ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կինը չեղած բանից բողոքի, ամուսնուն բռնեն քրգործ հարուցե՞ն, ես դա չեմ ընդունում»

01.11.2017 21:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կինը չեղած բանից բողոքի, ամուսնուն բռնեն քրգործ հարուցե՞ն, ես դա չեմ ընդունում»

Դամոկլյան սրի պես «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը շարունակում է կախված մնալ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների գլխին: Հանրության լայն շրջանակներում «ընտանիքաքանդ» ձեւակերպումը ստացած այս նախագծի մասին, որը հետեւողական փորձում է կյանքի կոչել ՀՀ արդարադատության նախարարությունը, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԻ տեսակետը:

– Ընտանեկան բռնություն ասելով` մարդիկ տարբեր ընկալումներ ունեն: Ընտանիքում երբ երեխայի վրա ջղայնանում ես, տեսնում ես չարություն է անում, մի ապտակ ես տալիս, սա ծնողական սեր է, դաստիարակություն է եւ ոչ բռնություն: Իսկ այն, որ կնոջդ անընդհատ ծեծում ես, ամեն ինչի համար վիրավորում ես, սա արդեն խոշտանգում է, եւ դրա համար կան համապատասխան օրենքներ: Ընդ որում` դրանք էլ կարող են ինչ-որ տեղ ընդունելի չլինել մեզ համար, բայց մարդկային հասարակության համար ընդունելի են: Երբ ամուսինն ամեն օր խմած, հարբած վիճակում տեղի-անտեղի կնոջը կամ երեխային ծեծում է, սա արդեն ուրիշ հասկացողություն է, ինչը դատապարտելի է օրենքի սահմաններում: Միեւնույն ժամանակ, կան նաեւ մեր ազգային արժեհամակարգին հակասող խնդիրներ, որոնք նույնպես պետք է հաշվի առնել: Օրինակ, ամուսիններով վիճում են, կամ այնպիսի մի արարք է արել մեկնումեկը, որ մի հատ էլ ապտակ է ստանում: Մարդ ես, բռնկվում ես չէ՞, սրանք հարցեր են, որ պետք է ճիշտ դիտարկել եւ իրավիճակը գնահատելով` տալ պատիժ: Կինը չեղած բանից բողոքի, ամուսնուն բռնեն, քրեական գործ հարուցե՞ն, ես դա չեմ ընդունում:

Ի դեպ, ոչ միայն կինը, նախագծի համաձայն, հարեւանն էլ կարող է ենթադրել, թե Ձեր ընտանիքում բռնություն կա եւ անանուն դիմել իրավապահներին:

– Մարդ ես, տան մեջ բարձր ես խոսում կամ վիճում ես, կարող է հարեւանը զանգի, գան քեզ տանե՞ն: Սա էլ ինչ-որ տեղ ընդունելի չէ: Էլի եմ ասում` բռնության ձեւեր կան, որոնք բոլորն էլ համարում են բռնություն: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ամեն մի փոքր վեճի համար դիմեն համապատասխան օրգաններին, սա կնշանակի, որ ոստիկանությանն էլ կշեղենք իր հիմնական գործից: Վերջիվերջո, վարչական այլ մարմիններ ունենք, որոնք կարող են ավելի շատ ընտանիքին եւ հասարակությանն օգնել, թող այդ ձեւերը կիրառեն:

Առհասարակ, ինչպիսի՞ իրավիճակ է քրդական համայնքում, եւ որքանո՞վ եք ընտանեկան բռնության մասին օրենքը համարում անհրաժեշտություն:

– Մինչեւ հիմա մեր համայնքում չեմ տեսել այդպիսի դեպքեր, որ քրեական գործեր հարուցվեն` կնոջը ծեծելու համար: Սա նաեւ արժեհամակարգի հարց է: Եթե ուզում են օրենք ընդունել, թող դաստիարակչական մեթոդներ կիրառեն, զգուշացումներ լինեն եւ այլն, մինչեւ մեր ժողովուրդը եզրակացություններ կանի, թե որոնք են բռնություն ծնող հանգամանքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА