ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մալիշկա գյուղում դաժան սպանության մանրամասները. մեղադրանք է առաջադրվել հարեւանին

06.11.2017 18:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Մալիշկա գյուղում դաժան սպանության մանրամասները. մեղադրանք է առաջադրվել հարեւանին

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի մահվան իրական հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել հարեւանին:

ՀՀ Քննչական կոմիտեից iravunk.com-ին հայտնում են, որ 2017 թվականի հուլիսի 12-ին ահազանգ էր ստացվել Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի ինքնասպանություն գործելու մասին. նույն օրը՝ ժամը 17։05-ի սահմաններում, կինը նրա դին հայտնաբերել էր իրենց տան նկուղի առաստաղին ամրացված մետաղյա կեռից կախված։

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված թիվ 035 եզրակացությամբ հերքվել էր ինքնասպանության վարկածը։ Ըստ փորձագետների՝ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, պարանոցի օրգանների սեղմման արդյունքում, իսկ պարանոցի վերին երրորդականի մագաղաթանման ճմլման ակոսն առաջացել է օղի ներգործությամբ եւ ունի հետմահու ծագում, այսինքն՝ Վ.Սարգսյանի մահը հետեւանք է նրա նկատմամբ կիրառված բռնության:

Մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը Վ.Սարգսյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարեւանի հետ, որի ժամանակ էլ խեղդամահ է արվել։

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հուլիսի 12-ի վաղ առավոտյան՝  ժամը 06:47-ից 9:30-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ հարեւանները վիճաբանել են տուժողի տան բակում, որի ընթացքում հարեւանը քաշքշել ու հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո, օղի միջոցով խեղդելու եղանակով սպանել: Այնուհետեւ՝ սպանությունը քողարկելու նպատակով  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Վ.Սարգսյանի դիակը տեղափոխել է վերջինիս տան նկուղ, որտեղ մեկ այլ օղով կախել է նկուղի առաստաղին ամրացված մետաղյա կեռից՝ ինքնասպանության նմանակում ստեղծելու համար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА