ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿՈՏՈՇՆԵՐՆ ՈՒ ՍՄԲԱԿՆԵՐԸ

08.11.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿՈՏՈՇՆԵՐՆ ՈՒ ՍՄԲԱԿՆԵՐԸ

Նախ` ցիտենք, բայց ոչ թե մարքսիզմ-լենինզմի դասականներին, այլ` մեծն Նիկոլ Փաշինյանին.«Համապատասխան աշխատողը կարող է նկատել մի գլուխ խոշոր եղջերավոր անասունի առկայությունը գոմում, կամ չնկատել: Դա ընտրություն է ընտրությունից առաջ: Եթե դու ուզում ես` քո կովին նկատեն, դու ընտրում ես ընդդիմությանը, իսկ եթե ուզում ես քո կովին չնկատեն, քվեարկում ես իշխանության օգտին: Հետեւաբար մարդիկ շատ դեպքերում ընտրում են ոչ թե քաղաքական ուժերին, այլ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների միջեւ»: 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՔԱՂԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերը հիշատակված հանճարեղագույն միտքը հայոց դեմոկրատիայի հայր, մտքի գիգանտ Փաշինյանը հնչեցրել էր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ: «Ելք» խմբակցության ղեկավարը դա ասել էր այն ենթատեքստով, թե` տեսեք-տեսեք ցանկացած սոցիալական աջակցություն ընտրություններին ցանկալի արդյունք ապահովելու միջոց է, եւ իշխանությունն այնքան վատն է, որ միտումնավոր ոչինչ չի անում աղքատության հաղթահարման համար, որպեսզի միշտ ունենա հարմար ընտրազանգված: 
Իսկ թե ինչու հենց այժմ պարոն Փաշինյանը առաջ քաշեց «վատ» ընտրությունների հարցը, նույնպես գաղտնիք չէ: «Արտը խախուտ, մահանան կարկուտ» սկզբունքով, նույն «Ելքը» չմասնակցեց կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: Ըստ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի. «Ընդդիմությունը մտածում է` ինչո՞ւ մասնակցել ընտրություններին եւ ներդնել միջոցներ, եթե արդյունք չի ունենալու: Որովհետեւ քաղաքական ուժի` ընտրություններին մասնակցելու շարժառիթն իր նպատակին հասնելն է: Դու պետք է հաշվի առնես` եթե գումար ես ծախսում, պլակատներ ես տպում, ԶԼՄ-ների ես հրավիրում եւ այլն, պետք է ինչ-որ արդյունք ակնկալես: Բայց արժի՞ ծախսել, եթե արդյունք չես ստանալու»:
Միաժամանակ նաեւ քաղտեխնոլոգը շեշտում է ընդդիմադիրների` մինչ այդ պարապության մատնվելու հանգամանքը. «Քաղաքական ուժը չպետք է ակտիվանա ընտրությունից ընտրություն: Պետք է 5 տարվա ընթացքում քաղաքական մարքետինգ իրականանցնել, պատրաստվել, որ հնարավոր լինի արդյունք գրավել, ու ոչ թե մասնակցել համայնքային ընտրության ու մեծ ակնկալիքներ ունենալ: ՏԻՄ ընտրությունն ընդամենը քաղաքական շղթայի մի օղակն է, սակայն եթե դուք նախորդ տարիներին որեւէ քաղաքական ակտիվություն չեք ունեցել, ինչո՞ւ մասնակցել հիմա»: Տարիների ընթացքում տեղերում մշտական աշխատանք տանելը ցանկացած քաղաքական ուժի գործն է` լինի այն իշխանական, թե` ընդդիմադիր: Հենց այդ պատճառով, օրինակ, ԱԺ ընտրություններին «Ելքից» զգալիորեն համեստ արդյունք արձանագրած ՀՅԴ-ն Շիրակի մարզում այս ՏԻՄ ընտրություններին լավ էլ հաջողություն ունեցավ: Դե, իսկ «Ելքին» մնում է սեփական անգործությունն արդարացնել չարանենգ իշխանությունների սարսափելի դավերով... Բայց հակաընտանեկան օրենքների փաթեթի հարցում այդ նույն «վատ» իշխանությունը ներկայացնող արդարադատության նախարարի հետ գրկախառնվում են եւ մտքներով իսկ չի անցնում ընդդիմանալ: Նույն գրկախառնությունները կտեսնենք եւ առաջիկայում, արդեն նաեւ սոցապ նախարարի հետ, քանզի սույն նախարարությունը հակաընտանեկան բլոկի լրացուցիչ օրինագծեր է դրել շրջանառության մեջ: 
ԳԵՆԴԵՐՆԵՐ, ՊԱՑԻՖԻՍՏՆԵՐ ԵՎ ԱՅԼՔ
«Հեղափոխական» նոյեմբերի 7-ին էլ ուսանողության մի մասը որոշեց, որ պակաս հեղափոխական չեն, համ էլ ձեռի հետ այնքան ուսման ծարավ գերազանցիկ են, որ զինծառայությունից բուհական տարկետման վերացումը ահավոր խանգարում է գիտնական դառնալուն: Եվ սկսեցին դասադուլ` պահանջելով պաշտպանության եւ կրթության նախարարներից իրենց չզրկել այդ թանկագին տարկետումից: Դե պարզ է, որ որպես մահանա, պետք է ներկայացնեն «գիտության ծարավը», թեեւ լավ էլ գիտեն, որ բուհական դիպլոմը ստանալուց հետո շատ հավանական է դառնան «դիվան քշող»: Հո չեն խոստովանելու, որ իրական ուզածները զինծառայությունից խուսափելն է: 
Իհարկե, բոլորին անխտիր դասալիքի հոգեբանություն կրող անվանել չի կարելի, քանզի ուսանողական միջավայրում ինչքան ասես «հենց այնպես» միացողներ կան նույն դասադուլային շարժմանը: Առավել եւս, որ հեղափոխական ավյունի ավելցուկը պարպելու տեղ են փնտրում: Իսկ առավել հեշտ է խրոխտ պահանջներ դնել նախարարների առաջ, քան` սեփական կաշառակեր դասախոսների հախից գալ: 
Ինչ վերաբերում է կողքից «շիրա տվողներին» եւ «դամ քաշողներին», ովքեր հույսեր ունեն` ուսանողության ձեռքերով քաղաքական խնդիրներ լուծելու, ապա այդտեղ, բացի կոսմոպոլիտ ընդդիմադիրներից, նաեւ գրանտակեր «քաղաքացիական հասարակության» հույժ յուրահատուկ հատվածի ականջներն են երեւում: Ուստի, մեջբերում կատարենք ագրեսիվ ֆեմինիստուհի, ԼԳԲՏ ակտիվիստ Աննա Նիկողոսյանի, կներեք արտահայտության համար, «ուսումնասիրությունից», որը նույնպես ուղղված է Վիգեն Սարգսյանի բանակային բարեփոխումների դեմ. «Ազգ-բանակ» խոսույթի իմպերատիվը ենթադրում է կնոջ եւ տղամարդու միություն, որն ամրագրված է ամուսնությամբ եւ երեխաների առկայությամբ, երեխաներ, որոնք ցանկալի է լինեն տղաներ, որպեսզի ծառայեն բանակում, ուղարկվեն առաջնագիծ եւ աշխատեցնեն իշխանության պարագլուխների գրպանները լցնող մսաղացը: Բայց արի ու տես, որ նույնասեռ, բիսեքսուալ եւ քուիր կանայք միլիտարիստական այս ռազմավարության մեջ չեն տեղավորվում, նրանք չեն դիտվում որպես «ազգին զինվոր բերող» վերարտադրողական մեքենաներ»: Ահա եւ շարունակությունը. «Մի իրականությունում, ինչպիսին Հայաստանն է, ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ ոչ հետերոնորմատիվ սեռականություն ունեցող կանայք հայրիշխանական եւ միլիտարիստական արժեհամակարգով վերից վար սնուցված պետությունից»: 
Համատեղության կարգով ե՛ւ համասեռամոլներին, ե՛ւ հակաընտանեկան օրենքները պաշտպանող սույն տիկինը շատ վառ ցույց է տալիս «ազգ-բանակ» հայեցակարգի դեմ հանդես եկող պացիֆիզմի, տարբեր ԼԳԲՏ-ների եւ ընտանիք քանդողների սերտ անքակտելի կապը: Ու դասադուլ անող ուսանողներից շատերին դժվար թե հաճելի կլինի իմանալ, թե ակամա ում ջրաղացին են ջուր լցրել: 
Իսկ արդյո՞ք այդ նույն դասադուլի կազմակերպմանը անմասն են ուսխորհուրդները, որոնք գլխավորում են ամենեւին էլ ոչ ընդդիմադիր երիտասարդները` դա, ինչպես ասվում էր հին ժամանակներում, կպարզեն «իրավասու մարմինները»: 
ԸՆՏԱՆԻՔԱՔԱՆԴՆԵՐ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք
Սակայն շարունակենք քաղաքական կենդանաբանության թեման: Այն անշուշտ, չի սահմանափակվում Նիկոլ Փաշինյանի հիշատակած խոշոր եւ մանր եղջերավորներով: Այսպես, նույն «Ելք» խմբակցության պատգամավորուհի Լենա Նազարյանը մաքուր բոլշեւիկյան չարությամբ եւ անհանդուրժողականությամբ ընտանեկան բռնության աղբյուր որակեց մեր ազգային ավանդույթները: Ընթերցողին չենք ծանրաբեռնի սրտխառնուք առաջացնող այդ ձեւակերպումների մեջբերումով, այլ ընդամենը կհիշատակենք, որ գործադիր մարմիններում էլ առկա են ոչ պակաս մոլի ընտանիքաքանդներ, քան նույն Լենա Նազարյանը: Եվ բացի Արդարադատության նախարարությունից, նախարար Դավիթ Հարությունյանով եւ Լոնդոնում ընտանիքաքանդ կուրսեր անցած փոխնախարար Վիգեն Քոչարյանով, հիմա նույն գործին միացել է եւ Սոցապնախարարությունը: Հենց «հեղափոխական» նոյեմբերի 7-ին, համապատասխան պաշտոնական կայքում ծլեցին երկու օրինագիծ` «Երեխայի իրավունքների մասին» եւ «ՀՀ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծեր: 
Դրանցից առաջինը ավելի ճիշտ կլիներ կոչել օրենք երեխաների դաստիարակությունը բացառելու մասին, իսկ երկրորդը` օրենք ծնողներից խլված երեխաներով ապաստարանները լցնելու մասին: 
Այսպիսով, պաշտոնական շրջանառության մեջ արդեն առկա է ընտանիքաքանդության ամբողջ գործիքակազմը, գումարած համասեռամոլների պաշտպանության նախագիծ, ու այդ ամենը անքակտելի կապված է եւ հակաբանակային գործընթացների հետ: Քաղկենդանաբանության ամբողջ գազանանոցը առկա է` իր ընդդիմադիր, գրանտակեր եւ չինովնիկական բաղադրիչներով հանդերձ: 
Բայց, խոշոր հաշվով, ի՞նչ գործ ունեն կոտոշավորներն ու սմբակավորները քաղաքական դաշտում առհասարակ: Նրանց տեղը ախոռն է: 


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА