ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

03.11.2017 21:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերջին օրերին Հայաստանի համար միանգամից երկու տհաճ միջադեպ արձանագրվեցին: Նախ՝ տրվեց Բաքու-Թբիլիսի-Կարս ¥ԲԹԿ¤ երկաթուղու գործունեության մեկնարկը: Եվ ապա, Թեհրանում կայացավ ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը սպասվում է, որ ընթացքի մեջ կդնի նաեւ Իրան-Ադրբեջան երկաթուղու եւ, առհասարակ, այդ երեք երկրների տնտեսական համագործակցության հարցը:
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ
Բայց մյուս կողմից՝ կար ԲԹԿ-ն, թե՝ ոչ, կամ կլինի Իրան-Ադրբեջան երկաթուղին, թե չի լինի, գործնականում տնտեսական առումով Հայաստանին ո՛չ օգուտ է եւ ո՛չ էլ՝ վնաս: Մեր վնասը, ըստ եղած ենթադրությունների, նրանում է, որ այդ ծրագրերը կուժեղացնեն Ադրբեջանին, որն էլ, ի վերջո, կարող է անդրադառնալ ղարաբաղյան խնդրի վրա: Մի խոսքով, Հայաստանն այս ծրագրերի հետ կապված իրոք ունի խնդիր, սակայն դա հեռանկարային բնույթի է, այսինքն՝ նաեւ դրա դեմն առնելու ժամանակ կա: Սա տեսականորեն: Իսկ փաստացի այս գործընթացներն ի՞նչ են խոստանում այս պահին, որից կախված միայն հնարավոր է հետագայի վնասները կամ օգուտներն ավելի ռեալ հաշվարկել: Փորձենք հարցին մոտենալ այս կողմից:
Մեկ բան այս պահին էլ հաստատ է. ինչպես ԲԹԿ-ն, այնպես էլ՝ ՌԴ-Իրան-Ադրբեջան այս կապերը որոշակիորեն նոր իրողություններ են ձեւավորում հարավկովկասյան տարածաշրջանում: Բայց նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի հնարավոր իրողություններն էլ, հատկապես այս ժամանակներում նկատելիորեն պայմանավորված են այն իրավիճակով, որը ձեւավորվում է Մերձավոր Արեւելքում: Ուստիեւ՝ սկսենք այս գոտուց: Նախ՝ գործնականում կարելի է ավարտված համարել Իրաքում պատերազմը: Փոքր տարածքներ դեռ «Իսլամական պետության» ձեռքին են, սակայն դա էական խնդիր չէ: Միաժամանակ՝ Բարզանիի հրաժարականից հետո նաեւ վերջնականապես հստակեցվեցին քուրդ-իրաքյան խնդիրները:
Իսկ ահա Սիրիայում պատերազմը դեռ շարունակվում է: Այստեղ, սակայն, սիրիական բանակը գրեթե ավարտել է Դեր-Զորի ազատագրումը եւ որոշ հարձակողական գործողություններ է իրականացնում Իդլիբի տարածաշրջանում: Բայց նաեւ նկատելի է, որ ԻՊ-ի եղած-չեղած ողջ ուժերը, հիմնականում շրջանցելով քրդական բանակին ու սիրիական քրդերին, ուղղորդված են հենց սիրիական բանակի դեմ: Այն, որ դրանից անմասն չէ ԱՄՆ-ը, բազմիցս է փաստվել: Այսինքն, ակնհայտ է, որ Վաշինգտոնը ձգտում է հնարավորինս ձգձգել սիրիական պատերազմը: Սակայն մեկ հանգամանք եւս հաստատ է. սիրիական բանակը, բնականաբար՝ ռուսների աջակցությամբ այս շաբաթներին զգալի ուժեր է կենտրոնացրել երկրի հարավ-արեւելքում՝ դեռ ԻՊ-ի ձեռքի գտնվող հատվածի ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ այսօր-վաղը Դեր-Զորն ամբողջությամբ ազատագրելուց հետո կսկսվի սիրիական բանակի մասշտաբային հարձակումը, որը պատերազմը, անկախ վաշինգտոնյան ձգտումների, կտեղափոխի ավարտական փուլ: Կարճ ասած` այն, որ սիրիական պատերազմն ավարտվում է Ասադի ռազմական եւ Մոսկվայի՝ աշխարհաքաղաքական հաղթանակով, որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում:
Մյուս կողմից՝ արդյոք Իրաքում ԱՄՆ-ն աշխարհաքաղաքական հաղթանակ կտանի՞, դա արդեն կասկածների տեղիք տալիս է: Ճիշտ է, ընդունված է համարել, որ Իրաքը դեռ գտնվում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական վերահսկողության տակ, սակայն գնալով ավելանում են փաստերը, երբ Բաղդադը կտրուկ դեմ է գնում ԱՄՆ-ին: Օրինակ, երբ վերջերս պետքարտուղարի մակարդակով պահանջ դրվեց, որ իրաքյան բանակին Իրանի կամավորական ստորաբաժանումները դուրս գան Իրաքի տարածքից, Բաղդադը կտրուկ դեմ արտահայտվեց: Գումարած դրան, Բաղդադը պարբերաբար հայտարարում է ՌԴ-ից զենքի մասշտաբային գնումների իր ցանկության մասին, չնայած որ անգամ այդ մասին խոսելը կատաղեցնում է Վաշինգտոնին:
Այսպիսով այն, որ դեպի ՌԴ աշխարհաքաղաքական վեկտորով ուղղված Սիրիա-Իրաք-Իրան առանցքը կայունանում է աչքի առաջ, ակնհայտ է: Իսկ առաջարկը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ արեց Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամեյնիին, խոստանում է էլ ավելի ամրապնդել այդ միտումները: Այսպես, Խամեյնին առաջ է քաշում առհասարակ տարածաշրջանում ԱՄՆ-ին մեկուսացնելու ծրագիր. «Մենք կարող ենք անդրադարձնել ամերիկյան պատժամիջոցներն ու մեկուսացնել Ամերիկային այնպիսի միջոցներով, ինչպիսիք են դոլարից հրաժարվելը եւ երկկողմ ու բազմակողմ գործարքներում այն ազգային արժույթներով փոխարինելը»: Վերջապես, պետք է նաեւ հաշվի առնել, որ ԻՊ-ի դեմ պատերազմի ավարտից  հետո ԱՄՆ-ն տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը հիմնավորելու խնդիր կունենա: Մասնավորապես` Սիրիան արդեն իսկ Վաշինգտոնին մեղադրում է իր երկիր ապօրինաբար զորք մտցնելու մեջ, եւ եթե ԻՊ-ի առկայության պարագայում դրա հիմնավորումն ինչ-որ  կերպ Վաշինգտոնը տալիս է, ապա ԻՊ-ից  հետո Սիրիայում զորք պահելը կնշանակի ռազմական ինտերվենցիա՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Այսինքն, ԻՊ-ից հետո Վաշինգտոնը կա՛մ պետք է վա-բանկ գնա եւ հայտարարի, թե զորքերը  չեմ  հանի եւ դրանով նոր համաշխարհային իրավիճակ առաջ բերի: Կա՛մ հանի զորքերն ու նաեւ դրանով թուլացնի իր աշխարհաքաղաքական դիրքերը:
ՆՈՐԻՑ ԽՈՍՎՈՒՄ Է ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ
Այսպիսով՝ դեպի Ռուսաստան նայող Սիրիա-Իրաք-Իրան առանցքի աստիճանական ամրապնդման պարագայում Թուրքիան եւս կարծես թե սկսել է ԲԹԿ-ն դիտարկել դեպի ՌԴ տանող միջոց: Համենայնդեպս, երկաթուղու գործարկման արարողության ժամանակ Էրդողանն այն համարեց նաեւ «Մետաքսի ճանապարհի» մասնիկ, ինչը եւս հայացք է դեպի Չինաստան-Ռուսաստան ուղղություն: Վերջապես, ԲԹԿ-ի հետ  ՌԴ-ի հնարավոր համագործակցության մասին ակնարկներով այս օրերին ողողված է նաեւ ադրբեջանական մամուլը, ինչը միանգամայն տեղավորվում է ինչպես Էրդողանի հիշատակված հայտարարության, այնպես էլ՝ թեհրանյան հանդիպման տրամաբանությունից:
ՌԴ-ն իրականում կներգրավվի՞ այս կոմունիկացիոն նախագծերում, ժամանակը ցույց կտա:Սակայն մինչ այդ նկատենք, որ այս օրերին ադրբեջանական աղբյուրները որոշակի մտահոգություններ ունեն՝ կապված տարածաշրջանային այլ հաղորդակցության ուղիների հետ: Օրինակ՝ « haqqin.az»-ը ներկայացնում է վրացի  փորձագետ, նախագահի նախկին խորհրդական Վախթանգ Մաիսայի այն տեսակետը, թե հայաստանյան այցի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը, թե ՌԴ-ն ակտիվորեն ներգրավվելու է Իրան-Հայաստան, մեկն է վերջին ժամանակներս ահագնացող այն ակնարկներից, որ Մոսկվան էապես մեծացնելու է իր ճնշումները՝ աբխազական երկաթուղու վերագործարկման հարցով. «Մեդվեդեւը մեղմ ձեւաչափով վերջնագիր ներկայացրեց Թբիլիսիին... ՌԴ-ն շատ է հետաքրքրված ԵՏՄ-ի զարգացման հարցով եւ, բնականաբար, կգնա վճռական  գործողությունների, որպեսզի բացի դեպի Հայաստան միջանցքը...»:
Եվ սրանում տրամաբանություն կա. ինչքան էլ Էրդողանը դեպի ՌԴ հայացքներ գցի, Մոսկվան հազիվ թե շրջանցի այն փաստը, որ ԲԹԿ-ն ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ՝ ՌԴ-ն շրջանցող եւ քաղաքական տեսանկյունից՝ թուրքական աշխարհն իրար կապող ծրագիր է: Ու դրա հակակշիռը հենց աբխազական երկաթուղին է:
Բացի այդ, թեեւ քաղաքական առումով ԲԹԿ-ն Անկարայի համար հույժ կարեւոր է, սակայն տնտեսական առումով այն թերի է.  ԲԹԿ-ով Թուրքիան կարող է ՌԴ-ի հետ երկաթուղային կապ ստանալ, սակայն այն մնում է կախված Բաքվից:  Մինչդեռ զուտ տնտեսական առումով աբխազական երկաթուղին դեպի ՌԴ Թուրքիայի համար շատ հարմար ուղի կլիներ:
Վրաստանի համար նույնպես ԲԹԿ-ն դեպի Թուրքիա եւ ավելի հեռուները տանող հարմար ծրագիր է: Բայց նաեւ այն էլ ավելի է մեծացնում երկրի կախվածությունը թուրքական գործոնից, եւ դեպի ՌԴ այլընտրանքային ուղու դերը դառնում է  էլ ավելի կարեւոր: Ուստիեւ, հազիվ թե պատահականություն էր, որ նոր էր ԲԹԿ գործարկվել, որ Վրաստանի արեւելյան հատվածներում սկսվեցին վրաց-ազերական բախումները:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Եվ այս ամենով հանդերձ, կա նաեւ այն հարցը, թե Վաշինգտոնը դեռ երկա՞ր կպահի մասնավորապես Վրաստանում ունեցած իր երբեմնի աշխարհաքաղաքական դերը: Այն, որ Մերձավոր Արեւելքում դիրքերի թուլացումը բերում է նաեւ Հարավային Կովկասում թուլացման, արդեն իսկ տեսանելի է դառնում: Սակայն վերջնական էֆեկտը, թերեւս, տեսանելի կդառնա միայն սիրիական պատերազմի ավարտից հետո: Չնայած՝ Թրամփը շրջագայության է մեկնում ասիական երկրներ, եւ վերլուծաբանները շատ են խոսում Չինաստանի հետ հնարավոր պայմանավորվածություններից: Դրան զուգահեռ, համառորեն քննարկվում է նաեւ Չինաստանից հետո նաեւ Մոսկվայի հետ որոշակի պայմանավորվածությունների հեռանկարի հարցը, այդ թվում՝ կապված Մերձավոր Արեւելքի եւ հարակից գոտիների հետ: Ընդ որում, վերլուծաբաններից շատերը տրամաբանական են համարում այն տարբերակը, որ երբ ակտիվորեն զարգանում է ՌԴ-Հարավային Կովկաս- Իրան ուղղությունը, դա նույնպես նպաստելու է, որ Վաշինգտոնն ինքնակամ գնա այս հատվածում դիրքերի զիջման` փոխարենը զիջողություններ ակնկալելով ՌԴ-ի համար քիչ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում: Այդ մասին, ի դեպ, Թրամփն ակնարկում էր դեռ անցած տարի՝ նախընտրական թեզերում:
Կարճ ասած, կարելի է նկատել,  որ Մոսկվան փորձում է մեծացնել իր նաեւ տնտեսական ներկայության մակարդակը Հվ.Կովկաս-Մերձավոր Արեւելք ուղղությամբ, եւ ներկայիս կոմունիկացիոն գործընթացները  դրա նախերգանքն են: Իսկ սա այն գործոնն է, որին հաստատ Ղարաբաղի հետ կապված ավելորդ լարվածությունները, առավել եւս՝ նոր պատերազմը պետք չէ: Ուստիեւ այն տպավորությունն է, որ առաջիկայում նաեւ Ղարաբաղի հետ կապված որոշակի ռեալ զարգացումների հնարավորությունը եւս չի բացառվում:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА