ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.11.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ Երեւանում եւ ընդհանրապես երկրում մթնոլորտը «դդմատոնային» է, երեւում է ոչ միայն Հյուսիսային պողոտայով շրջող սատանեքի եւ չարքերի տեսքով, այլեւ զարմանալիորեն որոշեց արտահայտվել ՊՊԾ գունդը գրաված զինյալների «գաղափարախոս» ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Կանենք ընդամենը փոքրիկ մեջբերում. «Անհրաժեշտ է համախմբվել ընդդիմադիրներով եւ ժողովրդին կազմակերպել ապստամբության: Քաղաքական գործունեության միակ ձեւն ազգային ազատագրական պայքարն է, ոչ թե ինքնախաբեությունը եւ ժողովրդին խաբելն ընտրություններով»: 
Ինչպես հայտնի է, շատ են կոկորդիլոսի արցունքներ թափվել, իբր ՀՀ վաստակավոր հացադուլիստ ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ հանիրավի է ձերբակալվել, քաղբանտարկյալ է եւ այլն: Բայց ահա դատարանում հնչեց վկա Գեղամ Սահակյանի ցուցմունքը, ով մտերիմ էր Ղուկասյանի հետ, եւ «Ժառանգության» գրասենյակում Անդրեասն իրենից հետաքրքրվեց, արդյո՞ք Գլինկայի հարակից փողոցներում ոստիկաններ կան. «Ես էլ հարցրի, թե որն է Գլինկա փողոցը, Անդրեասը բերեց քարտեզ, որի վրա նշումներ կային, ցույց տվեց այդ փողոցը, ես էլ ասացի` էդ հատվածում ոստիկաններ չկան: Հարցրի, թե ինչի համար ես հարցնում, Անդրեասն ասաց, որ միտինգ պիտի անենք, ժողովրդին տանենք, բորբոքենք, որ գնանք, տղաներին միանանք: Անդրեասն ասաց, որ պիտի ժողովրդին ոգեւորեին, անպայման պիտի միանան, տղաները մեզ են սպասում: Անդրեասն ասաց` պիտի գնանք, ջարդենք, փշրենք: Նա ինձ ասաց նաեւ, որ երկու տարբեր փողոցներով մարդկանց պիտի տանենք, որ ոստիկանությանը խուճապի մատնեն: Ես էլ ասի` զգույշ եղի, եթե Ալեք Ենիգոմշյանին ձերբակալել են, քեզ էլ կձերբակալեն»: Դե ինչ, զարմանալիորեն, ի լուր հանրությանը, հնչեց, որ «քաղբանտարկյալը» նաեւ ջարդող-փշրող է:
Ինչպես հայտնի է, քանիցս մեր հանրությունը վրդովվել է` հայտնաբերելով որսագողերի լուսանկարներ, որոնք պարծենում են Կարմիր գրքում ընդգրկված թռչունների որսով: Հայտնվեց նաեւ հերթականը, որ ոչ միայն զարմանալի է, այլեւ` արտառոց: Բնապահպանական կայքերից մեկը հրապարակեց Արագածոտնի թեմում ծառայություն իրականացնող հոգեւորականի` ՂԵՎՈՆԴ ՔԱՀԱՆԱ ԳԱԲՈՅԱՆԻ այդպիսի լուսանկարը: Այս խայտառակության առնչությամբ դեռեւս հանրությանը բացատրություն չի տրվել` Մայր Աթոռը լրագրողներին «ուղարկում» է Արագածոտնի թեմ, թեմն էլ` Մայր Աթոռ: Ուղղակի, այդ զարմանալի դեպքի առնչությամբ պետք է հիշենք հայտնի ասացվածքը` ինչպիսին տերտերն է, այնպիսին էլ` թեմը: Դե, եթե քահանան է այդպես վարվում, ապա նրան վստահված հավատացյալ քաղաքացիներից ի՞նչ սպասես: 
Քանի որ հիշատակեցինք հոգեւոր ոլորտի անուղղակիորեն առնչվող թեմա, ապա պետք է նշենք, որ ընդամենը օրեր առաջ հույժ ոգեւորված ՀԱԿ ակտիվիստ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ հիմա էլ գործում է հուսահատության մեղքը` հայտարարելով. «Ընդդիմադիր դաշտը, բնականաբար, տարիների ընթացքում հյուծվեց, եւ ակտիվիստները, որոնք հալածվեցին, որոնք ձերբակալվեցին, մի մասը հեռացավ հայրենիքից, մի մասը հյուծվեցին, մի մասը բանտերում են: Եվ ունենք այն, ինչ որ այսօր ունենք»: Դե ինչ ասես, մարդը ե՞րբ է հասկանալու, որ քաղաքականությունում այլեւս անելիք չունի:  
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА