ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.11.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք թութակի մասին հին անեկդոտը` որ մի քաղաքացու թութակ ամեն անգամ թաղային ոստիկանին անվանում էր է՛լ կաշառակեր, է՛լ սրիկա մենթ, է՛լ... Ու ոստիկանն ամեն անգամ տուգանում էր թութակատիրոջը: Եվ երբ քաղաքացին թութակների փոխանակում արեց տերտերի հետ, ոստիկանը սովորականի պես եկավ իր տուգանքի հետեւից, բայց թութակից ոչ մի ձայն չլսեց: Ու ի վերջո, սկսեց հիշեցնել` մոռացե՞լ ես, ես այն սրիկա մենթն եմ, կաշառակերը... Եվ թութակն արտաբերում է` «վերջապես խոստովանեցի՞ր մեղքերդ, որդյակս»: Այդ անեկդոտը հիշեցինք առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ` կայքերից մեկին տված հարցազրույցն ընթերցելիս: Այսպես, նա խոստովանեց, որ հեռանալու ցանկություն չունի եւ. «Եթե նման ցանկություն ունենայի, արդեն գնացած կլինեի, այդպիսի ցանկություն չկա, ընդհակառակը` վարչապետի ասած «դռայվը» միայն ավելանում է: Ախորժակը գալիս է ուտելու ժամանակ... բայց դա չի նշանակում, որ ես ինչ-որ բան ուտում եմ»: Իսկ պատասխանելով այն հարցին, որ իր մոտեցումները հիմնահատակ քայքայում են տարիների ընթացքում ստեղծված համակարգը, զարմանալիորեն խոստովանում է. «Իհարկե պետք է քայքայեն, ոնց կարող է չքայքայեն...»: Դե ինչ, կառավարության որոշ անդամներ ժողովրդին լիուլի ապահովում են զվարճալիքով: Այ, եթե հացով էլ ապահովեին, հիանալի կլիներ:
Իսկ զինծառայության տարկետումը վերացնելու դեմ բողոքող ԴԱՍԱԴՈՒԼԱՎՈՐ ուսանողները ոչ ավել-ոչ պակաս վերջնագրային տոնով պահանջում են հանդիպում` միանգամից երկու նախարարի հետ` պաշտպանության եւ կրթության: Իսկ թե ինչ զարմանալի բան տեղի ունեցավ հետո` տեղեկանում ենք ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից. «Ցավալի է, բայց այսօր «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին: Չնայած այն հանգամանքին, որ այլ բուհերի ուսխորհուրդներից հրավիրվել էին երկու ներկայացուցիչներ, իսկ իրենց խմբից համաձայնեցինք ընդունել չորս ներկայացուցչի, նրանք, միեւնույնն է, երկար մտածելուց հետո հրաժարվեցին»: Ինչ ասես, այդպիսի հակասական վարքագծով դասադուլավորները նմանվեցին «ուզում եմ, չեմ ուզում» խաղը խաղացող քմահաճ մանուկներին:
Օրերս մարդ-կուսակցություն Միքայել Հայրապետյանը հայտարարեց. «Հայաստանն ա՛յն ժամանակ կդառնա Եվրոպա, երբ մենք դառնանք եվրոպացի»: Իսկ մի 20 տարի առաջ, երբ նա դեռ քաղաքականության փոխարեն զբաղվում էր լրագրությամբ, հրաշալի հոդված էր գրել «Հեռու փախեք փրկիչներից» վերնագրով: Եվ այդ հին հոդվածը զարմանալի ճշգրտությամբ նկարագրում է այն, ինչը բարեհաճեց հայտարարել ԱԺ նախկին փոխնախագահ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ. «Վաղուց անցել է ժամանակը, երբ պետք է ընտրություն կատարեինք, թե ով է մեզ դուր գալիս, կամ ով դուր չի գալիս սկզբունքով կամ քաղաքական հայացքներից ելնելով: Եկել է ժամանակը, որ բոլոր մանր-մունր հավակնությունները, քաղաքական տարաձայնությունները թողնենք մի կողմ եւ զբաղվենք երկիրը ռեժիմից փրկելու գործով»: Էլի հերթական փրկիչը, գրողը տանի... Ախր հասկացեք վերջապես, ո՛չ փրկվելու ցանկություն ունենք, ո՛չ էլ` փրկչի կարիք:
Մեզ անչափ զարմացրեց ասպարեզից վաղուց անհետացած կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ, ում շատ է մտահոգել հետեւյալը. «Լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտված Բերմուդյան կղզիների օֆշորային սկանդալի պատճառով Թրամփի վարչախմբի միանգամից վեց անդամ հայտնվել են պաշտոնազրկության կամ հրաժարական տալու սպառնալիքի տակ»: Երկար թվարկում անելով նա եզրակացնում է. «Թրամփի վարչախումբը ծանրագույն ճգնաժամ է ապրում եւ փաստորեն կաթվածահար է եղել: Սա, բնականաբար, մեծ վտանգներ է պարունակում համաշխարհային կայունությանը, քանի որ հենց նման անտերության պայմաններում սովորաբար սկսվում են վաղուց պատրաստվող արկածախնդրությունները, ընդհուպ մինչեւ պատերազմներ»: Այստեղ զարմանալին այն է, որ ԱՄՆ-ի մասին երկար դատողություններ անելով նա այդպես էլ ոչ մի անգամ չհիշատակեց ռուսներին, մինչդեռ սովորաբար անգամ երկու տողանոց տեքստում հաջողացնում էր ռուսներին հիշել ամենավերջին հիշոցներով: Տեսնես ի՞նչ է պատահել Խզմալյանին, կյանքում հո՞ մի բան թարս չի:
  
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА