ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.11.2017 22:51 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Շատերն են զարմանում, զայրանում այն հանգամանքից, թե ինչպիսի ոճով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկինը հանդես է գալիս համացանցում: Նրա վերջին գլուխգործոցը խոսակցությունն էր «գարշահոտ բերանի» եւ «գարշահոտ հոգու» մասին: Եվ ահա, զարմանալի դիպուկությամբ երիտասարդ գրող, հրապարակախոս, լրագրող ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ կարճ բանաձեւով ներկայացրել է վերաբերմունքն այդ ամեն ինչին, եւ, ի դեպ, Ֆեյսբուքում դա ունեցել է տասնյակ հազարավոր դիտումներ: Ահա այդ բանաձեւը. «Ռուզաննա Խաչատրյանը երկու կարեւոր դաս է սովորեցրել երիտասարդությանը.1. Չընտրել կին, որը անունդ մի օր կհավասարեցնի գետնին: 2. Չընտրել ամուսին, որին կարելի է կառավարել` հագուստն իրար հետ բռնացնելու ու կեղծ երջանկություն խաղալու մակարդակով: Շնորհակալություն, տիկին Ռուզաննա»: Իսկ մեզ մնում է միայն ողջունել իրերն իրենց անունով կոչող երիտասարդներին:
Մեզ հաճելիորեն զարմացրեց եւ ուրախացրեց գերագույն գլխավոր հրամանատար ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԸ, հայտնելով, որ մոտ ժամանակներս ՌԴ-ից մեր երկրին կմատակարարվի զենքի նոր խմբաքանակ. «Մինչեւ այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ համաձայնագիրը: Մոտ օրերս սպասում ենք նոր մատակարարումներ, իսկ մինչեւ տարեվերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»: Ավելին, դա հետագայում նաեւ օգտակար շարունակություն է ունենալու. «Երեւանում մենք արդեն ստորագրել ենք նոր պայմանագիր, որը պետք է անցնի հայկական ու ռուսական համապատասխան ատյաններով, այնուհետեւ` վավերացվի: Դրանից հետո մենք կսկսենք աշխատել ռուսական արտադրողների հետ: Ցավոք, դա շատ արագ տեղի չի ունենա»: 
Իսկ ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ էլ շեշտադրել է այն զարմանալի հանգամանքը, որ հակաընտանեկան օրենքն առաջ տանողները ամենեւին հաշվի չեն առնում, որ դրա սոցիալական անհրաժեշտությունն իսպառ բացակայում է. «Չենք ուզում տպավորություն թողնել, թե մենք վայրենի ենք, եւ ամբողջ օրը մեր ընտանիքներում ծեծ ու ջարդ է տեղի ունենում: Եթե այդպես լինի այդ նույն երկրներում, որտեղ գործում է այդ օրենքը, թող տեսնեն, թե ի՞նչ է կատարվում: Իսկ ո՞րն է իրենց համար ընտանիքը` երկու պապա եւ մեկ երեխա՞: Այսինքն թող մի հատ նայեն, որտեղ է բռնությունը` այդ ընտանիքում, թե՞ մեր ընտանիքներում: Հետո, ի՞նչ է նշանակում հոգեբանական, տնտեսական բռնություն: Եթե իմ տղան գալիս ինձ ասում է, որ ես պետք է իր համար վերջին մոդելի հեռախոս գնեմ, եւ ես դա չեմ անում, սա նշանակում է, որ ես տնտեսական բռնությա՞ն ենթարկեցի իմ երեխային»: Կարծում ենք, ավելացնելու ոչինչ չկա:
Զարմանալի նորություն ունենք ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ: Բրիտանական Collins English Dictionary-ին` անգլերենի առաջատար բառարաններից մեկը, այսօր  հայտարարել է 2017 թվականի բառակապակցությունը: «Ինտերֆքաս»-ի փոխանցմամբ` այն դարձել է «կեղծ նորություններ» (fake news) արտահայտությունը: Բառակապակցությունը, որը Collins-ը ներկայացնում է որպես «ստահոդ, հաճախ սենսացիոն տեղեկատվություն, որը տարածվում Է լրատվական հաղորդագրությունների տեսքով», տեղ կգտնի բառարանի հաջորդ տպագիր տարբերակում: Դե ինչ, իզուր չէ, որ մեկ տարում այդ բառակապակցությունը սկսել են օգտագործվել գրեթե չորս անգամ հաճախ: Չէ՞ որ անգլոսաքսոնական աշխարհում շատ բան է կեղծ, կամ` fake:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА