ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ովքեր գոռում էին, թե ՌԴ-ին ենք նվիրել մեր իրավունքները, թող լուրջ մոտենան ՀՀ-ԵՄ համաձայնագրին»

08.11.2017 18:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ովքեր գոռում էին, թե ՌԴ-ին ենք նվիրել մեր իրավունքները, թող լուրջ մոտենան ՀՀ-ԵՄ համաձայնագրին»

Բրյուսելում նոյեմբերի 24-ին կստորագրվի՞ Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համաձայնագիրը, թե` ոչ, դժվար է կանխատեսել, բայց մի բան միանշանակ է` այս հարցում հանրության տեսակետը հաշվի չի առնվել: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ապա ընդգծեց, որ համաձայնագրի փաստաթղթում թաքնված վտանգներ է տեսնում, որոնք մի քանիսն են:

«ԱՅՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՐԻՐ ՉԵՆ ՄԵՐ ԿԵՆՍԱԿԵՐՊԻՆ, ՉՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆՎԵՆ»

– Բացի նրանից, որ այս համաձայնագրով մենք պարտավորություններ ենք վերցնում, ես չեմ տեսնում որեւէ լուրջ պարտավորություն Եվրամիության կողմից: Սա նշանակում է, որ պարզապես պարտավորություն ենք ստանձնում, հատկապես` մեր օրենսդրությունը բացարձակ համապատասխանեցնելու նրանց որոշումներին, առավել եւս` կատարել նրանց հանձնարարությունները: Ես դրան իհարկե դեմ եմ եւ բազմիցս այդ մասին բարձրաձայնել եմ: Յուվենալ արդարադատության եւ նման այլ օրենքները, որոնք հարիր չեն մեր կենսակերպին, չպետք է ընդունվեն: Ուզում է Եվրոպա լինի, ով ուզում է լինի, պետք է ինքնուրույն կարողանանք այդ հարցերը կարգավորել: Չնայած իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե իբր չկա այդպիսի խնդիր, բայց համաձայնագրում կան նաեւ տնտեսական ոլորտին վերաբերող մտահոգիչ հարցեր: Ռազմական առումով` նաեւ մեզ թելադրում են, որ պետք է որոշակի պարտավորություններ կատարենք, իսկ իրենք որեւէ այդպիսի պարտավորություն չեն իրականացնելու: Այնպես որ, բազմաթիվ են փաստաթղթում առկա խնդիրները, եւ ամենագլխավորն այն է, որ մեզ իրավունք էլ չեն տալիս` փոխելու կամ խմբագրելու որոշ հոդվածներ: Եվրամիությունն ասում է` կա՛մ-կա՛մ, այսինքն` կա՛մ դուք ամբողջովին եք ստորագրում համաձայնագիրը, կա՛մ չեք ստորագրում: Ուստի` այս պայմաններում, գտնում եմ, որ պետք է դնել որոշակի հարցեր հանրաքվեի` պարզելու հանրության կարծիքը այդ կարեւորագույն, սկզբունքային հարցերի վերաբերյալ:

«ԱՅԴ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՂ ԵՆ ՏԱԼԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»

– Պարոն Սարգսյան, այսինքն` մտավախություն կա, որ մեր օրենսդիրները ուղղակիորեն կվերածվեն եվրոպական օրենսդրության թարգմանիչների՞:

– Առաջին հերթին խնդիրն այն է, որ մենք որոշակի մեր սուվերենությունը, իրավունքները տալիս ենք նրանց: Այս փաստաթղթի, այսպես կոչված, ջատագովները, ովքեր գոռում էին, թե Ռուսաստանի Դաշնությանն ենք նվիրել մեր իրավունքները, թող լուրջ մոտենան նաեւ այս հարցին: Մենք Ռուսաստանին չենք տվել որեւիցե սուվերեն իրավունք, բայց նաեւ պայմանագիր ունենք, որով հանդես ենք գալիս մեր սեփական, պետական շահերից: Այնպես որ, կարծում եմ` այստեղ հարցը շատ հստակ պետք է դրվի` նախ հարցնել հասարակությանը, հետո նոր որոշումներ կայացնել:

– Ի դեպ, հենց այս օրերին շրջանառության մեջ դրվեց ընտանեկան բռնության մասին հակաընտանեկան օրենքի նախագիծը եւ նաեւ քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որի 197-րդ հոդվածը «կանաչ լույս է վառում» համասեռամոլների համար: Շատ անգամ նշվեց, թե այս նախագծերը ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ առնչություն չունեն, Ձեր գնահատմամբ` այստեղ կա՞ որեւէ պատճառահետեւանքային կապ:

– Միանշանակ կա, եւ այն ոչ թե պատճառահետեւանքային կապ է, այլ` պարտադրանք, որ պետք է ընդունենք: Այդ շահագրգռվածությունը հենց այնպես չէ, այդ օրենքներն ընդունելու համար փող են տալիս կառավարությանը: Կոնկրետ մենք գիտենք այդ մասին, որովհետեւ նման օրենքների հետ կապված հենց պետական պաշտոնյան է հայտարարում, որ իրենք դրա համար փող են ստացել: Հետեւաբար, այն, որ այստեղ պարտադրանք կա, որեւէ կասկած լինել չի կարող:

«ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ՀԱՐՑՆ Է»

– ՀՀ-ԵՄ համաձայնագրում անդրադարձ կա ատոմակայանի լինել-չլինելուն: Ինչո՞վ բավարար չէր ՄԱԳԱՏԷ-ի (միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որն աշխատում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության ուղղությամբ) հետ համագործակցությունը, որ հույսներս դրել ենք «Եվրոատոմի» (ատոմային էներգիայի եվրոպական կազմակերպություն) վրա: 

– Ատոմակայանի խնդիրը բացառապես մեր ներքին հարցն է, եւ մենք առաջինը պետք է շահագրգիռ լինենք, որպեսզի մեր ատոմակայանն անվտանգ աշխատի, քանի որ այն մեր եւ մեր քաղաքացիների առողջությանն է վերաբերում: Պետք է ինքներս արզաբանենք` անհրաժե՞շտ է մեզ այդ ատոմակայանը, թե` ոչ, ինչն առանձին քննարկման հարց է: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչով փոխարինել ատոմակայանը, ինչի վերաբերյալ ակնարկ կա համաձայնագրում, կարծում եմ` պետք է միանշանակ փոխարինել նոր ատոմակայանով, որը կլինի շատ ավելի ժամանակակից եւ անվտանգ: Վերադառնալով Ձեր հարցին` նշեմ, որ ՄԱԳԱՏԷ-ն այն կառույցն է, որը տալիս է կամ չի տալիս իրավունք` օգտագործելու ատոմակայանները: Եթե այն համապատասխան թույլտվություն տվել է, ուրեմն` նշանակում է, որ մեր ատոմակայանը բավականին անվտանգ օբյեկտ է: Կարծում եմ` այստեղ միայն ու միայն Հայաստանի կառավարությունն իր ժողովրդի հետ միասին պետք է որոշի` աշխատելո՞ւ է ատոմակայանը մինչեւ 2026 թվականը, թե` ոչ:

«ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է»

– Այդուհանդերձ, տպավորություն է, որ հանրությունը խիստ անտարբեր է ՀՀ-ԵՄ համաձայնագրի նկատմամբ: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված` փաստաթղթի լրջությո՞ւնը չեն գիտակցում, թե վիզային ռեժիմի ազատականացման երազանքներով են տարված:

– Մարդկանց բացահայտ անտարբերությունը հասկանալի է, որովհետեւ  ընդհանրապես հույս չունեն, որ ինչ-որ մի հարցի, որոշման վերաբերյալ այս իշխանությունները կարող է իրենց արձագանքեն, լսեն եւ իրականացնեն: Ո՞ր մի լուրջ հարցն է, հատկապես հանքարդյունաբերության հետ կապված, այդքան բողոքներից հետո` իշխանությունն ընդառաջ գնացել մեր պահանջներին, ո՛չ մի: Ամեն ինչ հասկանալի է, մարդկանց բանի տեղ չեն դնում, դրա համար էլ այդպես է: Տարբեր կուսակցություններ, այդ թվում` նաեւ մեր կուսակցությունը բազմաթիվ անգամ ներկայացրել է իր առաջարկները, մինչդեռ ինչպես ժողովուրդն է ասում` ձայն բարբառո անապատի: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА