ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

100 ՏԱՐԻ, ՈՐ ՑՆՑԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԸ

07.11.2017 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
100 ՏԱՐԻ, ՈՐ ՑՆՑԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԸ

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը տեղի ունեցով իրադարձությունը, որը շատ էական ու կտրուկ ազդեցություն ունեցավ հետագա պատմության վրա: Ոմանք այն կոչեցին «Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն», մյուսները` «Հոկտեմբերյան հեղաշրջում», սակայն անկախ օգտագործած տերմինաբանությունից, այն ցնցեց ամբողջ աշխարհը: Գրող եւ հրապարակախոս Ջոն Ռիդը այդ իրադարձությանը նվիրված իր գիրքը կոչեց «10 օր, որ ցնցեցին աշխարհը»: Սակայն նրա տեսածը սոսկ ականատեսի տեսած էր, իսկ այն, ինչ տեղի ունեցավ ուղիղ 100 տարի առաջ, շատ ավելի էական հետեւանքներ ունեցավ:  
ՄԵԾ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ՄԵԾ ՇԱՆՍԵՐԸ
Իրականում 1917-ի նոյեմբերի 7-ին տեղի ունեցածը նախապատմություն է ունեցել: Ռուսական կայսրությունը ցնցելու ուղղությամբ իրականացված գործողությունները սկսվել էին ավելի վաղ: Շատերն այդ իրադարձությունների նախակարապետն են համարում այն, ինչ տեղի էր ունեցել 1912-ին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ Բ-ի մերձավոր Գրիգորի Ռասպուտինի հետ: Ի դեպ, 1913-ին այն նույն ստվերային ուժերը, որ զորաշարժի ենթարկեցին ռուսական հեղափոխության «ամբոխներին խելագարված», ԱՄՆ նախագահ Վիլսոնին պարտադրեցին ստեղծել, այսպես կոչված, Դաշնային ռեզերվը, որը դարձավ դոլարի` որպես տարադրամ համաշխարհային տիրապետության եւ ԱՄՆ կառավարությունից միանգամայն անկախ լինելու սկիզբը: Նույն ուժերը նաեւ օսմանյան կայսրությունում եղան երիտթուրքական հեղափոխության գաղտնի շարժիչ ուժը, եւ պատահական չէ, որ ինչպես Հայոց ցեղասպանությունն իրականացրած ճիվաղները, այնպես էլ Ռուսաստանի բնակչությունը մեկ քառորդով կրճատած Լեւ Տրոցկին ունեին միեւնույն ֆինանսավորողը կամ ֆինանսական միջնորդը` Պարվուս ազգանունով: 
Ըստ էության, 1917-ի նոյեմբերի 7-ին իրենց հաղթանակը տոնեցին ոչ թե Լենինն ու բոլշեւիկները, այլ այդ ամենի թիկունքում գտնվող անդրազգային ուժերը: Առաջին անգամ էր, որ այդ ուժերն այդքան բացահայտ դարձան համաշխարհային գործընթացների ակտիվ մասնակից, այլեւս չբավարարվելով զուտ ստվերային ներազդեցություններով եւ ձեւավորելով իրադարձությունների ընթացքն անմիջապես: 
Վեճերը` արդյո՞ք դա մեծն հեղափոխություն էր, թե կործանիչ հեղաշրջում` թողնենք մեր հյուսիսային դաշնակցի հասարակական քաղաքական գործիչներին, քաղաքագետներին, փիլիսոփաներին եւ այլոց: Իսկ կոնկրետ, եթե դա դիտարկենք հայոց ճակատագրի տեսանկյունից, ապա այդ իրադարձությունը հնարավորություն ստեղծեց, որպեսզի 1918-ին վեց դարերի ընդմիջումից հետո ստեղծվի Հայոց պետականություն: Այսինքն` այդ հիրավի ցնցող իրադարձությունները դարձան մեծ շանս մեզ համար: 
Սակայն այդ նույն իրադարձությունների շղթան դարձել էր մեծագույն ռիսկ, որի արդյունքում ենթարկվեցինք ցեղասպանության մեր իսկ հայրենիքի մեծագույն մասում: Թերեւս այժմ մանրակրկիտ վերլուծության կարիք ունեն այն հարցերը, թե ինչու չկարողացանք կանխել ցեղասպանությունը եւ ինչու Առաջին հանրապետությունն ապրեց ընդամենը երկուսուկես տարի: Մանրակրկիտ, անաչառ, այս կամ այն դերակատարի շահերի սպասարկմանը կամ վատաբանմանը չուղղված բազմակողմանի վերլուծությունը դեռ առջեւում է: Իսկ մենք առայժմ արձանագրենք հետեւյալը` այդ կտրուկ շրջադարձի նախաշեմին հայկական կուսակցությունները չափազանց շատ էին հագեցած վերազգային ուժերի գործակալներով, այն ժամանակ`  մասոնական օթյակների անդամներով: Եթե համեմատություն կատարենք այսօրվա մեր պետականության հետ, ապա պետք է արձանագրենք լավատեսություն ներշնչող միտում` եթե Անկախության հաստատման առաջին տարիներին Հայաստանի քաղաքական վերնախավը անդրազգային ուժերի գործակալներով առավել քան հագեցած էր, ապա գրեթե երեք տասնամյակների ընթացքում այդ հագեցածությունը բավականին էական նվազեց, եւ ներկայումս իշխող ՀՀԿ-ի հագեցածությունն այդ տարրերով բավականին ցածր մակարդակի է: 
ԱԶԳԱՊԻՂԾ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Այժմ մեր հանրությանն ալեկոծած հակաընտանեկան օրենսդրական փաթեթը, վրադիր էլ դեգեներատիվ փոքրամասնությունների «խտրականության» համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագիծը, սակայն առանձնապես նոր երուույթ չեն: Թեեւ դա հիշատակվում է 1990-ականներից հետո մեկնարկած գլոբալացման գործընթացների համատեքստում, սակայն այդ ամենի արմատները ձգվում են մինչեւ 20-րդ դարի սկզբները: 
Այսպես, 1917-ի հաջողված հեղափոխությունից (կամ հեղաշրջումից) անմիջապես հետո իշխանության եկած տարրերը առաջ էին տանում ընտանիքի ինստիտուտը չեղյալ հայտարարող նախաձեռնություններ: Բանը հասել էր կանանց եւ երեխաների հանրայնացման փորձերին, անգամ կուսակցական հրահանգներ էին շրջանառվում, որ պարտավորեցնում էին կոմերիտուհիներին «ընտանեկան կապանքներից» ազատ միանալ կոմերիտականների հետ: Տապալված կայսրության խոշոր քաղաքներում անցնում էին մերկացույցեր «Կորչի ամոթը» կարգախոսի ներքո: Նաեւ դադարեցվել էր համասեռամոլների պետական հետապնդումը, եւ նրանք սկսել էին հրապարակավ, նաեւ մամուլով ինքնարտահայտվել: 
Ավելորդ չենք համարում նշել, որ ավելի ուշ էլ ընտանիքի, ազգերի եւ պետությունների չեղյալ հայտարարելու գաղափարները կենսունակ էին մնացել պաշտոնապես հռչակված կոմունիստական դոկտրինի շրջանակներում: Այսպես, դրան շատ վառ են արտահայտված նաեւ ԽՍՀՄ թերեւս ամենատաղանդավոր ֆանտաստ գրողի, խոր փիլիսոփայական միտք կրող Իվան Եֆրեմովի ստեղծագործություններում, ու թերեւս պատահական չէ, որ 1970-ականների սկզբներին ԽՍՀՄ-ում արգելվել էր նրա «Ցլաժամը» գիտաֆանտաստիկ վեպը, իսկ ավելի ուշ ամերիկյան հռչակավոր ռեժիսոր Սթենլի Կուբրիկին նույնպես արգելվեց այդ վեպի հիման վրա ֆիլմ նկարահանել: Գլոբալացման դարաշրջան մտնող ամերիկյան վերնախավին թերեւս դուր չէր եկել Եֆրեմովի ստեղծագործություններում այդքան վառ արտահայտված` ընտանիքի, ազգի եւ պետության վերացման գաղափարը, որն արդեն իսկ կար գլոբալացման ճարտարապետների ծրագրերում: 
Սական վերադառնանք 1917-ի եւ դրան հաջորդած տարիներին: Այդ նույն այլանդակ գործընթացները ԽՍՀՄ-ում դադարեցվեցին այն ժամ, երբ մի կողմ դրվեց «համաշխարհային հեղափոխության» ցնդաբանությունը եւ ձեւակերպվեց «առանձին վերցված պետությունում սոցիալիզմ կառուցելու» գաղափարը: Այսինքն` այն պահից ի վեր, երբ ինչ-որ գաղափարական «սոուսի» տակ վերսկսվեց ազգային պետականության շինարարությունը: Իոսիֆ Ստալինի օրոք դա առավել ամբողջացավ, ընտանիքի ինստիտուտը չեղարկելու եւ անսահմանափակ սեռական ազատություն հռչակելու գաղափարները դարձան ոչ միայն մոռացՎած, այլեւ հետապնդելի, իսկ համասեռամոլության համար սահմանվեց քրեական պատասխանատվություն: Եթե մի կողմ դնենք այն զրկանքները, որ բաժին հասան ազգաբնակչությանը, ապա կարող ենք արձանագրել, որ ազգային պետականության կառուցման մոդելի շրջանակներում Իոսիֆ Ստալինին հաջողվեց բավականին ֆանտաստիկ բան` պրիմիտիվ գութանային գյուղատնտեսությամբ ապրող հսկայական երկիրը վերածել ատոմային ռումբ ունեցող եւ տիեզերքի նվաճմանը պատրաստվող երկրին, որն, ի դեպ, նաեւ հասել էր տարադրամային կատարյալ անկախության շեմին: Անշուշտ, կան նաեւ պատմաբանների հետազոտություններ, որ նվիրված են այն հարցին, թե ինչպես նույն Արեւմուտքից ստալինյան ԽՍՀՄ-ը ստացել էր շատ էական տեխնոլոգիական օժանդակություն, առանց որի այդ վերելքն անհնարին էր, սակայն դա եւս ցույց է տալիս ազգային պետականության մոդելի առավելությունը անգամ այն պայմաններում, երբ առկա էր հակադրություն մնացյալ ամբողջ աշխարհի հետ: 
ՄԵՐ ՕՐԵՐԻ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ՇԱՆՍԵՐԸ
Անշուշտ, այսօր դեռեւս չափազանց ակտիվ են տարատեսակ անդրազգային ուժերը եւ հաստատությունները: Սակայն 21-րդ դարի առանձնահատկությունն այն է, որ դրանց մրցակցությունն ու հակադրությունները հասել են այն աստիճանի, որ «բազմաբեւեռ աշխարհի» սկզբունքը այժմ նույնիսկ չի էլ համընկնում հզոր աշխարհաքաղաքական բեւեռների քանակի հետ, եւ իրական բեւեռների քանակը էապես ավելի շատ են: Զորօրինակ, այսօր ասելով «գլոբալ Արեւմուտք» կամ «գլոբալ Եվրոպա», տարբեր ուժերն ու գործիչները դրա տակ միանգամայն տարբեր բան են հասկանում: 
Այդպիսի իրավիճակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դեռեւս տարիներ առաջ հռչակված «եւ-եւ» սկզբունքը ոչ միայն արդյունավետ է, այլեւ, թերեւս հայոց երիտասարդ պետականության համար այլընտրանք չունեցող մոտեցում է: Այժմ, բավականին հիմնովին ինտեգրված լինելով եվրասիական քաղաքակրթական համակարգին, մոտեցել ենք նաեւ Եվրոպային ինտեգրվելուն: Եվ միանգամայն օբյեկտիվ է, որ այս ամսվա 24-ին նախատեսված ՀՀ-ԵՄ համաձայնագրի հավանական ստորագրմանն ընդառաջ այդքան շատ իրարամերժ կարծիքներ են բախվում եւ այդքան տարբեր, հաճախ տագնապալի գնահատականներ են հնչում: Բնականաբար, բոլոր մտավախությունները նախեւառաջ առնչվում են անդրազգային կենտրոնների գործունեության հետ: 
Այդքան հանրային բախումների եւ գործնականում համազգային մերժմանն արժանացած «Ընտանեկան բռնության մասին» օրենսդրական փաթեթը սոսկ օրենսդրական նախաձեռնություն չէ: Դա արտացոլում է գենդերային տոտալիտար դիկտատուրայի խտանյութ հանդիսացող, այսպես կոչված, «Ստամբուլյան կոնվենցիայի» էությունը, որը անդրազգային կառավարման հենասյուներից մեկն է եւ ուղղված է միաժամանակ ընտանիքի, ազգի եւ պետության արժեքների սրընթաց քայքայմանը, ընտանեկան քաղաքականություն վարելու եւ վերարտադրական առողջության ոլորտը կառավարելու հնարավորություններից պետություններին զրկելուն: 
Թե ինչքանով զորեղ կլինի դիմադրության շարժումը, եւ ինչքանով համապետական մակարդակով դա կհաջողվի չեզոքացնել` դա հենց այն փորձաքարն է, որը ցույց կտա, թե ինչը մեր ճակատագրում ավելի էական կլինի` նոր հնարավորություննե՞րը, թե՞  նոր ռիսկերը: Ու հենց այդ փորձաքարի տեսանկյունից քննության կենթարկվի ու մեր պետական համակարգն ամբողջովին, եւ այդտեղ կերեւա` մենք տարերքի խաղալի՞ք ենք, թե` վստահաբար նավարկում ենք նորանոր, գրեթե անծանոթ եւ բուռն ջրերում: Եվ դառնում է ոչ այնքան սկզբունքային` կստորագրվի շրջանակային համաձայնագիրը, թե` ոչ, եթե չստորագրվի, ապա ո՞ւմ նախաձեռնությամբ եւ ինչպիսի ձեւակերպումներով... Այդ ամենն ածանցյալ է այն հարցից, թե ինչքանով ենք ունակ դիմագրավելու «Ստամբուլյան կոնվենցիայի» թրի տակով անցնելու ճնշումներին: Եթե բարեհաջող անցանք, ապա համաձայնագրերի տեքստերն էլ, մեր միջավայրն էլ, մեր հետագա քայլերն էլ կլինեն բարենպաստ: 
Ու թերեւս հենց այդ մարտահրավերների կտրվածքով սահմանադրական բարեփոխումները նախաձեռնած ՀՀ Շախմատային ֆեդերացիան գլխավորող երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին սպասվում է ամենակարեւոր շախմատային պարտիան 2018-ի սահմանադրական վերջնական անցումից առաջ: Եվ այդ պարտիայում ինչպիսին կլինի միջավայրը` դա արդեն կախված է նաեւ մեզանից: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА