ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ԴԱՐ ԱՆՑ ԷԼ ՆՈՒՅՆ «ՄԵԾ ԽԱՂՆ» Է

07.11.2017 19:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ԴԱՐ ԱՆՑ ԷԼ ՆՈՒՅՆ «ՄԵԾ ԽԱՂՆ» Է

Լրացավ 1917թ. բոլշեւիկյան հեղափոխության մեկ դարը: Հասկանալի է, այդ պատմական նշանակության կարեւորագույն իրադարձության նկատմամբ 100 տարի անց վերաբերմունքը միանգամայն տարբեր է: Շատերն այն համարում են մեծագույն չարիք, շատերը բոլշեւիկյան հեղափոխությունը կապելով ԽՍՀՄ-ի հետ, մինչ օրս փառաբանում են այն: Իսկ ահա հատկապես երիտասարդ սերնդի մեջ քիչ չեն նաեւ այնպիսիք, ովքեր անգամ չգիտեն, թե նոյեմբերի 7-ն ինչ օր է:
ՄԵԿ ԴԱՐ ԱՌԱՋ
Բայց անկախ այդ կարծիքների եւ գնահատականների բազմազանությունից, մեկ բանի հետ պատմաբանների զգալի մասը սկսել է համաձայնել: Այն է, բոլշեւիկյան հեղափոխության սկզբնական առաջնորդներն անգամ այդ նոյեմբերյան օրերին մինչեւ վերջ չէին էլ պատկերացնում, թե մինչեւ ուր կարող են հասնել, որ նոր տիպի պետություն կառուցելու մասին զառանցանքի նմանվող սկզբնական լոզունգները կարող են իրականություն դառնալ: Ավելին, պատմաբաններից շատերը վստահորեն պնդում են, որ հեղափոխության ամենակարկառուն առաջնորդները՝ Լենինն ու Տրոցկին գոնե սկզբնական փուլում իրականում բոլորովին այլ խնդիր էին լուծում, ընդ որում, իրարից 180 աստիճանով տրամաբանորեն տարբերվող: Այն է, Գերմանիայի ֆինանսավորմամբ գործող Լենինի հիմնական ֆունկցիան Ռուսական կայսրությունը Առաջին աշխարհամարտից դուրս բերելն էր: Դա Գերմանիայի համար պարտությունից խուսափելու մի վերջին շանս էր. հատկապես ծանր արեւելյան ճակատից ուժերը կարող էր ուղղել արեւմուտք: Ամեն դեպքում, հեղափոխությունից արդեն հաշված օրեր անց Լենինը հենց այդ ուղղությամբ էլ գնաց՝ սկսելով «Խաղաղության մասին» դեկրետից: Հենց դա էլ, վերջնարդյունքում, հանգեցրեց Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագրին, որից մեծապես տուժեցին նաեւ հայերը՝ կորցնելով 1978թ.-ից Ռուսական կայսրության  մաս դարձած Արդահանն ու Կարսը:
Իսկ ահա անգլոսաքսոնական քաղաքականության ֆինանսավորմամբ գործող Տրոցկին փորձում էր շարունակել պատերազմը: Թե ինչպես կընթանար պատմությունը, եթե Լենին-Տրոցկի այդ պայքարում հաղթեր  երկրորդը, «եթե»-ների հարթությունում է, անգամ  խոսելն է անիմաստ: Սակայն մեկ հանգամանք  հաստատ է՝ Լենինի հաղթանակի պատճառով հեղափոխությունից հաշված ամիսներ անց Առաջին աշխարհամարտը շահելու ունակ Ռուսաստանը կրկնակի պարտություն կրեց նախ՝ Գերմանիային, ապա նաեւ վերջինիս պարտությունից հետո՝ քաղաքական առումով համաշխարհային քաղաքականությունում չորրորդական պլան մղվեց: Բայց նաեւ այդ նեղ վիճակն էր, որ հանգեցրեց եղած ողջ ուժերի մոբիլիզացիային, ԽՍՀՄ-ի կարգի գերտերության ստեղծմանը, Երկրորդ աշխարհամարտում հաղթանակին, թեեւ դա արդեն Լենինի դերը չէր...
ԴՈԼԱՐԻ ՎԵՐԵԼՔՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՅՐԷՋՔԸ
Այսքանով հանդերձ, մեկ հանգամանք եւս պատմաբանների գերակշիռ մասն ընդունում է: Որ 1917թ.-ի հեղափոխությունը ընդամենը այն մեծ խաղի դրվագներից էր, որի մեկնարկը տրվեց Առաջին աշխարհամարտով ¥ավելի  ճիշտ՝ մի փոքր ավելի վաղ¤, որի հաջորդ մեծ փուլը դարձավ Երկրորդ աշխարհամարտը եւ որը տարբեր աստիճանի պարբերական թեժացումներով շարունակվեց մինչ ԽՍՀՄ-ի փլուզումն ու գալիս-հասնում է մեր օրերը: Եվ այդ մեծ խաղի էության մասին կարելի է պատկերացում կազմել`  թեկուզեւ դրա առանցքային դետալներից մեկը նկատելով: Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամերիկյան դոլարին հնարավորություն տվեցին ստանալ համաշխարհային վալյուտայի կարգավիճակ, այն դեպքում, երբ մինչ պատերազմը հիմնական դիրքերը պատկանում էին վերելքում գտնվող գերմանական մարկին եւ ռուսական ռուբլուն, իսկ անգլիական ֆունտն իր մայրամուտն էր ապրում: Ու թե ինչ կլիներ անգլոսաքսոնական կապիտալի հետ, եթե Առաջին աշխարհամարտում միաժամանակ չպարտվեին Գերմանական եւ Ռուսական կայսրությունները, կարելի է ենթադրել: Համենայնդեպս այն, որ վերջին հարյուրամյակի ընթացքում, այսպես ասած, դոլարային համակարգի հիմքերը դրվեցին հենց Առաջին աշխարհամարտից ամիսներ առաջ՝ 1913թ. դեկտեմբերի 23-ին 12 մասնավոր ¥հիմնականում՝ հրեական կապիտալով¤ բանկերի մասնակցությամբ դոլարը տպագրող Ֆեդերալ ռեզերվային համակարգի ստեղծմամբ, պարզ ակնարկ է նաեւ պատերազմի բուն պատճառներից մեկի մասին: Այնուհետեւ՝ Երկրորդ աշխարհամարտի արդյունքների հիման վրա էր, որ նույն դոլարը դարձավ համաշխարհային առաջատար վալյուտա, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ բացարձակ առաջատար: Պլանավորվա՞ծ էր, որ Երրորդ աշխարհամարտը դոլարը կվերածեր միակ համաշխարհային արժույթի: Ամերիկյան հետխորհրդային ժամանակների աշխարհաքաղաքականության առանցքային դեմքերի եւ հատկապես՝ «երջանկահիշատակ» Բժեժինսկու ռազմավարական ծրագրերից եւ նույն ժամանակահատվածում ԱՄՆ քաղաքականությունից նման տպավորություն առաջանում է: Այլ բան, որ ասենք՝ նույն Բժեժինսկու «Մեծ խաղի» սխեմաները, որոնք ընդամենը մեկ տասնամյակ առաջ շատ մոտ էին իրականություն դառնալուն, սկսել են ձախողվել: Ի վերջո, աքսիոմայի կարգավիճակում է այն, որ որեւէ պետական ապահովվածություն չունեցող, այսինքն՝ իրենից թուղթ ներկայացնող դոլարն ունի ներկայիս կշիռը բացառապես ԱՄՆ-ի համաշխարհային ռազմաքաղաքական կշռի հաշվին: Ու հատկապես այս տարվա ընթացքում անհերքելի դարձավ, որ արտաքին հարթակում ԱՄՆ-ի կշիռը հետեւողականորեն նվազում է: Ավելին, նաեւ ներքին բարդ իրավիճակն է էապես խանգարում արտաքին խնդիրների վրա կենտրոնանալ: Եվ, վերջապես, գործող նախագահն էլ պարբերաբար հայտարարում է առհասարակ երկրի միջազգային դերակատարման կրճատման անհրաժեշտության մասին, ինչը անխուսափելիորեն բերելու է նաեւ դոլարի ներկայիս մնացորդային դիրքերի թուլացմանը: Եվ այդ  հանգամանքը գնալով միայն սրում է ներամերիկյան  պայքարը, եւ այսքան հաճախակի դարձած զանգվածային սպանությունները, այդ թվում՝ Տեխասում նախօրեին կատարվածը դրա վկայություններից են: Վերջապես, գոնե ներկայիս դիրքերը պահելու համար, ըստ տարբեր հաշվարկների, դոլարի տարեկան շրջանառությունը պետք է ավելանա մոտ 3-4 տոկոսով: Եվ ահա, եթե դեռ տարիներ առաջ այդ աճը 7-8 տոկոսի սահմաններում էր, ապա հիմա կան տվյալներ, որ այս տարվա կտրվածքով լավագույն դեպքում այն կկազմի 1-2 տոկոս, եւ գալիք տարիներին արդեն կսկսվի կրճատում: Իսկ դա խոստանում է ինֆլյացիոն, վատագույն սցենարների դեպքում՝ հիպերինֆլյացիոն հետեւանքներ: Կարճ ասած, եթե ԱՄՆ-ին չհաջողվի հաղթահարել դոլարի համաշխարհային ծավալների առջեւ կանգնած հիմնական՝ ռուս-չինական արգելքը, նշված հետեւանքներին արդեն երկար չենք սպասի:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼԻԴԵՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ
Մի խոսքով, Մոսկվայի եւ Պեկինի նկատմամբ ի՞նչ վերջնական դիրքորոշում կընդունի Վաշինգտոնը: Այս հարցադրման հետ կապված, թերեւս, շատ բան պարզ կդառնա ասիական տարածաշրջան կատարած Թրամփի աննախադեպ երկար այցի ընթացքում: Թրամփն արդեն իսկ հասցրել է հանդիպել, այցելել տարածաշրջանային իր երկու հիմնական դաշնակից երկրներ՝ Հարավային Կորեա եւ Ճապոնիա: Ինչպես Սեուլը, այնպես էլ՝Տոկիոն ակնհայտորեն վերջին ժամանակներս  հյուսիսկորեական խնդրի առնչությամբ Վաշինգտոնի նկատմամբ հիասթափության նշաններ են ցուցաբերում՝ զուգահեռաբար հայացքներ գցելով դեպի Մոսկվա եւ Պեկին: Ճիշտ է, Թրամփը համառորեն փորձում էր վերականգնել իր դաշնակիցների վստահությունը, սակայն գոնե հրապարակային հարթակում նման էֆեկտ տեսանելի չեղավ: Առավել եւս այն բանից հետո, երբ Թրամփը պատրաստակամություն հայտնեց հանդիպել Կիմ Չին Ինի հետ, այն դեպքում, երբ մինչ այս քանիցս խոստացել էր պարզապես ոչնչացնել Հյուսիսային Կորեան, եթե վերջինս միջուկային զենքից չհրաժարվի: Եվ ահա, այս այցի ընթացքում եւս Փհենյանը միանշանակ հայտարարեց, որ չի հրաժարվելու իր միջուկային եւ հրթիռային ծրագրերից, եւ երբ դրանից հետո Թրամփը խոսեց բանակցություններից, դա ընկալվեց, որպես թուլության հերթական նշան:
Մյուս կողմից էլ, հասկանալի է, որ հյուսիսկորեական թեմայով Թրամփը պետք է բանակցի ոչ թե Փհենյանի, այլ հիմնականում՝ Պեկինի, ապա նաեւ՝ Մոսկվայի հետ: ԱՄՆ նախագահի հաջորդ կանգառը հենց Պեկինում է լինելու: Վերլուծաբանները դեռ այդ այցի հետ կապված իրենց  գնահատականներում զուսպ են մնում: Սակայն կա նաեւ այն վարկածը, որ այցի շեմին, հայտարարելով Հս.Կորեայի ափերի մոտ հերթական զորավարժությունների մասին, Թրամփը փորձում էր հենց Պեկինին ճնշել: Ինչն էլ ակնարկում է այն մասին, որ իր բանակցային դիրքերը համարում է թույլ:
Ասենք, դա զգացվեց նաեւ այն ժամանակ, երբ Թրամփը խոսեց հաջորդ կայանատեղիում՝ Վիետնամում վաղը մեկնարկող Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի ¥ԱԽՏԽ¤ գագաթաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի հետ եւս բանակցելու եւ հնարավոր օրակարգի մասին: «Պուտինը շատ կարեւոր է, նա կարող է մեզ օգնել Հյուսիսային Կորեայի հարցում»,- հայտարարել է Թրամփը: Իսկ նրա հաջորդ միտքը, թե՝ այդ հանդիպումը հնարավորություն կտա խոսել նաեւ Սիրիայի եւ Ուկրաինայի մասին, շատերը համարեցին գործարքի առաջարկ: Այսպիսով, եթե Պեկինի եւ Մոսկվայի հետ այդ քննարկումները Թրամփին հնարավորություն չտան Հս.Կորեայի հարցով ինչ-որ լուծում ձեւակերպել, Թրամփը կշարունակի մնալ նույն փակուղու առաջ: Այն է, դեմքը փրկելու միակ տարբերակը կդառնա բոլորին մահացու հետեւանքներ խոստացող ռազմական հարվածը: Կամ նոր նահանջ, սակայն դա հերթական ծանր հարվածն է լինելու ԱՄՆ-ի, այդ թվում՝ դոլարի վարկանիշին: Ու թերեւս պատահական չէ, որ այս օրերին ռազմական ուղղությամբ սրվում է նաեւ ուկրաինական իրավիճակը: Բայց ինչքան որ Հս.Կորեայի ափերի զորավարժանքները քիչ մտահոգեցին Պեկինին, նույնչափ էլ  ուկրաինական այս սրացումները կհետաքրքրեն Մոսկվային: Իսկ Սիրիայում ԱՄՆ-ն առանձնապես զիջելու բան էլ չունի, ինչը հուշում է, որ Թրամփի առաջարկած գործարքի նախնական տարբերակը Մոսկվան հազիվ թե ընդունի: Իսկ ավելի լուրջ առաջարկներ Թրամփը կկարողանա՞ կամ՝ կցանկանա՞ անել: Թերեւս այս հարցի պատասխանն էլ կանխորոշելու է, թե առաջիկայում որ ուղղությամբ է գնալու համաշխարհային պատմությունը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА