ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԴԻՐՔԱՎՈՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵՍՈՒՐՍՆ Է» 

08.11.2017 20:15 ԹԵՄԱ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԴԻՐՔԱՎՈՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵՍՈՒՐՍՆ Է» 

Շարունակվում են Մեծամորի ատոմակայանի փակման հետ կապված խոսակցությունները: Ըստ շրջանառվող լուրերի, նոյեմբերին նախատեսված Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո պետք է փակվի Մեծամորի ատոմակայանը: Բազմաթիվ տնտեսագետների եւ գիտնականների կարծիքով` ատոմակայանի փակումը կարող է լուրջ վտանգի առջեւ կանգնեցնել Հայաստանի էներգետիկ ոլորտը, որոշների կարծիքով էլ` ժամանակն է, որ ատոմակայանին փոխարինի այլընտրանքային էներգետիկան: Ինչ վերաբերում է նոր ատոմկայանի կառուցման շուրջ եղած խոսակցություններին, ապա այս դեպքում եւս հնչում են իրարամերժ կարծիքներ:
Որքանո՞վ է իրատեսական նոր ատոմակայանի կառուցումը, եւ արդյո՞ք Հայաստանը պետք է հրաժարվի հին ատոմակայանից: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
«Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ» կենտրոնի ղեկավար, տնտեսագետ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ խոսքով` Մեծամորի ատոմակայանն աշխատում է եւ նախատեսված է աշխատեցնել մինչեւ 2026 -27 թվականները. «Չնայած, այս ատոմակայանը պետք է փակվեր դեռեւս 2006 թվականին, քանի որ դրա մետաղական ռեսուրսը 30 տարի է: Եթե երկրորդ էներգաբլոկի մասով նայենք, ապա այն պետք է փակվեր 2010 թվականին: Բոլոր դեպքերում ատոմակայանի շահագործումը երկարաձգվել է, ներդրվել են մեծածավալ ռեսուրսներ, այսօր էլ 270 մլն դոլարի վարկով, որը տրամադրել է Ռուսաստանը, նախատեսված է բարձրացնել տեխնիկական անվտանգության եւ վերազինման մակարդակը: Ատոմակայանն այսօր աշխատում է բավականին ծանրաբեռնված եւ ստեղծում է արդյունք, պարզապես այդ արդյունքի մի մասը, որպես ռեզերվ, պետք է կուտակել եւ այն դարձնել նոր էներգաբլոկի  կամ նոր ատոմակայանի ձեւավորման գործոն: Այսինքն, որոշ մասով հնարավոր է սակագնային ճնշում, եւ սա պետք է հասարակությունն ու երկիրը որոշի գնո՞ւմ է այդ քայլին, թե` ոչ: Հայաստանը միջուկային երկիր է, ըստ էության, քայլ է անում աշխարհի առաջատար միջուկային տերությունների հետ իր կրթական, մասնագիտական, ինժեներական եւ այլ մասերով: Հետեւաբար, համոզված եմ, որ ատոմակայանը, հատկապես այս տարածաշրջանում, դիրքավորման լավագույն ռեսուրսն է: Այդուհանդերձ, 2020 թվականին ռեսուրսներ լինելուն պես պետք է ձեռնամուխ լինել նոր ատոմակայանի կառուցմանը: Այլընտրանք չկա, այն փաստարկները, որ ջերմա կամ հիդրոէներգետիկան կարող են փոխել այլընտրանքային էներգիային, չեմ կիսում այդ կարծիքները: Դրանք պետք է լինեն, քանի որ ավելի ճկուն ու մրցակցային են դարձնում էներգետիկ համակարգը, բարձրացնում է էներգետիկայի անվտանգության մակարդակը, բայց միջուկային համակարգ, մշակույթ ունեցող երկիրը չպետք է հրաժարվի դրանից»:
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ խոսքով, եթե ատոմակայանի շահագործումը ձեռնտու չլիներ Հայաստանին, ապա այն վաղուց փակել էին. «Եթե դրսից ներդրումներ լինեն, ապա հնարավոր կլինի նոր ատոմակայան կառուցել: Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ կպահանջվի երեւի 5-6 տարի, այսինքն` ավելի քիչ ժամանակ, քան այս ատոմակայնն է կառուցվել: Ատոմակայանի փակումն ընդհանրապես ձեռնտու չէ մեր երկրին»:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով` այս պահին Հայաստանը չունի բավարար ռեսուրսներ նոր ատոմակայան կառուցելու համար, ռեսուրսները բավարարում են միայն եղածն օգտագործելու համար. «Ասել եմ, այժմ էլ կրկնում եմ, որ նոր ատոմակայանի կառուցման համար մեզանից կպահանջվի ոչ միայն երկար տարիներ, այլեւ բավականաչափ մեծ ռեսուրսներ: Առանց ներդրումների ու աջակցության մենք ի վիճակի չենք նոր ատոմակայան կառուցել: Այդ պատճառով էլ առայժմ պետք է շահագործենք հինը, որը մեզ համար էներգետիկ անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА