ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՓՈԽԵԼՈՒ ԻՐԱՆԻ ԴԻՐՔՈՇՈՒՄԸ` ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՐՑՈՒՄ

04.11.2017 19:45 ԶԱՐԿԵՐԱԿ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՓՈԽԵԼՈՒ ԻՐԱՆԻ ԴԻՐՔՈՇՈՒՄԸ` ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Նախօրեին Թեհրանում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, իսկ մինչ այդ երեք երկրների ղեկավարների միջեւ տեղ է ունեցել նաեւ երկկողմ հանդիպումներ: Ալիեւ-Ռոուհանի հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներն անմիջապես լուրեր տարածեցին, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Արցախյան հիմնահարցին: Չնայած այս մասին ռուսական եւ իրանական մամուլում որեւէ տեղեկատվություն չկա, սակայն կարելի է ենթադրել որ նախագահներն ինչ-որ կերպ պետք է, որ անդրադառնային Արցախին: Ինչպե՞սեւ ի՞նչ սպասելիքներ ունենանք: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ԵՊՀ պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ.
- Իրանն այն պետությունը չէ, որ այդպես շուտափույթ փոխի իր դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, որն իր համար ռազմավարական նշանակություն ունի: Այս եռակողմ հանդիպումն ավելի շուտ լուծել է տնտեսական հարցեր, թեեւ, իհարկե, այնտեղ կարող էին հնչել նաեւ ընդհանուր քաղաքական հարցեր: Արցախյան հիմնախնրի հարցում, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանն իրենց ազգային շահերը չէին ստորադասի Ադրբեջանի ազգային շահերին: Այնպես չէ, որ  Ռուսաստանն ու Իրանը կախվածության մեջ են Ադրբեջանից, ճիշտ հակառակն է, եւ այս իմաստով կարծում եմ, այսհանդիպումն արցախյան ռեալ բանակցային գործընթացի վրա որեւէ ազդեցություն չի ունենա: Բանակցային գործընթացում Ադրբեջանը պետք է զգացած լինի, որ Արցախյան հիմնախնդիրը չեն խառնում այն տնտեսական համագործակցությանը, որին մասնակցում են երեք պետությունները: 
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆ.
- Այն տեղեկատվությունը, թե իբրեւ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ Արցախյան հիմնախնդրին անդրադարձ է եղել, չի համապատասխանում իրականությանը: Այս տեղեկատվությունը տարածվել է Ադրբեջանի կողմից, որն ապատեղեկատվություն է: Նույնիսկ նախագահների եռակողմն հանդիպման համատեղ տեքստում Իրանի նախագահը բավականին չեզոք դիրքորոշում է արտահայտել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, այս առումով անհանգստության պատճառ թերեւս չունենք: Ադրբեջանի բոլոր ծրագրերը միտված են նրան, որ փոխեն Իրանի դիրքորոշումը հիմնախնդրի հետ կապված` օգտագործելով տնտեսական լծակներ: Սակայն պետք է նկատենք, որ Իրանը ելնելով սեփական շահերից չի կարող այս հարցում փոխել իր դիրքորոշումը, որովհետեւ, ըստ էության Արցախի հանրապետությունը փաստացիորեն լուծում է նաեւ Իրանի հյուսիսային սահմանի անվտանգության հարցը: Իրանի անվտանգության համակարգում Արցախի հանարպետությունն ունի բացառիկ ստարտեգիական նշանակություն: Ըստ էության, եթե Արցախը չլինի, ապա Իրանը հյուսիսային հատվածներում ունենալու է լրջագույն խնդիրներ` թե՛ պանթուրքիստական շարժումների, թե՛ Ադրբեջանի նշված տարածքների հետ կապված: Այսինքն` Արցախյան հիմնախնդրի հարցում Իրանի դիրքորշման փոփոխությունը անտրամաբանական է, քանի որ սա որեւէ կերպ չի բխում իր իսկ ազգային անվտանգության շահերից:
Ռազմական վերլուծաբան, ադրբեջանագետ ՏԱՐՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նկատեց.
- Ադրբեջանը չի կարող Իրանին համոզել փոխելու իր դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի հարցում: Այստեղ միայն երկկողմ առեւտուրը չէ, կան նաեւ բավականին բարդ աշխարհաքաղաքական խաղեր: Իրանը, որն այսօր փորձում է տարածաշրջանում ուժեղացնել իր դիրքերը` բոլոր հարեւանների հետ հարաբերություններ պահպանելով, դժվար թե Ադրբեջանի հետ առեւտրի պատճառով տուրք տա Ալիեւի համոզելուն: Իրանի դիրքորոշում ըստ էության Արցախյան հակամարտության տարիներից սկսած մինչ օրս չի փոխվել, այս իրադարձություններում Իրանը փորձում է հնարավորինս չեզոք մնալ: Կարծում եմ` ներկայում եւս ոչ մի գլոբալ փոփոխություն չի եղել պաշտոնական Թեհրանի քաղաքականության մեջ: Եթե դիտարկում ենք ոչ միայն Իրան-Ադրբեջան առեւտուրը, ապա առեւտրաշրջանառություն կա նաեւ Հայաստանի հետ եւ մեր երկրով եւս իրանական կողմը ելք ու մուտք է անում դեպի Վրաստան, այնտեղից նաեւ եվրոպական երկրներ: Իրանը երբեք չի փորձել հենվել մեկ պետության վրա եւ հույսը դնել մեկի վրա: Նրա խնդիրը հնարավորինս տարբերակված ուղիներ ունենալն է եւ ուղիներից մեկը Հայաստանն է, որի հետ հարաբերությունները զարգանում են: Այս առումով Իրանն իր քաղաքականությունը տարածաշրջանում չի փոխում:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում, պարզելու ինչ ադեցություն կունենա Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը բանակցային գործընթացի վրա:
1. Ադրբեջանը փորձում է ազդել Իրանի դիրքորոշման վրա Արցախյան հիմնախնդրի հարցում, սակայն չի հաջողվում-45%:
2. Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածել, թե Իրանի եւ Ռուսաստանի նագահների հետ քննարկվել է նաեւ Արցախյան հիմնահարցը-30%:
3. Հանդիպումը որեւէ կերպ չի անդրադառնա բանակցային գործընթացի վրա-15%:
4. Դժվարանում են պատասխանել-10%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА