ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սկեսուրներն ու զոքանչները կբերվեն հարկային դաշտ

08.11.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սկեսուրներն ու զոքանչները կբերվեն հարկային դաշտ

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծին` այն Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար: Առաջարկվող օրենսդրական փոփոխության համաձայն, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող կինը` մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ պարզաբանեց, որ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող կինը, անցնելով աշխատանքի, կարող է որպես գործատու աշխատանքի վերցնել դայակի. «Իսկ այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը, որը կորոշի գործատուն, բայց ոչ ավելին քան նվազագույն աշխատավարձի չափով, կփոխհատուցի պետությունը»: 

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ էլ կատակեց. «Այս օրենքը ոչ թե մայրերին օգնելու, այլ դայակներին հարկային դաշտ բերելու համար է»: Նախարարն էլ ի պատասխան՝ սրտնեղեց. «Ինչո՞ւ չեք ասում, որ ստեղծվում են աշխատատեղեր»: Չուշացավ նաեւ Ն. Փաշինյանի արձագանքը. «Փաստորեն, այս օրենքով գործազրկության հարց էլ եք լուծում, մի փամփուշտով 25 նապաստակ եք կրակում»: 

Ի դեպ, ըստ էության, 25 նապաստակների թվում են նաեւ մինչ այսօր անվճար իրենց թոռներին պահող զոքանչներն ու սկեսուրները, որոնք կարող են աշխատանքի անցնել աղջկա կամ հարսի մոտ` որպես դայակ, եւ աշխատավարձ ստանալ պետությունից: Սա նաեւ չհերքեց նախարար Ա. Ասատրյանը «Իրավունքի» հետ զրույցում. «Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիր կնքելու առումով եթե սահմանափակումներ կան, ապա այդքանով կարող է խնդիր առաջանալ, բայց լրացուցիչ սահմանափակում չի կարող լինել, որեւէ խնդիր չկա»: 

Դե ինչ, welcome Եվրոպա, հեռու չէ այն օրը, երբ կանայք կաշխատեն, իսկ տղամարդիկ, որպես դայակ, կմնան տանը կնոջ ու պետության տված աշխատավարձի հաշվին: Կարծում եք` չափազանցությո՞ւն է, ամենեւին, առնվազն միջազգային փորձը հակառակն է փաստում: Հիշեք, Եվրոպայում բնակվող ձեր բարեկամներին, որոնք հայկական «շուստրիությամբ» տան աշխատող ու խնամակալ են գրանցում իրենց իսկ ամուսիններին եւ երեխաներին: Նաեւ քիչ չեն պնդումները, թե այս տիպի սոցծախսերի հաշվին, նույնիսկ հեռու ամերիկաներում, ինչ մեծ գումարներ են գրպանվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА