ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-Ն ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ՞ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

01.11.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-Ն ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ՞ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Նախօրեին ԱՄՆ-ում Երդվյալների դաշնային ատենակալությունը հավանություն տվեց հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից ներկայացված մեղադրանքներին: Մանրամասնենք. Մյուլլերը հետաքննում է ԱՄՆ վերջին ընտրություններում Թրամփի օգտին ՌԴ-ի կողմից միջամտության մասին հայտնի մեղադրանքների գործը: Եվ ահա այդ գործի շրջանակներում առաջին անգամ մեղադրանք է ներկայացվել: Հիմնական մեղադրյալն է Թրամփի նախընտրական շտաբը որոշ ժամանակ ղեկավարած Փոլ Մանաֆորթը եւ նրա երբեմնի բիզնես-գործընկեր Ռիկ Գեյթսը:
ԹՐԱՄՓԸ ՀԱՂԹՈՒՄ Է
Ներկայացված մեղադրանքների մասին խոսելն անիմաստ է. չնայած դրանք վերաբերում են «ռուսական միջամտությանը», սակայն 12 մեղադրական կետերում նման բան չկա: Եվ նույնիսկ զավեշտի է նմանվում, որ «ռուսների միջատության»գործի հետ կապված Մանաֆորթին հիմնականում մեղադրում են, թե նա ժամանակին լոբբիստական ծառայություններ է մատուցել... Ուկրաինայի ղեկավարությանը, փողեր է  լվացել, հարկերից խուսափել եւ այլն: Հետագայում կլինե՞ն «ռուսական միջամտությանը» ուղղակիորեն վերաբերող մեղադրանքներ, կտեսնենք: Իսկ այս պահին Թրամփը միանգամայն հանգիստ է արձագանքում այդ  մեղադրանքներին: Իսկ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը միանգամայն տեղին նույն հանդարտությամբ ընդգծում է, թե Թրամփի նախընտրական շտաբի նախկին երկու աշխատակիցների դեմ մեղադրանքները ոչ մի կապ չունեն գործող նախագահի, նրա նախընտրական արշավի եւ Ռուսաստանի միջեւ կապի մասին պնդումների հետ. «Մենք ասել ենք, որ առաջին օրվանից ոչ մի ապացույց չկա Թրամփի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնության  մասին»: 
Չնայած՝ նշված հանգամանքը հասկանում են բոլորը: Ինչպես նաեւ, որ եթե նման կապի ապացույցներ լինեին, դրանք օր առաջ կներկայացվեին: Մյուս կողմից՝ հասկանալի է նաեւ, թե ինչու հատուկ դատախազ Մյուլլերը գնաց նաեւ անձամբ իր համար նման վտանգավոր քայլի՝ ԱՄՆ նախագահի նկատմամբ այսքան թույլ մեղադրանքներ ներկայացնելուն. եթե որոշակի ուժերի պարտադրանքը չլիներ, Մյուլլերը հազիվ թե խարակիրիի նմանվող այդ քայլին գնար: Եվ այստեղ հաջորդ հարցն է. նույն այդ  ուժերի, ավելի կոնկրետ՝ գլոբալ սուպերլիբերալիզմի հայրերի ինչի՞ն էր պետք Թրամփի դեմ սպասվող մի վերջին հարձակումը սկսել նման թույլ մեղադրանքների վրա հիմնվելով: Դրա պատասխանն էլ հասկանալի է. Թրամփը մի կողմից՝ վերջին ամիսների արտաքին ասպարեզում իր ծայրահեղ կոշտ հայտարարություններով աստիճանաբար ռազմատենչ նախագահի համբավ է ձեռք բերում, որն էապես փոխում է նաեւ ռուսական գործակալ լինելու մասին ներամերիկյան պատկերացումները: Եվ մյուս կողմից՝ «ռուսական միջամտության» գործը հնարավոր չէ անվերջ պահել քննության փուլում: Ի վերջո, թիրախում ԱՄՆ նախագահն է, եւ նա էլ, որ արդեն մոտ մեկ տարի  հանգիստ սպասում էր քննության ընթացքին, վերջին ժամանակներս իր բոլոր լծակներով պահանջում էր՝ կա՛մ հստակ ապացույցներ ներկայացնել, կա՛մ՝ գործը փակել: Ու միաժամանակ եղան նաեւ ակնարկներ, որ գործի քննության ձգձգումը խանգարում է նախագահին լիարժեք աշխատել: Իսկ դա ակնարկ էր քննողներին, որ հետագա ձգձգումների դեպքում իրենք կարող են հայտնվել այն սարսափեցնող մեղադրանքների առաջ, որ այդ կերպ ծանր վնաս են հասցնում երկրի շահերին: Այսինքն՝ ստիպված էին անցնել հարձակման ձեռքի տակ ունեցած միջոցներով: Եվ այն, որ խոսում են ընդամենը Մանաֆորթի կողմից ուկրաինական փողեր «լվալու» մասին, բերում են «Google»-ի եւ «Facebook»-ի ոչ պակաս թույլիկ ուսումնասիրություններ, հուշում է, որ «ռուսական միջամտության» մասին այդպես էլ փաստեր չեն կարողացել գտնել: Այսինքն, որ, ըստ ամենայնի, մի քիչ էլ Մանաֆորթի, միգուցե նաեւ Թրամփի մեկ-երկու այլ կողմնակիցների հետ կապված այդ սցենարը կխաղարկվի, եւ «ռուսական միջամտության» թեման կանցնի պատմության գիրկը:
Մի խոսքով, եթե սուպերլիբերալներն արագորեն ինչ-որ նոր սխեմաներ կգտնեն, թերեւս արդեն մեկ-երկու ամսից Թրամփը բոլոր շանսերը կստանա՝ արդեն մոտ մեկ տարի իր գագաթնակետին հասած ներամերիկյան այս կատաղի պատերազմն իր օգտին ավարտելու համար: Դրանով իսկ կստանա իր իրական եւ ոչ թե ներքին այդ պայքարի պահանջներից բխող քաղաքականությունը վարելու հնարավորություն: Եվ ամբողջ հարցն այն է, թե ինչպիսի՞ն կլինի իրական Թրամփը:
ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
Չնայած, արդեն իսկ ԱՄՆ-ի մասնավորապես` արտաքին գործունեության փոփոխության հետ կապված որոշակի տարրեր սկսել են նկատվել: Այստեղ, թերեւս, արժե հիշեցնել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի օրերս արած հայտարարությունը. «Մերձավոր Արեւելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: Ամերիկան կարող է նրանց ուղղակի օգնել: Ուստի` պատիվ ունեմ հայտարարելու, որ նախագահ Թրամփը հրահանգել է Պետքարտուղարությանը՝ դադարեցնել ՄԱԿ-ի անարդյունավետ օգնության ֆինանսավորումը: Այսուհետ Ամերիկան ուղղակի օժանդակություն կտրամադրի այդ համայնքներին»: Խոսքը Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների մասին է, սակայն մեկ դրվագ կա, որը համընդհանուր բնույթի է. «Թրամփը հրահանգել է Պետքարտուղարությանը՝ դադարեցնել ՄԱԿ-ի անարդյունավետ օգնության ֆինանսավորումը»: Նկատի ունենք, որ քիչ չեն փաստերը, որոնք վկայում են, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը փորձում է հետ քաշվել տարաբնույթ «միջազգային կազմակերպությունների» հետ  երբեմնի մասշտաբային համատեղ ֆինանսական ծրագրերից, այդ թվում՝ գրանտակերական: Ամեն դեպքում, Պետդեպարտամենտի ֆինանսավորման կրճատման մասին է խոսում նաեւ ոչ անհայտ Մեթյու Բրայզան. «Նախագահ Թրամփը փորձում է նվազեցնել ԱՄՆ ղեկավարության դերակատարությունն աշխարհում, այդ թվում՝ Պետքարտուղարությունում խիստ բյուջետային կրճատումների միջոցով»: Ընդ որում, ըստ Բրայզայի, Արցախը մեկն է այն ուղղություններից, որը դուրս է մնացել Սպիտակ տան ուշադրությունից. «Կարծում եմ, որ Թրամփի աշխատակազմը ԼՂ հակամարտությանն ամենաբարձր մակարդակով չէ ուշադրություն դարձնում...»:
Նկատենք, որ դեռ մեկ-երկու ամիս առաջ էր, որ խոսակցություններ տարածվեցին, թե ԱՄՆ-ն կարող է կրճատել նաեւ Մինսկի խմբում ամերիկյան հատուկ ներկայացուցչի հաստիքը՝ լիազորությունները փոխանցելով Եվրոպական եւ Եվրասիական բյուրոյի փոխտնօրենի օգնականին: Իսկ նման կարգավիճակի նվազեցումը, ինչպես նաեւ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Քերի Քավանոն էր նկատել. «Ամենայն հավանականությամբ, կդիտարկվի որպես ազդանշան` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման 25-ամյա գործընթացին ԱՄՆ-ի աջակցությունը նվազեցնելու, եւ հնարավոր խթան է Ռուսաստանի դերի մեծացման համար»:
Եվ ահա, վերադառնալով փոխնախագահ Փենսի հիշատակված հայտարարությանը, նկատենք, որ դրա դետալներն ակնարկում են, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում կիրառվող որոշ գործիքներից սկսում է հրաժարվել: Ընդ որում` նկատենք, որ հենց փոխնախագահի ասած այդ «միջազգային կազմակերպություններն» են, որ մինչ այժմ էլ կասկածվում են մասնավորապես ահաբեկչական կառույցների հզորության աճին նպաստելու մեջ: Ասենք, Պետդեպարտամենտի խողովակներով ֆինանսավորման կրճատումը եւս առկա գործիքակազմի սահմանափակում է նշանակում: Եվ այն դեպքում, երբ նշված տարածաշրջանում ԱՄՆ-ի դերակատարությունն առանց այդ էլ նկատելիորեն թուլացել է, եղած աշխատանքային մեխանիզմների մի մասից հրաժարվելն էլ ավելի է թուլացնելու դիրքերը:
Վերջապես, նույն Փենսն իր հայտարարության մեջ կիրառում է նաեւ «Հայկական լեռնաշխարհ» տերմինը՝ որպես Քրիստոնեության բնօրրաններից մեկը: Իսկ դա, բացի նրանից, որ ոչ միայն կարող է խոր կնճիռներ առաջ բերել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, այլ նաեւ  անուղղակի ծանր հարված է մասնավորապես Ղարաբաղի հարցում Ադրբեջանի քաղաքականությանը. էլ ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, եթե մասնավորապես Արցախը «Հայկական լեռնաշխարհի» մասն էր առնվազն Քրիստոնեության առաջացման ժամանակներում:
Մի խոսքով, այս բոլոր նյուանսներն ակնարկում են, որ իրոք ԱՄՆ-ը կարող է սահմանափակել իր ակտիվությունը Մեծ Մերձավոր Արեւելքում, հետեւաբար նաեւ՝ Կովկասյան տարածաշրջանում: Եվ դա ֆանտաստիկայի ժանրից չէ, հաշվի առնելով, որ նման դրույթներ ներառված էին դեռ Թրամփի նախընտրական ծրագրում: Դրա նախնական տարրերը արդեն իսկ նկատվում են,  բայց թե իրականում կգնա՞ Թրամփը նման արմատական քայլերի, հստակ տեսանելի կդառնա միայն ներամերիկյան պայքարում նրա ռեալ հաղթանակի պարագայում: Այսինքն, հնարավոր է, որ ամենամոտ ժամանակներում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА