ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք դողում ենք մեր ընտանեկան արժեքների վրա եւ այս հարցում չպետք է շատ առաջ ընկնենք»

01.11.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
 «Մենք դողում ենք մեր ընտանեկան արժեքների վրա եւ այս հարցում չպետք է շատ առաջ ընկնենք»

Խորհրդարանում ընթանում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, եւ արդեն իսկ որոշակի թվեր հայտնի են: Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայում ապահովել միջինը 5- տոկոսանոց տնտեսական աճ։ Իսկ որպես գլխավոր ձեռքբերում` 2018-ի բյուջեի համար նշվում է մեկ հիմնական փաստարկ` 2018 թվականին Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցվելու է մեկ տոկոսային կետով: Կառավարության ներկայացրած նախագծի, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսված Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

«ԳՆԱՃ ԿԱ, ԵՎ ԱՅՆ ՏԱՆԵԼՈՒ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ»

– Պարոն Գրիգորյան, որքանո՞վ է խոստումնալից կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը: 

– Իհարկե, նոր է սկսվել բյուջեի քննարկումը, բայց արդեն իսկ որոշակի մտահոգություններ կան, հատկապես այն հատվածում, որ փաստորեն, կառավարությունը նախատեսում է 2018 թվականի բյուջեով 100 մլդ դոլար մուտքերի ավելացում, բայց սոցիալական ոլորտում` աշխատավարձերը եւ կենսաթոշակները թողնում ենք նույնը: Բոլորս էլ շատ լավ տեսնում ենք, որ գնաճ կա, եւ այն տանելու է նաեւ աղքատության ավելացման: Իսկ աղքատության ավելացումը շատ դեպքերում տանելու է նաեւ արտագաղթի ավելացման: Այս մասին նախորդ ԱԺ քառօրյային իմ հայտարարության ժամանակ էլ եմ բարձրաձայնել: 

– 2018-ի բյուջեի ծախսային գլխավոր առանձնահատկությունը որոշ ուղղություններով ծախսերի կտրուկ նվազումն է, մասնավորապես` էականորեն կրճատվել են կրթության եւ առողջապահության ոլորտների հատկացումները: Արդյոք սա իր ազդեցությունը չի ունենա բնակչության կենսամակարդակի եւ հանրային կյանքի որակի բարելավման ցուցանիշների վրա: 

– Ընդհանրապես բոլոր կրճատումներն էլ մտահոգիչ են: Որոշակի ծրագրեր իրականացնելու համար հարկավոր են միջոցներ, իսկ առանց միջոցների չես կարող լուրջ եւ արդյունավետ ծրագիր իրականացնել: Ավելին` այսօր այդ կրճատումները եւս հարյուրավոր մարդկանց թողնելու է անաշխատանք, հանապազօրյա հացից է զրկելու, եւ այս առումով` վտանգ կա: Կառավարությունն ասում է, որ հետագա զարգացման գումարները հիմնականում ուղղելու ենք ռեալ սեկտոր, այսինքն` հիմք պատրաստելով հետագա տնտեսական աճը, կայունությունն ապահովելու համար, բայց գիտեք, եթե մարդը չկարողացավ վաստակել կամ չունեցավ հնարավորություն վաստակելու, էլի եմ կրկնում` բռնելու է արտագաղթի ճանապարհը, որպեսզի կարողանա իր ընտանիքի գոյությունը պահպանել:

– Կառավարության կանխատեսումների համաձայն՝ 2017-ի վերջին պարտքը կկազմի 6.7 մլրդ դոլար, որից շուրջ 5.4 մլրդ դոլարը կլինի արտաքին պարտքը, իսկ շուրջ 1.26 մլրդ դոլարը` ներքինը։ Բնական է, որ ծախսերի կրճատումը պայմանավորված է նաեւ արդեն 7 մլրդ-ի հասնող արտաքին պարտքի գոյացմամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Արդեն լուրջ պարտք է կուտակվել, եւ այսօր, իսկապես, բյուջեի մեծ մասը պետք է ուղղվի պարտքերը փակելու համար: Այսինքն` այն գումարները, որոնք պետք է գնային սոցիալական ոլորտի բարելավմանը, ժողովրդի կենսական մակարդակի բարձրացմանը, դրանով պարտավոր ենք պարտքերը տալ, քանի որ վերցրել ենք: Դեռ այն ժամանակ էինք բարձրաձայնում, ասում, որ դա սերունդների վրա մնացող պարտք է, իսկ հիմա արդեն երեւում է, որ ոչ թե սերունդների, այլ հենց այս սերունդի վրա է մնացել այն:

«ՄԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

– Ի դեպ, նոյեմբերին նախատեսվում է, որ կստորագրվի Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, որտեղ եւս տնտեսական բաղադրիչն ակնառու չէ, այլ ավելի շատ մտահոգիչ կետեր կան, օրինակ ատոմակայանի փակման վտանգը: Ուսումնասիրե՞լ եք խնդիրը:

– Ատոմակայանը չգործարկելու հետ կապված` չեմ կարծում, թե լուրջ խնդիր կա, որովհետեւ ատոմակայանը, երեւի, առաջին հերթին միջազգային ատոմակայանների հանձնաժողովն է թույլատրել շահագործել: Եվ այսօր չեմ տեսնում, որ վաղը ատոմակայանի փակման խնդիր է դրվելու: Իհարկե, թեպետ մասնագետները միշտ ասում են, որ մեր ատոմակայանը համեմատաբար անվտանգ շահագործվող ատոմակայաններից մեկն է, բայց, ամեն դեպքում, պետք է մտածենք նոր ատոմակայան ունենալու մասին, եւ այդ խնդիրն անպայման դնենք: 

– Այդուհանդերձ, ի՞նչ կտա մեզ Եվրամիության հետ ստորագրված այս փաստաթուղթը` պարտավորություններից բացի:

– Կարծում եմ` մենք պետք է կարողանանք մեր արտաքին քաղաքականությունը այնպես ձեւավորել եւ հիմնավորել, որ ե՛ւ Եվրամիության հետ կարողանանք մեր բարիդրացիական հարաբերությունները պահպանել, ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ: Չմոռանանք, որ ԵՏՄ-ում էլ մեծ շուկա կա, իսկ այս փաստաթուղթը, որը պլանավորվում է առաջիկայում ստորագրել, ամեն դեպքում` մեզ համար կարեւոր է:

«ՀԵՆՑ ՆՈՒՅՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ԵՆ ՀԻԱՑՄՈՒՆՔՈՎ ԽՈՍՈՒՄ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

– Որքան էլ այն ուղիղ կապ չունենա վերոնշյալ փաստաթղթի հետ, բայց որպես դրա հետեւանք` վերջին շրջանում լայն արձագանք գտավ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի քննարկումները: Հետաքրքիր է` ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:  

– Լսումներին ես էլ եմ մասնակցել: Իհարկե, մեր խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել այդ նախագծի վերաբերյալ, բայց չեմ կարծում, թե որեւէ մեկը կողմ է, որ ընտանիքում բռնություններ լինեն` երեխա-ծնող կամ ամուսիններ հարաբերություններում: Եվ չեմ էլ կարծում, որ մեր երկրում կամ հայ ժողովրդի մեջ կգտնվի մեկը, որը կխրախուսի այդ բռնությունը: Բայց արժեքներ կան, որ մեզ մոտ շատ լավ հիմքերի վրա է դրված: Շատ ժամանակ հանդիպումների ընթացքում հենց նույն եվրոպական դիվանագետներն են հիացմունքով խոսում մեր ընտանիքների մասին: Նույնիսկ հորդորել են, որ հնարավորինս ընտանեկան մեր այդ արժեքները կարողանանք ավելի երկար պահել, որովհետեւ տեսել են մեր երեխա-ծնող, ամուսիններ հարաբերությունը: Գուցե, ժամանակն իրենց տարել է, եւ իրենք այդ արժեքներից հեռացել են եւ դրա համար էլ այլ անկյունից են նայում: Բայց էլի եմ ասում` նույնիսկ իրենք են մեզ հորդորել` կառչած մնալ մեր արժեքներից եւ կարողանալ այն պահել: Միեւնույնն է, ես այն կարծիքին են, որ ժամանակը մեզ էլ է տանելու դեպի այդ մտածելակերպը, որովհետեւ միջավայրը փոխվում է, բայց հիմա պետք է կարողանանք այն պահպանել: Ընդհանրապես, նույն եվրոպացու համար էլ է սա ընդունելի, իրենք էլ են այդպես մտածում եւ գիտեն, որ մի երկու հարյուր տարի առաջ իրենք էլ են ունեցել այն արժեքները, որոնց վրա մենք դողում ենք, եւ մեր խնդիրն է, որ այս հարցում շատ առաջ չընկնենք:

– Եթե կարծում եք, որ հենց եվրոպացիներն են գիտակցում այդ արժեքների կարեւորությունը, ապա ինչո՞ւ է այս պարտադրված նախագծով փորձ արվում խարխլել հայկական ընտանիքները: 

– Չեմ կարծում, որ այդպես պարտադրված է: Գուցե մանրամասներին չեմ տիրապետում, եւ որոշակի պարտավորություններ ունենք Եվրամիության առաջ, բայց վստահ չեմ, որ այս նախագիծը խիստ պարտադրված է ու անպայման այս տեսքով պետք է ընդունվի: Դեռ քննարկումներ կլինեն, եւ անպայման առաջարկություններ կարվեն, ու այն որոշակի փոփոխությունների կենթարկվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА