ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.11.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Սա արդեն ոչ միայն զարմանալի է, այլեւ այն դեպքն է, որի մասին ասվում է` իջեք, հասել ենք: «Ելք» խմբակցության անդամ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ հանդես է եկել բացարձակ հակաընտանեկան հռչակագրով. «Եթե փորձենք վերլուծել ընտանեկան բռնության պատճառները, ապա կտեսնենք, որ դրանց հիմքում հենց այն հետադիմական, քարանձավային ու մարդու իրավունքների հետ ոչ մի կապ չունեցող ազգային ավանդույթներն ու սովորույթներ են, որոնք սնում են գենդերային կարծրատիպերը, բռնության մշակույթը եւ տղամարդու չհակակշռված իշխանությունը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում»:  Տվյալ դեպքում տեղին է ոչ թե քննարկել նրա հայտարարության` ամբողջովին հակազգային բովանդակությունը, այլ հարց բարձրացնել` ի՞նչն է սխալ մեր քաղաքական համակարգում, որ ծայրահեղ հակազգային հայացքների կրողը կարողանում է դառնալ ԱԺ պատգամավորի մանդատի տեր: Եվ հրատապ խնդիր է` մինչեւ հաջորդ ընտրությունները մշակել մեխանիզմ, որը կբացառի այդպիսի պատգամավորներ ունենալու հնարավորությունն ընդհանրապես:
Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա` Մոսկվայում կրկին ձերբակալվել է հարուստ հայրիկի սանձարձակ դուստր ՄԱՌԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Հուլիսին նրան արդեն ճանապարհային երթեւեկության կոպտագույն խախտումների համար դատապարտել էին 595 ժամյա պարտադիր աշխատանքների, որից 200 ժամ աշխատելուց հետո հիմա էլ որոշել է, որ իրեն կարելի է առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա քշել, եւ դրա համար, բնականաբար, պատժամիջոցներն ավելանալու են: Հետաքրքիր է, դեռ ինչքան պետք է պատժվի այդ, ցավոք սրտի, հայկական ազգանուն կրող կերպարը, որպեսզի դադարեցնի իր խայտառակ սանձարձակությունները: Եվ կապ չունի, թե որ երկրում են դրանք տեղի ունենում...
Վերջապես կրթության եւ գիտության նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ բարեհաճեց մտահոգվել այն խնդրով, որ բնագիտական եւ տեխնոլոգիական առարկաները բարձրագույն կրթության համակարգում կաղում են. «Եթե բարձրագույն կրթությունը չենք կարգավորում, բարձրագույն կրթությունից դեպի գիտություն կապը չենք տալիս, հույս ունենալ` լուրջ խնդիրներ լուծելու, չենք կարող: Պետք է հասկանանք, թե գիտության որ ուղղություններն են մեզ համար առաջնային, այստեղից էլ պետք է հասկանալ` ինչպես ենք պատկերացնում երկրի ապագան: Գյումրիում մենք ունենք 4000 ուսանող, որոնցից 2000-ը սովորում են մանկավարժական համալսարանում, այնտեղի մնացած 5 հաստատություններից 3-ը մի շենքի մեջ են տեղակայված` ամեն տեղ կա 100 ուսանող»: Նախարարը նաեւ խոստովանեց. «Համալսարանի ներսում պետք է ֆեոդալական կառուցվածքը փոխել»: Լավ, եթե համալսարանական կառուցվածքը ֆեոդալական է, ապա, գրողը տանի, ինչո՞վ էր զբաղված նույն Լեւոն Մկրտչյանը` այդ նույն նախարարական պաշտոնը նախորդ անգամները քանիցս զբաղեցնելիս: Մի՞թե նոր բացվեցին նրա աչքերը եւ նա տեսավ «ֆեոդալական կառուցվածքը»:
Աչքներս լույս, ԱՄՆ Ohio State University՚s Wexner Medical Center համալսարանական բուժկենտրոնի գիտնականները փորկապության դեմ պարզ ՄԻՋՈՑ են գտել: Զարմանալի է, բայց փաստ` նրանց գտած միջոցը ոչ թե ինչ-որ նոր գերթանկ դեղ է, այլ ընդամենը նրանք մարդկանց առաջարկում են զուգարանակոնքին նստելիս ոտքերի տակ փոքրիկ նստարան դնել: Եվ այդ հասարակ միջոցին հանգելու համար նրանք անցկացրել են բավականին երկարատեւ հետազոտություն, փորձարկումներ, որոնց մասնակցել են 52 հոգի, եւ հետեւել են պետքարան այցելելու շուրջ 1000 դեպքերի: Դե ինչ, լավ է, որ ամերիկացիները դեռ ընդունակ են հասարակ միջոցներ հայտնաբերել եւ հերթական խնդիրը լուծելու համար մարդկանց չուղարկել գերնոր, գերթանկ եւ հաստատ որոշ չափով թունավոր դեղամիջոց գնելու: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА