ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՐՔԵՐԻ «ԴԴՄԱՏՈՆԸ»

01.11.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՐՔԵՐԻ «ԴԴՄԱՏՈՆԸ»

«Սատանաներ» են շրջում մայրաքաղաքում: Հելլոուին է, կամ հայերեն ասած` դդմատոն: Անշուշտ, «դդմագլուխների» մեծ մասը տուրք են տալիս «մոդային» եւ «առաջադիմությանը», կարճ ասած, սովորական օտարամոլներ են եւ ուրիշ ոչինչ: Մինչդեռ դդմատոնը ոչ լավն է, ոչ վատը, այն պարզապես մերը չէ: Իսկ այն առաջ տանողները (նկատի ունենք ոչ թե շարքային դդմագլուխներին, այլ տիկնիկավարներին), անշուշտ, դրա օգնությամբ առաջ են տանում անգլոսաքսոնական ազդեցությունը: 
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐՆ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ
Այս տարվա դդմատոնը արտաքնապես գրեթե չի տարբերվում նախորդ տարիներից: Գրեթե... Բայց կան դետալներ, որ ակնհայտ խորհրդանիշեր են, եւ ունեն որոշակի հասցեատերեր: Անշուշտ, հայտնի է, որ բացառությամբ անգլոսաքսոնական աշխարհի եւ մի շարք երկրների, քրիստոնեական եկեղեցիները դա համարում են սատանիստական տոն: Իսկ որտեղ սատանիզմ, այնտեղ նաեւ` երեխայի զոհաբերություն, կամ դրա խորհրդանիշ:
Խորհրդանիշն ունենք: Հենց դդմատոնի նախօրեին` 3 տարեկան երեխայի պատանդառություն մանկապարտեզում: Այդպիսի բան մեր երկրում չեն հիշում նույնիսկ ամենաալեհեր ծերունիները, դա այն է, ինչ Հայաստանում աներեւակայելի է: Բայց տեղի ունեցավ հենց խորհրդանշական ամսաթվին ընդառաջ: Անկասկած, 2016-ի ամռանը ոճրագործ խմբի կողմից ՊՊԾ գնդում իրականացված պատանդառությունը դարձավ նախադեպ մեր երկրում պատադ վերցնելու համար: Անկասկած, զօրուգիշեր քրեական բարքեր քարոզող հեռուստասերիալները դրա համար պարարտ հող են ստեղծել: Նաեւ առկա է շատերի համոզմունքը, որ դա որոշակի արշավի բաղկացուցիչ մաս է: Զորօրինակ, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի. «Հիմա ինձ ոչ ոք չի համոզի, որ այսօրվա դեպքը ընտանեկան բռնությունների մասին օրենքն անցկացնելու համար չի «դասավորվել»:  
Իհարկե, այդ ենթադրությունը տրամաբանական է, մանավանդ, որ հակաընտանեկան օրենքի քարոզիչները, դա միանգամից մատի փաթաթան սարքելով, սկսեցին հիսթերիկ ճչալ, թե եթե այդ օրենքը լիներ, նման դեպքեր չէին լինի: Բայց դա ամբողջը չէ` դդմատոնի նախօրեին սկանդալների կիզակետից անկախ անձնավորությունը` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզան Խաչատրյանը, Ֆեյսբուքում հրապարակում է հոդված` «Ընտրություններից հետո, կամ «հեղափոխությունից» առաջ»: Այդ գրառման հետ դրված տիկին Ռուզանի այդ նկարը նույնպես խորհրդանշական է` ֆեմինիզմի խորհրդանիշ մանուշակագույն զգեստ` սեւ ու սպիտակ ինտերիերի ֆոնի վրա: Ֆեմինիստական բնույթի ակնարկ կա նաեւ բուն տեքստում. «Իմ մոտեցումները ամենեւին էլ իդեալիստական չեն. կա պատճառաբանված անհանգստություն բոլորի մոտ. անհրաժեշտ է միայն քաղաքական կամք դրսեւորել:
Սեյրան Օհանյանը, լինելով պատերազմող երկրի ռազմական գործիչ, չի կարող օբյեկտիվ գնահատական չտալ իրականությանը եւ չտեսնել երկրի պետականությանը սպառնացող վտանգները: Քաղաքական տարբեր շրջանակներում միշտ համարձակություն ունի բարձրաձայնելու իր մտածածը»:
Տիկինը քայլում է ամուսնու առջեւից, այլ ոչ թե հակառակը: Ակամա հիշում ես նաեւ այն խոսակցությունները, որ հենց տիկինն էր դրդել Սեյրան Օհանյանին ներքաշվելու թունդ ընդդիմադիր, հակապետականին սահմանակից հարթություն: 
Իսկ որ տեքստում առկա խորհրդանիշները հասցեատերերին գտել են` հասցեատերերը երեւում են հրապարակումը կիսող-տարածողների ցանկում: Այդ վեց տասնյակից գրեթե կեսը գենդերի, գլոբալիզմի, ծայրահեղ լիբերալիզմի, կոսմոպոլիտիզմի ակտիվիստ դեմքեր են ՀԿ-ներից եւ քարոզչամիջոցներից: Ու նաեւ տպավորություն է ստեղծվում, որ Ռուզան Խաչատրյանը չէ տեքստի իրական հեղինակը: Անշուշտ, բժշկագիտության դոկտոր այդ տիկնոջ մտավոր կարողությունները բարձր են գնահատում, բայց դժվար է հավատալ, որ նա խորհրդանիշերի լեզվին տիրապետած լինի քաջատեղյակների, գրեթե տամպլիերական մակարդակով: 
«ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԿՈԴԸ. ԻՆՉՈՒ ԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Տիկինը նաեւ խոսում է հեղափոխական թեմայից. «Իսկ հեղափոխությունները կլինեն գարնանը թե աշնանը... եւ ընդհանրապես, կլինեն կամ չեն լինի, ես չեմ կարող կանխատեսել»: Բայց դա բժշկագիտության դոկտորի  ամենեւին էլ առաջին հոդվածը չէ: Դրան նախորդել էր «Աշնանային տրակտատ» վերնագրով հոդվածը: Այդ հրապարակումն ունի ուշագրավ վերջաբան. «...Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետեւ լատինական հզոր իմաստնությունը հուշում է. ՈՉՆՉԻՑ ՈՉԻՆՉ Է ՍԵՐՈՒՄ (EX NIHILO NIHIL)»: 
«Քիչ ժամանակ է մնացել...»` այդ խորիմաստ եզրահանգմանը, սակայն, նախորդում է անանուն շառ-բամբասանքի ոճով պատում, որ իբր 18 տարի առաջ իր մոտ ատամներ է բուժել ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, եւ ընկերուհին պատմել է, թե ինչ ջանքեր է գործադրել բանակից խուսափելու համար: Եվ ահա ամբողջ խորհրդարանական խմբակցության մակարդակով (խոսքը «Ելքի» մասին է) հարցում է ուղղվում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` այդ բամբասանքային պատումը մեկնաբանելու «խստագույն պահանջով»: Ու քաղաքական կլոունադայի այդ ակտի համար չեն ափսոսում օգտագործել խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Երկրորդ հոդվածում էլ կա բամբասանքային պատում` արդեն նաեւ շանտաժի տարրերով, ձայնագրությունների եւ այլ նյութերի հիշատակումով: Դե պարզ է, եթե թվաքանակով երրորդ խորհրդարանական խմբակցությանն են լծում քաղաքական ծաղրածուի, Հելլոուինի դիմակը կրողի եւ ծամածռվողի գործին, ապա քարոզչամիջոցների արածն ու անելիքը ինչ մակարդակի է: 
Ուրեմն` 2018-ի ապրիլին ենթադրվելիք հեղափոխության (կամ հեղաշրջման) կոդն այնպիսին է, որ տիկնիկավարներին շատ է խանգարում ներկայիս պաշտպանության նախարարի անձը, եւ նրան թիրախավորելու համար պատրաստ են յուրայիններին այնպես անխնա օգտագործել, որ վերջում նրանց վարկանիշից բան չի մնա: Հիմա ինչո՞վ է այդքան խանգարում պատվիրատուներին պաշտպանության նախարարը: 
Նա համակարգային մտածողության կրող է, հետեւողական եւ նպատակասլաց է, եւ կարողանում է գերտերությունների մայրաքաղաքներում անթերի պաշտոնյայի համբավ ունենալ: Բայց միաժամանակ միակ դերը, որին նա հաստատ պիտանի չէ, դա կամակատարի, խամաճիկի դերն է: Այսինքն` հատկություն, որն օգտակար է ՀՀ պետական շահի տեսակետից, բայց այնքան էլ հաճելի չէ խոշոր խաղացողներին: Գումարած դրան` ինչպես ցույց տվեցին նրա վերջին օրենսդրական նախաձեռնությունների խորհրդարանական քննարկումները, նա ունակ է նաեւ հարկ եղած դեպքում դիմադրողներին շատ կոշտ տրորելու: 
Իսկ թե ինչու այդ` մեղմ ասած, լավ բուրմունք չունեցող քարոզչական պատերազմում այդպիսի դեր է հատկացվում Սեյրան Օհանյան-Ռուզան Խաչատրյան զույգին, դա էլ ունի նաեւ որոշակի սուբյեկտիվ բաղադրիչ: Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանի օգնությամբ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը արդյունավետորեն մաքրել է բանակը այն տարրերից, որոնք 2016-ի ամռանը համարվում էին ՊՊԾ գունդը զավթած գրոհայինների պոտենցիալ աջակիցներ: 
Հասկանալի է, որ ՕՐՕ դաշինքի մնացորդներին ինչ-որ կարեւոր դերակատարում տրվում է ծրագրվելիք «հեղափոխությունում»: Բայց կարեւոր դեր այդտեղ ունեն եւ պետական բյուրոկրատիայի այն ներկայացուցիչները, ովքեր զբաղված են հակաընտանեկան օրենքի, համասեռամոլներին պաշտպանող քրեական հոդվածի եւ ինքնիշխանությունը քարուքանդ անող Ստամբուլյան կոնվենցիայի հետեւողական լոբբինգով: Իսկ այդտեղ նկատվում է, որ որպես դժոխքի մարմնացում, հանրությանը մատուցվում է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի կերպարը: Մասնավորապես նրա առնչությամբ հիշեցվում է. «Բրիտանիայի դեսպանատունը դեռ փետրվարին հատուկ ֆինանսավորել է, որպեսզի սույն պարոնի գլխավորած պատվիրակությունը մեկնի Միացյալ Թագավորություն եւ մեջբերում եմ. «... նպատակ ունենալով ուսումնասիրել խտրականության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի բրիտանական փորձը: Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացված այս հնգօրյա ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հակախտրականության մասին համապարփակ օրենսդրության ընդունմանն ու կիրառմանը...»: Ու հաշված ամիսներ անց ՀՀ Ազգային ժողով է ներկայացվում ընտանեկան բռնության կանխարգելման մասին սկանդալային օրինագիծը, իսկ այժմ էլ տեղեկանում ենք, որ շուտով քննարկվելու է հակախտրականության մասին ռեֆորմ»:
Անշուշտ, այդ կերպարը պետականական մեխանիզմի կարեւոր, շատ լավ աշխատող պտուտակ է, բայց ընդամենը պտուտակ: Եվ տպավորություն է ստեղծվում, որ հաշվի առնելով հանրային բուռն ընդվզումը այդ ճիվաղային օրենսդրական նախաձեռնությունների հանդեպ` նրա համար նախատեսված է քավության նոխազի, զոհաբերման ենթակայի կարգավիճակ: Որպեսզի պլստան ավելի կարեւոր դերակատարները: Դե, օրինակ, նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչու չէ` նաեւ ստվերային ֆիգուրներ, ում անունները հրապարակային հարթությունում գրեթե չեն շոշափվում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА