ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ասել, թե վիզային ռեժիմի ազատականացումը կլինի շուտով, դեռ վաղ է»

08.11.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ասել, թե վիզային ռեժիմի ազատականացումը կլինի շուտով, դեռ վաղ է»

Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համաձայնագիրը կստորագրվի, թե` ոչ, պարզ կլինի ընդամենը երկու շաբաթ անց` նոյեմբերի 24-ին, բայց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ կարծում է, որ հավանականությունը բավական մեծ է, որ այն Բրյուսելում կստորագրվի: Միեւնույն ժամանակ, քաղաքագետը նաեւ հիշեցնում է, որ քաղաքականության մեջ երբեք չեն ասում` երբեք եւ կարող է վերջին պահին ինչ-որ բան չհասցնեն, ինչի մասին նշեց «Իրավունքի» հետ զրույցում:

– Համաձայնագիրը պատրաստ է եւ, ինչպես գիտեք, այն համաձայնեցված է ու քաղաքական բարդություններ, ընդհանուր առմամբ` այդտեղ չկան: Կարծում եմ`  նոյեմբերի 24-ին տարբեր պատճառներով կարող է չստորագրվել համաձայնագիրը, բայց ասել, որ այն ընդհանրապես չի ստորագրվի, ինձ համար դժվար է պատկերացնել: Այն խնդիրները, որոնք տեխնիկական էին` կապված տեքստի թարգմանության հետ եւ այլն, լուծված են: Եվ առնվազն մամուլի հրապարակումներին հետեւելով` կարելի է եզրակացնել, որ համաձայնագիրը ընդունելի է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Եվրոպայի համար: Այսինքն` մեծ հաշվով ամեն ինչ պարզ է:

– Պարոն Իսկանդարյան, այս համաձայնագրից, որպես արդյունք, Հայաստանն ակնկալում էր, որ հաջորդ քայլը կլինի վիզային ռեժիմի ազատականացումը, մինչդեռ եվրապաշտոնյաները պնդում են, որ մեկը մյուսի հետ կապ չունի: Ի՞նչ կասեք այս մասին:

– Քաղաքականապես այս երկու հարցերն իրար հետ առնչություն ունեն: Թեպետ, եվրոպացի չինովնիկներն ասում են, որ այդպես չէ, բայց իրականում կապ կա դրանց միջեւ, եւ վիզային ռեժիմի ազատականացման  շուրջ բանակցությունների մեկնարկի մասին կարող է հայտարարվել հենց Բրյուսելում, եթե համաձայնագիրը ստորագրվի: Իհարկե, սա ամենալավատեսական տարբերակն է, բայց եթե անգամ այդպես չլինի, այդ բանակցություններն անպայման կսկսվեն եւ, ամենայն հավանականությամբ, կտեւեն նվազագույնը 3-4 տարի: Այդտեղ կան ոչ միայն տեխնիկական, այլեւ քաղաքական բաղադրիչներ, եւ Հայաստանը պետք է ընդունի մի քանի օրենքներ: Այնպես որ, ասել, թե վիզային ռեժիմի ազատականացումը կլինի շուտով, դեռ վաղ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА