակայանին փոխարինի այլընտրանքային էներգետիկան: Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցման շուրջ եղած խոսակցություններին, ապա այս դեպքում եւս հնչում են իրարամերժ կարծիքներ:

«Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ» կենտրոնի ղեկավար, տնտեսագետ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ խոսքով` Մեծամորի ատոմակայանն աշխատում է եւ նախատեսված է աշխատեցնել մինչեւ 2026 -27 թվականները. «Չնայած, այս ատոմակայանը պետք է փակվեր դեռեւս 2006 թվականին, քանի որ դրա մետաղական ռեսուրսը 30 տարի է: Եթե երկրորդ էներգաբլոկի մասով նայենք, ապա այն պետք է փակվեր 2010 թվականին: Բոլոր դեպքերում ատոմակայանի շահագործումը երկարաձգվել է, ներդրվել են մեծածավալ ռեսուրսներ, այսօր էլ 270 մլն դոլարի վարկով, որը տրամադրել է Ռուսաստանը, նախատեսված է բարձրացնել տեխնիկական անվտանգության եւ վերազինման մակարդակը: Ատոմակայանն այսօր աշխատում է բավականին ծանրաբեռնված եւ ստեղծում է արդյունք, պարզապես այդ արդյունքի մի մասը, որպես ռեզերվ, պետք է կուտակել եւ այն դարձնել նոր էներգաբլոկի  կամ նոր ատոմակայանի ձեւավորման գործոն: Այսինքն, որոշ մասով հնարավոր է սակագնային ճնշում, եւ սա պետք է հասարակությունն ու երկիրը որոշի գնո՞ւմ է այդ քայլին, թե` ոչ: Հայաստանը միջուկային երկիր է, ըստ էության, քայլ է անում աշխարհի առաջատար միջուկային տերությունների հետ իր կրթական, մասնագիտական, ինժեներական եւ այլ մասերով: Հետեւաբար, համոզված եմ, որ ատոմակայանը, հատկապես այս տարածաշրջանում, դիրքավորման լավագույն ռեսուրսն է: Այդուհանդերձ, 2020 թվականին ռեսուրսներ լինելուն պես պետք է ձեռնամուխ լինել նոր ատոմակայանի կառուցմանը: Այլընտրանք չկա, այն փաստարկները, որ ջերմա կամ հիդրոէներգետիկան կարող են փոխել այլընտրանքային էներգիային, չեմ կիսում այդ կարծիքները: Դրանք պետք է լինեն, քանի որ ավելի ճկուն ու մրցակցային են դարձնում էներգետիկ համակարգը, բարձրացնում է էներգետիկայի անվտանգության մակարդակը, բայց միջուկային համակարգ, մշակույթ ունեցող երկիրը չպետք է հրաժարվի դրանից»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց տնտեսագետը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА