ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եկեղեցին չի կարող գործել առանձին անհատների անձնական ակնկալությունների համաձայն». Գարեգին Բ

03.11.2017 16:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Եկեղեցին չի կարող գործել առանձին անհատների անձնական ակնկալությունների համաձայն». Գարեգին Բ

ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ հովվապետական այցելության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ.․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի երիտասարդների հետ: Եվ մինչ նրանց հուզող հարցերին պատասխանելը` Վեհափառը սփյուռքյան հայ երիտասարդներին հորդորել է գիտակցել, որ իրենք հայ ազգի, հայ եկեղեցու զավակներ են եւ իրենց առաքելությունը պետք է ունենան ազգային կյանքում` շեշտելով, որ հայերեն սովորելու նախանձախնդրությունն է պետք արթնացնել հայ երիտասարդի մեջ:

«ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԸ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ Է»

Վեհափառ Հայրապետ - Ազգային ոգու վերարթնացումը կարող ենք իրականացնել ոչ միայն այստեղ ազգային կառույցներ ձեւավորելով, նաեւ մայր հայրենիքի հետ նրանց կապը ապահովելով: Հայաստան կատարած մեկ այցը ոգեփոխություն է առաջ բերում հայ երիտասարդի մեջ: Հայաստան գալը ներշնչման աղբյուր է, ազգային ինքնության բացահայտման բացառիկ հնարավորություն յուրաքանչյուրի համար: Դուք լիարժեքորեն մեր ազգային ժառանգության եւ ավանդների կրողն եք, մնացեք հաղորդ, ներգրավված եկեղեցական, ազգային կյանքին եւ ձեր հոգին կբացվի, ձեր գիտակցությունը կզորանա եւ կլինեք ազգի արժանավոր զավակներ:

Հարց- Հայաստանում ի՞նչ դեր ունեն երիտասարդները եկեղեցու աստվածպաշտական կյանքում:

Վեհափառ Հայրապետ- Ութսուն եւ ավելի տարիներ մեր ազգի զավակները ազատ հաղորդակցվելու, եկեղեցու կյանքի մեջ լինելու հնարավորություն չեն ունեցել: Ուրախ ենք, որ այսօր մեր երիտասարդները նախանձախնդրությամբ ներգրավվում են եւ ակտիվ դերկատարություն ունեն մեր եկեղեցական կյանքում, շնորհիվ այն աշխատանքի, որ կատարվում է եկեղեցականների կողմից: Նաեւ համայնքներում, բուհերում ստեղծվում են երիտասարդական միություններ: Եկեղեցականները ծառայություն են մատուցում բանակում, այս ճանապարհով եւս կրթվում է գիտակցությունը հայ երիտասարդի:

«ԵԿԵՂԵՑԻ-ԸՆՏԱՆԻՔ ՓՈԽԼՐԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»

Հարց- Ի՞նչ է անում եկեղեցին, որպեսզի երիտասարդները եկեղեցու մաս դառնան:

Վեհափառ Հայրապետ- Քիչ առաջ մենք հանդիպեցինք շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցների երեխաների հետ: Այդ դպրոցները ճանապարհներ են, որոնցով եկեղեցին փորձում է փոքր տարիքից երեխայի մեջ ազգային եւ քրիստոնեական ոգի, գիտակցություն եւ նկարագիր կերտել, զորացնել սերը հանդեպ եկեղեցին: Բայց ջանքերը չեն կարող ամբողջական արդյունք ունենալ առանց ընտանիքի ներգրավվածության: Երեխան, որ հասակ է առնում եւ ընտանիք կազմում, այն արժեքները, որ ստացել է, փոխանցում է իր զավակին: Եկեղեցի-ընտանիք փոխլրացնող աշխատանքով կարող ենք արդյունքներ ունենալ մեր զավակների քրիստոնեական դաստիարակության գործում:շ

Հարց-Ի՞նչ դեր է վերապահված այսօր կնոջը Հայ Առաքելական Եկեղեցու մեջ, կինը կկարողանա՞ ծառայել եւ սպասավորել որպես սարկավագուհի: Ինչու՞ տղամարդուն ձեռնադրությամբ է դպրական աստիճան տրվում, իսկ ես, որ որպես դպրուհի երգում եմ դասում, չեմ ձեռնադրվում: Աշխարհը փոխվում է, հայ կինն ի՞նչ փոփոխություն կարող է ակնկալել մեր եկեղեցուց:

Վեհափառ Հայրապետ-Հայ կնոջ ակնկալություների մասին դուք պետք է մեզ տեղեկացնեք՝ ձեր սպասումները բարձրաձայնելով եւ ներկայացնելով: Հայ կնոջ դերակատարությունը եւ ազգային, եւ եկեղեցական մեր կյանքում շատ մեծ է: Քիչ առաջ խոսում էինք ազգային ինքնապահպանության մասին: Հայորդիներին այդ արժեքների փոխանցողը, ազգային ոգու կերտողը հայ կինն է: Բայց ձեր հարցի շեշտադրումը գիտենք, վերաբերում է եկեղեցում ծառայությանը, ծիսական կյանքի մեջ ներգրավվածությանը: Այսօր Մենք չենք կարող իբրեւ Կաթողիկոս Մեր իշխանությամբ փոփոխություն կատարել եկեղեցու կարգի մեջ: Այդ հարցը բարձրաձայնվել է մեր առաջնորդների կողմից, քննության առարկա է դարձել ԳՀԽ-ում եւ պետք է նաեւ քննարկման նյութ դառնա եպիկոպոսաց ժողովում: Այնտեղ կայացված որոշման համաձայն՝ թելադրությունը կտրվի առաջնորդներին՝ ի գործադրություն:

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀՈՒԶԱԿԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ԷԺԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՍՏԱԿԵԼ»

Հարց-Պատմության ընթացքում մեր եկեղեցին կարեւոր դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի կյանքում, երբ թագավորություն չի ունեցել, կամ երբ թագավորները սխալ ուղղությամբ են ընթացել: Այսօր, երբ հայրենիքում ժողովրդավարության համար պայքար է մղվում, հաճախ ժողովուրդը եկեղեցու քայլերը չի տեսնում: Որպես հոգեւոր առաջնորդ՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի եկեղեցին:

Վեհափառ Հայրապետ - Մեր եկեղեցին ազգային մեր կյանքում իր առաքելությունն է իրականացնում: Հասարակական տարբեր խնդիրների արծարրծման, բարձրաձայնման պարագայում եւս ներկա է մեր ժողովրդի կյանքում եւ առաջնորդվում է ազգի, հայրենիքի, պետականության շահերի գիտակցությամբ: Եկեղեցին չի կարող գործել առանձին անհատների անձնական ակնկալությունների համաձայն: Մենք թանկ ենք վճարել մեր պետականության համար եւ ամեն կերպ բոլորս պետք է ջանանք այդ պետականությունը զորեղ պահել: Եթե հասարակական շարժումներն ուղղված են պետականության հիմերի ամրապնդմանը, եկեղեցին այնտեղ է եւ պաշտպանում է: Ես կուզեմ այստեղ մի միջադեպ հիշատակել: Ութսունական թվականների շարժումներն էին, Վազգեն վեհափառը երկրորդ անգամ հանդես եկավ ելույթով եւ ահազանգ հնչեցրեց շարժման ղեկավարներին, մեր ժողովրդին, որ սխալ ընթացքով եք առաջնորդվում: Եվ ասաց՝ հայրենիքը սկուտեղի վրա մատուցում եք թշնամուն: Այդ արտահայտությունը չընկալվեց ոչ շարժման ղեկավարության, ոչ ժողովրղի կողմից: Եվ հայոց հայրապետի նկարները փողոցում նետված տեսանք, մարդիկ քայլում էին դրանց վրայով եւ ամեն տեսակի արտահայտություններ թույլ տալիս: Երբ երեկոյան հանդիպեցինք հայոց հայրապետին, ասացինք՝ վեհափառ, ժողովուրդը այս պահին, այս զգացմունքայնության մեջ առողջ, բանական խոսք ընկալելու ունակ չէ: Վեհափառը մի պատասխան տվեց, որը հպարտությամբ լցրեց իմ հոգին: Ասաց՝ ես չեմ կարող հուզական ալիքի վրա էժան հեղինակություն վաստակել: Եթե տեսնում եմ, որ իմ ժողովուրդը գնում է դեպի գահավիժում, պատրաստ եմ ձեռքերս տարածած՝ կանգնել նրա առաջ: Եվ եթե չեմ կարող փրկել գահավիժումից, թող իմ վրայով անցնեն, տրորեն ինձ եւ գնան: Պատասխանատվության այս զգացումով ենք առաջնորդվում մեր կյանքում: Հնարավոր է՝ մարդիկ այդպես չգնահատեն իմ գործունեությունը: Այդ գիտակցությամբ, այդ ոգով գործել եմ եւ պիտի գործեմ:

«ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՊԱՅԾԱՌ, ԶՈՐԵՂ, ԲԱՐՕՐ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐՈՂ ԵՐԿԻՐՆ Է»

Հարց- Ո՞րն է Հայաստանի ապագայի Ձեր տեսլականը:

Վեհափառ Հայրապետ- Մեր տեսլականը պայծառ, զորեղ, բարօր կյանքով ապրող երկիրն է եւ մեր երկրին ու Ժողովրդին ծառայություն բերող եկեղեցին, որպեսզի ե՛ւ հայրենիքը, ե՛ւ մեր եկեղեցին հարազատ տուն դառնան մեր զավակների համար:

Հարց -Սուրբ եկեղեցու գլխավոր առաքելությունը այսօր ո՞րն է:

Վեհափառ Հայրապետ- Հոգեփրկությունն ու ազգային ինքնության պահպանումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА