ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ վերջնականապես կփլուզվի Եվրամիության տնտեսությունը»

07.11.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ վերջնականապես կփլուզվի Եվրամիության տնտեսությունը»

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կայացած 30-րդ նիստի շրջանակներում Երեւանում էր ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, Դոնի ամենազոր զորքի ատաման ՎԻԿՏՈՐ ՎՈԴՈԼԱՑԿԻՆ: Նրա հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Արցախյան եւ Ղրիմի հիմնախնդրի մասին` նախեւառաջ հետաքրքրվելով, թե արդյոք նույն իրավիճակը չէ Արցախում, ինչպիսին Ղրիմում էր: Սակայն, Վ. Վոդոլացկին Արցախն ու Ղրիմը միեւնույն հարթությունում դիտարկելու վերաբերյալ հարցը հնարավորինս շրջանցեց` միայն ընդգծելով, որ դրանք տարբերվում են էությամբ եւ ծագմամբ: Ապա առանձին-առանձին անդրադարձավ Ղրիմին եւ Արցախին:

«ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ»

– Շատ հարյուրամյակներ Ղրիմը եղել է Ռուսաստանի կայսրության կազմում` մինչեւ Նիկիտա Խրուշչովը, որը ծագումով ուկրաինացի էր, որոշեց այն նվիրել Ուկրաինային: Իսկ Խորհրդային Միության փլուզմանը հաջորդող իրադարձությունների ժամանակ ուկրաինական իշխանությունները Ղրիմի բնակչության հետ վարվում էին ոչ թե երկրորդ, այլ երրորդ սորտի մարդկանց պես: Ամեն տարի ես Ղրիմում կազակների հետ անցկացնում էի միջազգային ֆորում` կազակական մշակույթի մասին, որպեսզի Ղրիմի բնակչությունը տեսներ, որ Ռուսաստանն իրենց չի լքել, որ մենք իրենց օգնում ենք, ինչպես սեւծովյան նավատորմը օգնեց Սեւաստապոլին, որի մասին շատերը գիտեն մի շարք երգերից, եւ այն համարվում է ռուս նավաստիների հպարտությունը: Ինչեւէ, 2014 թվականին Ղրիմի բնակչությունը տեսավ, որ իրենց մոտ կարող է պատերազմ սկսվել, որովհետեւ Արեւմտյան Ուկրաինայի նեոֆաշիստական զինյալները արդեն պատրաստ էին մտնել Ղրիմ  եւ սպանել ոչ թե Ղրիմի բնակիչներին, այլ հենց ռուսներին, որովհետեւ այնտեղ 90 տոկոսը  հենց ծագումով ռուսներ են: Դրա համար էլ օպերատիվ հանրաքվե անցկացրեցինք, որի ժամանակ էլ բնակչության 100 տոկոսը կողմ քվեարկեց Ռուսաստանի Դաշնությանը միանալուն: Իհարկե, այսօր տեսնում ենք, որ Արեւմուտքում քաղաքական գործիչներն առաջնորդվում են երկակի ստանդարտներով, եւ Կոսովոն շատ երկրների կողմից ճանաչվել է, այդ թվում` ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, իսկ Ղրիմը շարունակում է մնալ նյարդայնացնող սանկցիաների տակ: Չնայած այդ սանկցիաների շնորհիվ աշխուժացավ Ռուսաստանի ներքին տնտեսությունը, ինչի համար «շնորհակալություն» եմ հայտնում նրանց, ովքեր հորինել են դրանք:

«ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՅՍՔԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉՏԵՍԱՆՔ ՈՉ ՄԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ»

– Պարոն Վոդոլացկի, Ղրիմն ինչ-որ առումով լուծեց իր խնդիրը, իսկ ինչպե՞ս եք տեսնում Արցախյան հիմնախնդրի լուծումը:

– Ինչ վերաբերում է Արցախյան կոնֆլիկտին, արդեն մի տարի չէ, որ այն ձգվում է, այլ երկար տարիների պատմություն ունի: Մենք ձեզ հետ միասին գիտենք, որ այս հարցի լուծումը այլ հարթության վրա է գտվում, քան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներն են, որոնք տեղի են ունենում եվրոպական տարածքներում: ԼՂ հիմնախնդրի հարցում այսքան տարիների ընթացքում չտեսանք ոչ մի առաջխաղացում, միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի անդամ է նաեւ Ռուսաստանը, նախորդ տարվա ապրիլին կարողացավ դադարեցնել ռազմական գործողությունները: Մեզ համար այսօր ամենագլխավորն այն է, որ մարդիկ, որոնք ապրում են ԼՂ տարածքում, խաղաղ կյանք վարեն, երեխաներ ունենան, կարողանան զարգացնել իրենց ներքին տնտեսությունը, եւ այնտեղ ռումբեր չպայթեն, փամփուշտները չկրակեն: Իսկ լուծման ճանապարհը, երեւի թե, շուտ չի գտնվի: Մի քանի սերունդ պետք է փոխվի, որպեսզի հայերի ընտանիքները կարողանան մոռանալ իրենց զավակներին, որոնք զոհվել են պատերազմում: Երբ կա թափված արյուն, երբ հասկանում ես, որ երեխադ զոհվել է` հանուն խաղաղության, սա անհնար է մոռանալ: Իսկ Արցախը դարձել է հենց այդ ռազմական բախումների էպիկենտրոնը: 

«ՊԵՏՔ Է ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԵՐԵԽԱՆԵՐ ԾՆԵՆ` ԱՌԱՆՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՊԱՏԱՀԻ»

– Փաստորեն, հայ ժողովուրդը դատապարտված է զրկված մնալ խաղաղ ապրելու իրավունքից, մինչդեռ Ղրիմի բնակչությունը վերականգնեց իր այդ իրավունքը…

– Եթե նայենք Հայոց պատմությունը ե՛ւ ցեղասպանությունը, ե՛ւ բազմաթիվ այլ հարցեր, կապված են եղել հայ ժողովրդի գոյության պայքարի եւ ապրելու իրավունքի հետ: Դրա համար մեր հարաբերությունները հիմա դասավորվում են այլ ուղիով, այսօր միացյալ զորախումբ ստեղծելու մասին հայ-ռուսական համաձայնագիր կա ստորագրված, որը գործելու է հատուկ դեպքերի ժամանակ, եւ այն կապված չէ ՀԱՊԿ-ի հետ: Այնպես որ, այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգությունը պահպանվում է երկկողմ համաձայնագրով, որտեղ յուրաքանչյուր կողմ պարտավոր է գալ օգնության, եթե ինչ-որ բան տեղի ունենա: Ուստի` կարծում եմ` պետք է հայ կանայք երեխաներ ծնեն` առանց վախենալու, որ, Աստված մի արասցե, ինչ-որ բան կպատահի, որովհետեւ մենք այստեղ ենք, ձեզ հետ ենք, ինչպես ժամանակին մեր նախնիներն էին միասին: Ինչ-որ ժամանակ իմ կազակ նախնիներն են եկել պաշտպանելու այս հողը եւ հիմա էլ ես եմ եկել` որպես ՌԴ խորհրդարանի ներկայացուցիչ, հայ-ռուսական միջխորհրդարանական խմբի անդամ, որպեսզի այստեղ, առանց իրար վրա սուր քաշելու, առանց զենքեր բաժանելու, կարողանանք ձեւավորել խաղաղ միջավայր: Եվ ամեն անգամ, երբ այստեղ բարձրացվում է Արցախի խնդիրը, մշտապես ասում ենք, որ պատրաստ ենք հայ-ռուսական ամեն տեսակ փաստաթուղթ ստորագրել` միայն թե այստեղ լինի խաղաղություն եւ համաձայնություն, իսկ մնացածն Աստծո ձեռքերում է:

«ԿԼԻՆԻ ՄԻ ՆՈՐ 1945 ԹՎԱԿԱՆ, ԵՎ ԻՐԵՆՑ ՊԱՏԻԺԸ ԿՍՏԱՆԱՆ ՆԵՈՖԱՇԻՍՏՆԵՐԸ»

– Ի դեպ, ինչպես Եվրամիության հետ ասոցացված Ուկրաինան, այնպես էլ Ադրբեջանը, ունեն «սեւ ցուցակներ». նրանք, ովքեր այցելում են Ղրիմ, հայտնվում են ուկրաինական «սեւ ցուցակում», իսկ նրանք, ովքեր այցելում են Արցախ, հայտնվում են ադրբեջանական «սեւ ցուցակում»: Արդյոք սա մարդու իրավունքների խախտում չէ, ինչի մասին հաճախ հենց  Եվրոպան է բարձրաձայնում:

– Ձեր առաջ կանգնած է մի մարդ, որը բոլոր «սեւ ցուցակներում» կա: Ես պերսոնա նոն գրատա եմ բոլոր երկրներում, որովհետեւ եղել եմ Ղրիմում 2014 թվականին, օգնել եմ Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետության բնակիչներին, որովհետեւ չէի կարող նրանց մենակ թողնել, ինչպես Դուք մենակ չեք թողնում Արցախին: Այնտեղ իմ կազակ եղբայրներն էին, որոնց չէի կարող թողնել մի շարք ֆաշիստական, արեւմտյան գումարտակների առաջ, որոնք եկել էին Լուգանսկ եւ Դոնեցկ` սպանելու երեխաներին եւ ծերերին: Այնպես որ, Եվրոպայի քաղաքականությունն է այդպիսին` նրանք, ովքեր պաշտպանում են ծերերին եւ երեխաներին, համալրում են այդ «սեւ ցուցակները»: Իսկ նրանք, ովքեր եկել են զենքերով եւ նոր ցեղասպանություն, նոր ֆաշիզմ են իրականացնում Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի գլխավորությամբ` աջակցություն են ստանում ողջ Եվրոպայի կողմից: Սա էլ է Արեւմուտքի երկակի ստանդարտների մասին խոսում: Բայց վստահ եմ, որ կլինի մի նոր 1945 թվական, եւ իրենց պատիժը կստանան նեոֆաշիստները: 

«ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵՆՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԵՐ ԱՐԺՈՒՅԹԸ, ՈՐՊԵՍԶԻ ԱՄՆ-Ն ՍՆԱՆԿԱՆԱ»

– Այսինքն` առաջադեմ հանրությունը, միզազգային կառույցները չե՞ն կարող վերացնել այդ «սեւ ցուցակները», որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում:

– Ոչ մի կերպ, խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ վերջնականապես կփլուզվի Եվրամիության տնտեսությունը, եւ մենք էլ կհասկանաք, որ ԱՄՆ-ն, որը «դոլար» անունով դատարկ, գունավոր թղթեր է շաղ տալիս, ոչ մի բանով ապահովագրված չէ: Ի վերջո, պետք է ընդունենք, որ մենք` ձեզ հետ միասին, գնելով դոլար, պահպանում ենք այդ տնտեսությունը եւ դոլար տպող մեքենային ու կախվածության մեջ մնում նրանցից: Պետք է ստեղծենք Եվրասիական մեր արժույթը, որպեսզի ԱՄՆ-ն սնանկանա, որովհետեւ այն ներքին գաղափարախոսություն չունի, այնտեղ միայն էմիգրանտներ են, իսկ ԱՄՆ-ն իր ներքին փլուզումը հետաձգում է արտաքին զորքերի միջոցով: Երբ այդ ամենը ավարտվի եւ ամերիկյան նահանգներից ամեն մեկը մի կողմ գնա, ԱՄՆ-ն կդադարի գոյություն ունենալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА