ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԹԵՄԱՆ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԳԵՐԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ Է

08.11.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ԹԵՄԱՆ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԳԵՐԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ Է

Այսպիսով՝ ամերիկյան եւս մեկ նահանգ՝ Ինդիանան, նույնպես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Արդյունքում, Ինդիանան դարձավ  Ցեղասպանությունը ճանաչած 48-րդ նահանգը: 
5 ԱՄՍՈՒՄ 3 ՆԱՀԱՆԳ ՃԱՆԱՉԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Դեռ օգոստոսի վերջերին էր, որ ամերիկյան 47-րդ նահանգը՝ Այովան, ճանաչել էր Ցեղասպանությունը, եւ երբ գրեթե անմիջապես նրան միացավ Ինդիանան, դա ոչ միայն ուրախացնող է, այլ նաեւ՝ շատ ուշագրավ: Սակայն նախ նկատենք, որ եթե եւս երկուսը՝ Ալաբաման եւ Միսիսիպին միանան այդ ցանկին, ապա ամերիկյան բոլոր՝ 50 նահանգների կողմից էլ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի, որից հետո ամերիկյան կենտրոնական իշխանությունները, մեղմ ասած, տգեղ վիճակում իրենք իրենց կդնեն՝ պետության կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նորից արհեստականորեն ձգձգելու համար:
Այլ հարց է, թե արդյո՞ք Վաշինգտոնի համար եւս ճանաչումը քաղաքական տեսանկյունից չի դառնում օրակարգային: Այն, որ վերջին երկու ամսում երկու, իսկ տարվա ընթացքում արդեն երրորդ նահանգն է ¥Տեխասն այդ ցանկին միացավ մայիսի վերջերին¤ իրար հետեւից ճանաչում Ցեղասպանությունը, միգուցեեւ զուգադիպություն էր, կամ, ասենք, Տեխասի օրինակը վարակիչ դարձավ Այովայի համար, իսկ նրանը՝ Ինդիանայի: Բայց նաեւ շատ էլ հնարավոր է, որ այստեղ ոչ մի պատահականություն էլ չկա: Համենայնդեպս՝ փաստն այն է, որ ԱՄն-ի եւ Թուրքիայի հարաբերություններն այն աստիճան են վատացել, որ Անկարան մինչեւ իսկ ձերբակալում էր երկրում գործող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչների, եւ երկու երկրները փոխադարձաբար դադարեցնում են վիզաների տրամադրումը: Ճիշտ է, այդ խնդիրը կարծես թե հաջողվեց հարթել: Բայց դրանով հանդերձ էլ՝ մեկ բան ակնհայտ է. ԱՄՆ-ն համառորեն փորձում է վերականգնել Թուրքիայի նկատմամբ երբեմնի անվերապահ վերահսկողությունը, սակայն Թուրքիան, այն էլ՝ տեսանելի հաջողությամբ դիմադրում է: Եվ այդ համատեքստում՝ չմոռանանք, որ Ցեղասպանության թեման միշտ էլ Վաշինգտոնի համար ¥եւ ոչ միայն¤ հանդիսացել է Անկարային հնազանդության մեջ պահելու առանցքային գործիքներից մեկը: Հետեւաբար այն, որ Թրամփի կառավարման այս կարճ ժամանակահատվածում իրար հետեւից ամերիկյան երեք նահանգ ճանաչեցին Ցեղասպանությունը, կդժվարանանք պատահականություն համարել: Շատ ավելի նման է նրան, որ Վաշինգտոնը «փոքր դոզաներով»՝ նահանգների մակարդակով կիրառում է այդ մահակը: Այլ հարց,որ այդ «փոքր դոզաները», բժշկական տերմինաբանությամբ ասած, պացիենտի մոտ ոչ թե իմունիտետ են ձեւավորում, այլ գնալով մտահոգությունը պետք է որ ավելանա: Նկատի ունենք, որ իրավիճակը վերջին փուլում է, երբ գործին նաեւ խառնվում  են «ամբողջական դոզային» հասնելուն նպաստող  որոշ կողմնակի գործոններ: Օրինակ՝ Ալաբամայի եւ Միսիսիպիի համար հաճելի՞ է մյուս 48 նահանգներից առանձնանալը: Կամ, Թրամփի համար ճնշիչ մեխանիզմ կդառնա, եթե վերջին երկու նահանգն էլ ճանաչեն ու դրանով՝ Ցեղասպանության հարցով Սպիտակ տան մանեւրելու հնարավորությունը նկատելիորեն սահմանափակեն: Այսինքն, եթե հիմա Վաշինգտոնը դեռ ունի «փոքր դոզաներով» Թուրքիայի վրա ազդելու այդ գործիքը, 50-րդ նահանգից հետո կունենա այն ընդամենը մեկ անգամ կիրառելու հնարավորություն, միաժամանակ այդ հարցում հայտնվելով ցայտնոտային վիճակում. կարծես թե անգամ նախադեպը չկա, երբ որեւէ հարցի վերաբերյալ բոլոր նահանգները կողմ են արտահայտվել, իսկ կենտրոնական կառավարությունը՝ երկար ժամանակահատվածով դեմ գնա դրան: Եվ նկատենք, որ ԱՄՆ-ում հաստատ կգտնվեն ուժեր, որոնք կցանկանան Թրամփի նկատմամբ եւս մեկ ճնշումային օջախ ստեղծեն:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿԳՆԱ՞ ԱՌԱՋ
Ուստիեւ չբացառենք, որ Սպիտակ տունը նախընտրի ինքնակամ մինչեւ վերջ գնալ Ցեղասպանության հարցով: Ի վերջո, հասկանալի  է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները հազիվ թե վերադառնան երբեմնի կարգավիճակին: Ավելին, տարածաշրջանային իրավիճակը, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում ռուս-իրանական կայուն եւ ամուր բեւեռի գործնական ձեւավորման փաստը հուշում է, որ անգամ ցանկության դեպքում ԱՄՆ-ի հետ երբեմնի հարաբերություններին վերադառնալ Անկարան հնարավոր է որ չկարողանա: Դա հուշեց նաեւ ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու պատմությունը. չնայած հերոսական կեցվածքին, Էրդողանն ի վերջո վազեց Մոսկվա՝ ներողություն խնդրելու:
Մի խոսքով, կարծես թե աստիճանաբար վերանում է այն ստիմուլը, որից ելնելով՝ Վաշինգտոնը համառորեն տորպեդահարում էր Ցեղասպանության ճանաչման հարցը: Ասենք, Թրամփի պաշտոնավարման ոչ լրիվ տարվա ընթացքում երեք նահանգի կողմից Ցեղասպանության ճանաչումն ու այդ հարցում եզրափակիչ փուլ մտնելու փաստն արդեն իսկ հուշում է, որ Սպիտակ տունը, եթե անգամ չի նպաստել, ապա՝ չի էլ խանգարել այդ գործընթացին: Եվ նկատենք, որ տարածաշրջանում ու Ցեղասպանության հարցով նոր մոտեցումների մասին ակնարկ էր զգացվում նաեւ ԱՄՆ փոխնախագահ Փենսիրի վերջերս արած հայտարարությունից, որտեղ նա խոսելով տարածաշրջանի քրիստոնյաների կողքին լինելու անհրաժեշտությունից, նաեւ ընդգծեց, թե Քրիստոնեության տարածման հիմնական օջախներից է համարում Հայկական լեռնաշխարհը: Ստացվում է, որ ԱՄՆ փոխնախագահն ակնարկում է, թե այդ լեռնաշխարհը հայկական էր՝ այնտեղ թուրքերի հայտնվելուց շատ ու շատ ավելի առաջ, նաեւ, որ այն ժամանակից Թուրքիա է դարձել հենց Ցեղասպանության արդյունքում:
Բնականաբար՝ Անկարային հազիվ թե այս բոլոր զարգացումները չմտահոգի: Հասկանալի է՝ Թուրքիան Ցեղասպանությունը կհերքի, եթե անգամ ԱՄՆ-ն այն ճանաչի: Սակայն դժվար չէ կռահել, որ ԱՄՆ-ից հետո ճանաչման գործընթացը շատ ավելի լայն թափ կստանա: Օրինակ՝ հազիվ թե պատահական էր, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իսրայել կատարած պաշտոնական այցի ¥ինչն արդեն իսկ ուշագրավ փաստ է¤ շրջանակներում, նաեւ այդ երկրի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը չշրջանցվեց: Մի խոսքով այն, որ ԱՄՆ-ի կողմից ճանաչումը շրջադարձային կետ կլինի, ու հետագա ընթացքն էլ՝ չգիտես մինչեւ ուր կհասցնի, թերեւս Անկարայում նոր չէ, որ պետք է գիտակցեն: Այդ թվում նաեւ, որ իրենց համար այդ իրավիճակից լավագույն ելքը եղել եւ մնում է Հայաստանի հետ լեզու գտնելը, որի միակ ճանապարհն անցնում է Արցախով:
ԷՐԴՈՂԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՇՏԱՊԵԼ
Այն, որ հազիվ Բաքվից՝ Բաքու-Թբիլիսի-Կարս ¥ԲԹԿ¤ երկաթուղու գործարկման արարողությունից վերադառնալով, Էրդողանը խոսեց Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպումից, իր տրամաբանությունն ունի. ԲԹԿ-ն, ինչքան որ  Հայաստանը, թերեւս էլ ավելի վտանգավոր չափով՝ նաեւ Ռուսաստանը շրջանցող ծրագիր է: Այսինքն, եթե քաղաքական լուծումներ չլինեն, հաստատ նոր ռուս-թուրքական մեծ հակամարտությունից խուսափել չի լինի: Բայց նաեւ պատահական չէր, որ Պուտինի հետ հանդիպման թեմաների հետ կապված Էրդողանը նաեւ ընդգծեց ղարաբաղյան հարցը: Ընդ որում, նաեւ հայտարարելով՝ եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, այն շատ հեշտությամբ կլուծվի: Պուտինի դիրքորոշումը չափազանց կարեւոր է այս հարցում:
Այս ի՞նչ է, Էրդողանը սկսել է այսքան շտապե՞լ Ղարաբաղի հարցով: Բայց եթե հարցի լուծումը նա կապում  է բացառապես ՌԴ-ի հետ, ապա չմոռանանք, որ ինչպես Մինսկի խմբի համանախագահի դերում, այնպես էլ՝ որպես ինքնուրույն խաղացող, Մոսկվան մշտապես արտահայտվել է փոխզիջումային տարբերակի օգտին՝ հայտնի սկզբունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից ելնելով: Անկարան, ընդհակառակը, մշտապես խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից: Այսինքն, երբ Էրդողանը հարցի լուծումը կապում է Պուտինի հետ, պետք է նաեւ գիտակցի, որ Մոսկվան լուծման իր տրամաբանությունն ունի եւ այդ կերպ էլ վարվելու է: Այսինքն, Էրդողանն ակնարկում է, որ դեմ չէ՞ Մոսկվայի լուծման տարբերակին: Ավելին, եթե նա այս մասին հայտարարում է Բաքվից վերադառնալուն պես, որտեղ հազիվ թե Ալիեւի հետ թեման քննարկած չլինի, կարո՞ղ ենք մտածել, որ այդ առաջարկը նաեւ Բաքվի տեսակետն է: համենայնդեպս, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը գրեթե անմիջապես իր հերթին հայտարարեց, թե Լավրովի հետ քննարկել է Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Այսինքն՝ իր հերթի՞ն է լուծումներ ակնկալում Մոսկվայից:
Այս ամենի հետ մեկտեղ նկատենք նաեւ, որ պաշտոնական Երեւանը դեռ սպասողականորեն է արտահայտվում մինչեւ իսկ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին: Դրանում որոշակի տրամաբանություն կա. սպասվում է, որ  ամսվա կեսերին, այսինքն՝ գրեթե Էրդողանի հետ միաժամանակ կկայանա նաեւ ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումը: Դա նշանակում է, որ թվարկված զարգացումները պետք է քննարկվեն նաեւ Սարգսյան-Պուտին ձեւաչափով, որից հետո միայն Երեւանն իր դիրքորոշումը կձեւակերպի:  Այսինքն, գալիք  շաբաթ պետք է որ որոշակի նորություններ լինեն, թեեւ դրանց բացակայությունը եւս ինչ-որ բաներ կհուշի:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА