ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՞վ է այդ Մարկովը, որ խոսում է Նժդեհի մասին, նա անգամ Հայոց պատմությունից է անտեղյակ»

03.11.2017 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ո՞վ է այդ Մարկովը, որ խոսում է Նժդեհի մասին, նա անգամ Հայոց պատմությունից է անտեղյակ»

Խորհրդարանում երեկ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը, որը վարեցին Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանը եւ Նիկոլայ Ռիժկովը: ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության կազմում էր նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, ի.գ.դ., պրոֆեսոր, Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, պատմաբան, հայագետ ՌԱՖԱԻԼ ԶԻՆՈՒՐՈՎԸ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:

«ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ` ԵՍ ՄԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»

– Ռաֆաիլ Նարիմանիչ, ինչպես գիտեք, Հայաստանն առաջիկայում նախապատրաստվում է Եվրամիության հետ նոր, համապարփակ համաձայնագիր ստորագրել: Ինչպե՞ս կգնահատեք այս գործընթացը:

– Իմ գնահատականը դրական է, որովհետեւ Հայաստանը պետք է առաջ շարժվի եւ մասնակցի ինտեգրացիոն գործընթացներին: Ռուսաստանը, իհարկե, Եվրոպայի հետ հիմա բարդ հարաբերություններ ունի, բայց սա Հայաստանին պետք է, որպեսզի դուրս գա միջազգային հարթակ, որտեղ կլուծվեն մի շարք հայկական հարցեր: Միեւնույն ժամանակ, եվրոպական ինտեգրացիոն գործընթացի առումով, ինչպես ժողովուրդն է ասում` փայտը երկու ծայր ունի: Ամեն դեպքում, հասկանում եմ, այն Հայաստանին պետք է:

– Ասում ենք` պետք է, բայց տնտեսական առումով որեւէ խոստումնալից առաջընթաց չի արձանագրում համաձայնագիրը, այլ ավելի շատ խոսվում է մարդու իրավունքների մասին: Ձեր կարծիքով` ի՞նչ կարող է տալ այն Հայաստանին:

– ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման առումով ես մի անհանգստություն ունեմ.  եթե այն ստորագրվի, Հայաստանի բնակչությունը, որն արդեն իսկ նվազում է, էլ ավելի կնվազի, որովհետեւ մեծ թվով մարդիկ, հատկապես երիտասարդներ, կմեկնեն Եվրոպա աշխատանքի: Իսկ դրական կարող է լինել այն, որ Հայաստանը ձգտի նոր ուղիներ փնտրել Եվրոպայում: Բնական է` այդ ճանապարհին կլինեն եւ բացասական կողմեր եւս, բայց պետք է գտնել տնտեսական շահը: Վերջիվերջո, այսօր Հայաստանի կողքին միայն Ռուսաստանն է, երկիրը շրջապատված է ոչ բարեկամ երկրներով, էլ չեմ ասում հարեւանների մասին:

«ԱՆՎՃԱՐ ՊԱՆԻՐ ՄԻԱՅՆ ՄԿԱՆ ԹԱԿԱՐԴՈՒՄ Է ԼԻՆՈՒՄ»

– Ի դեպ, այս շրջանում շատ խոսվեց այն մասին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը ոչ ուղղակիորեն, բայց կարող է դեմ լինել Ռուսաստանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եվրամիությունն ինքն այսօր չի ցանկանում շտապել այս հարցում, որովհետեւ, ինչպես տեսնում եք, այն գտնվում է երերուն վիճակում` պայմանավորված Բրեքսիթով, նոր պետություններ են ի հայտ գալիս, որոնք սուվերենություն են ուզում: Իհարկե, Հայաստանին ոչինչ չի սպառնում, բայց Եվրամիությանը նաեւ ավելորդ խնդիրներ պետք չեն:

– Բայց Հայաստանը չի էլ ձգտում դառնալ Եվրամիության անդամ... 

– Իհարկե, հատուկ չի ձգտում, բայց եթե լինի հնարավորություն, եւ Հայաստանն էլ ցանկանա, երբեք ՌԴ նախագահը չի ասի միացեք կամ մի միացեք: Սա կնշանակի խառնվել Հայաստանի ներքին գործերին, ինչն անթույլատրելի է: Բայց նաեւ չպետք է մոռանալ, որ դուք ունեք ռազմավարական գործընկեր` Ռուսաստանը, եւ Հայաստանի համար, առանց ՌԴ-ի, շատ բարդ կլինի: Նույնն էլ մեզ համար, առանց Հայաստանի, որովհետեւ Հարավային Կովկասում այն մեր հենարանն է: Իսկ տարբեր խոսակցություններ կարող են լինել, վերջին շրջանում էլ ասում էին, թե Իրանն ուզում է էժան գազ ու նավթ տալ Հայաստանին, Ռուսաստանը թույլ չի տալիս: Մինչդեռ մեր եւ ձեր մասնագետներն այն հերքեցին ու ցույց տվեցին, որ այն ավելի թանկ է: Այնպես որ, անվճար պանիր միայն մկան թակարդում է լինում:

«ՍԱ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ»

– ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ֆոնին` այս օրերին Հայաստանում բուռն քննարկվում է Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը: ՌԴ-ն ժամանակին ընդունել է նման օրենք, ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանին:

– Ցավոք, Հայաստանում ընտանեկան բռնությունների վիճակագրական տվյալներին  ծանոթ չեմ: Բայց, որպես իրավաբան, կասեմ իմ կարծիքը` ընդհանրապես ընտանիքում բռնությունը բացասական երեւույթ է: Բայց Հայաստանում առաջնային է մտածել այն մասին, որ բնակչությունն օր օրի նվազում է: Մարդիկ անվերադարձ մեկնում են երկրից, մոտավոր հաշվարկով ամեն տարի 30 հազար մարդ հեռանում է Հայաստանից: Սա կարող է բերել ողբերգական հետեւանքների: Եվ ընտանեկան միջավայրը այս առումով, կարծում եմ, կարեւոր դեր կարող է խաղալ: Ընտանեկան բռնությունների հետ կապված` էլի եմ կրկնում` հայաստանյան տվյալներից տեղյակ չեմ, բայց ցավում եմ, որ այսօր Հայաստանում չկան այնպիսի մեծ ընտանիքներ, որոնք ձեզ մոտ գերդաստան էին կոչվում:

– Ամեն դեպքում, որքանով տեղյակ ենք, այս օրենքի ընդունումից հետո այն լուրջ հետեւանքներ ունեցավ Ռուսաստանում, եւ բարձրացվեց այս օրենքը վերանայելու հարցը: Ինչպիսի՞ արդյունքներ ունեք:

– Որպես իրավաբան, պետք է ասեմ, որ կատարյալ օրենքներ չեն լինում, եւ այն մշտապես ունենում է չնախատեսված կողմեր: Ի վերջո, կյանքը շատ ավելի տարբեր իրավիճակներ ունի, քան օրենքը եւ նորմերը կարող են նախատեսել: Հիմա մի չնչին պատճառով, ասենք, հայրը տղային ապտակել է, կամ ուսուցիչը աշակերտի ականջն է քաշել, սրանով միանգամից զբաղվում են իրավապահները: Այն, որ երեխաների վրա չի կարելի ձեռք բարձրացնել, բոլորս էլ գիտենք, բայց այս օրենքը լա՞վ է, թե` վատ: Ուստի` եթե Հայաստանում ընդունելու են այդ օրենքը, խորհուրդ կտամ հաշվի առնել ռուսական փորձը:

«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՎ ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՖԱՇԻՍՏՆԵՐ ԵՆ, ԱՅԼ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ»

– Անդրադառնանք եւս մեկ խոցելի խնդրի. ինչպե՞ս եք վերաբերվում այնպիսի ռուս մտավորականների հակահայկական ելույթներին եւ հոդվածներին, որոնցից են Ալեքսանդր Պրոխանովը, Ալեքսանդր Դուգինը, Սերգեյ Մարկովը, որը ՌԴ խորհրդարանական թերթում տպագրել էր հոդված` ասելով, որ «ֆաշիստների հերոսացման» դեմ պայքարի շրջանակում հայերը պետք է հանեն Գարեգին Նժդեհի արձանը, այլապես Ռուսաստանը նրանց չի օգնի պաշտպանվել ցեղասպանության դեպքում:

– Մարկովի այդ հոդվածը տեսել եմ, որտեղ անդրադարձել է Գարեգին Նժդեհին եւ Դրաստամատ Կանայանին, որոնց բարձր եմ գնահատում` որպես հայագետ: Չի՛ կարելի այդպես խոսել, նրանք երկուսն էլ Հայաստանի ազգային հերոսներ են, մինչդեռ նա առաջարկում է հանել Նժդեհի արձանը: Ընդհանրապես ո՞վ է այդ Մարկովը, որ խոսում է Նժդեհի մասին, նա անգամ Հայոց պատմությունից է անտեղյակ: Նա անգամ չգիտի, թե ինչ է արել Նժդեհը ցարական եւ խորհրդային տարիներին, նա փրկեց հայերին կոտորածից: Եթե Նժդեհը չլիներ, սարսափում եմ մտածել, թե ինչ կլիներ հայերի հետ: Նույնը կարող եմ ասել Դրոյի մասին, որը երկար ժամանակ չէր ընդունվում հենց ՀՀ իշխանությունների կողմից: Իհարկե, նրանց հասցեին կարող են տարբեր գնահատականներ լինել, բայց անհերքելի է, որ Գարեգին Նժդեհը եւ Դրաստամատ Կանայանը ոչ թե ֆաշիստներ են, այլ մեծ հայրենասերներ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА