ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 30-ՐԴ ՆԻՍՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

31.10.2017 20:15 ԹԵՄԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 30-ՐԴ ՆԻՍՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Եվ այսպես, 2017թ. նոյեմբերի 2-3-ին Երեւանում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ` ՄԽՀ- Ա.Գ.) 30-րդ նիստը: ՄԽՀ նիստի գլխավոր թեման է լինելու` «Փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը տնտեսության բնագավառում` ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի Ուղերձի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Ա. Սարգսյանի Ուղերձի»:
Թեմայի ընտրությունն, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներն իրենց ուղերձներում (2016թ. դեկտեմբերի 1-ին և 2017թ. մայիսի 18-ին) որակապես նոր խնդիրներ առաջադրեցին, որոնք համահունչ են արդի մարտահրավերներին: Ավելին, հայ-ռուսական համագործակցությանը նոր ազդակ հաղորդեց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի` ս.թ. հոկտեմբերի 24-ին կայացած պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվեցին համաձայնագրեր միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության, ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման, ինչպես նաև արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին: ՄԽՀ մասնակիցների առանձնահատուկ պատասխանատվությունը պայմանավորված է նաև նրանով, որ 30-րդ նիստը տեղի է ունենալու մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 20-ամյակի տարում: Վերոնշյալից ելնելով` շատ կարևոր է համակողմանիորեն իմաստավորել անցած ճանապարհը, միևնույն ժամանակ` չտրվելով մեր երկրների միջև արտաքին առևտրային շրջանառության էական աճի դրական դինամիկայով, Հայաստանի` ռուսական կապիտալ ունեցող մոտ մեկուկես հազար ձեռնարկությունների հաջող աշխատանքով գոհանալու գայթակղությանը, օբյեկտիվորեն գնահատել մեր տնտեսությունների ինտեգրացիայի ներկայիս մակարդակը, պարզել տնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման ցայժմ չօգտագործված հնարավորությունները: Այսպիսի մոտեցման են մեզ նպատակաուղղում մեր երկրների խորհրդարաններին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Սերժ Ազատի Սարգսյանի ուղերձները: ՀՀ նախագահի Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ «կարևորագույն նշանակություն ունեն նաև այնպիսի տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը նպատակաուղղված է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը»: Միևնույն ժամանակ, առանձնապես ընդգծվել է, որ «պետությունը պրոակտիվ ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության մեջ»: Փորձենք այս համատեքստում վերլուծել` կա՞ն արդյոք չօգտագործված ռեզերվներ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների մակարդակի բարձրացման համար: Կարծում եմ, որ այդպիսի ռեզերվներ, անշուշտ, կան: Վերցնենք թեկուզ ՀՀ-ի և ՌԴ-ի արտաքին առևտրի դինամիկան վերջին 2 տարում: Այսպես, եթե 2016թ. հունվար-օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 803 մլն 271,2 հազ. դոլար, ինչը կազմել է ՀՀ ողջ արտաքին ապրանքաշրջանառության 25,8%-ը, ապա 2017թ. հունվար-օգոստոսին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 991 մլն 766,9 հազ. դոլար, ինչը ՀՀ ողջ արտաքին առևտրի ծավալի 25,6%-ն է: Այսպիսով, այս տվյալները վկայում են այն մասին, որ նշված ժամանակաշրջանում մեր երկրների միջև ապրանքաշրջանառության աճի տեմպը կազմել է 123,5%: Այս մասին է վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկագիրը («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-օգոստոսին», էջ 78): Հատկանշական է, որ համաձայն այս նույն աղբյուրի` Եվրամիության հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2016թ. հունվար-օգոստոսին կազմել է 762 մլն 286,1 հազ. դոլար, իսկ 2017թ. հունվար-օգոստոսին` համապատասխանաբար 947 մլն 446,9 հազ. դոլար, այսինքն` Հայաստան-ԵՄ արտաքին առևտրի ծավալի աճի տեմպը կազմել է 124,3%, իսկ Հայաստան-ԵՄ արտաքին ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը արտաքին առևտրի ընդհանուր ծավալում եթե 2016թ. ութ ամիսներին կազմել է 24,4%, ապա 2017թ. համապատասխան ժամանակահատվածում այն իջել է մինչև 17,4% մակարդակի:
Հետաքրքիր պատկեր է նկատվում նաև Ռուսաստանի և Եվրամիության հետ Հայաստանի արտաքին առևտրում արտահանման և ներմուծման հարաբերակցության փոփոխության դինամիկայում: Այսպես, 2016թ. հունվար-օգոստոսին արտահանումը Հայաստանից Ռուսաստան կազմել է 226 մլն 992,5 հազ. դոլար, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում` համապատասխանաբար 310 մլն 14,3 հազ. դոլար (արտահանման աճի տեմպը կազմել է 136,6%): Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծումը 2016թ. 8 ամիսներին կազմել է 412 մլն 52,9 հազ. դոլար, 2017թ. նույն ժամանակահատվածի համար` 505 մլն 891,1 հազ. դոլար (ներմուծման աճի տեմպը կազմել է 122,8%): ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրում պատկերը հետևյալն է. 2016թ. հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանումը ԵՄ կազմել է 307 մլն 576,3 հազ. դոլար, 2017թ. նույն ժամանակահատվածում` 407 մլն 949,3 հազ. դոլար (արտահանման աճի տեմպը կազմել է 132,6%), 2016թ. հունվար-օգոստոսին ԵՄ-ից ներմուծումը Հայաստան համապատասխանաբար կազմել է 487 մլն 914,8 հազ. դոլար, 2017թ. նույն ժամանակահատվածի համար` 590 մլն 195,7 հազ. դոլար (ներմուծման աճի տեմպը կազմել է 121,0%): Այսպիսին է պաշտոնական վիճակագրությունը («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-օգոստոսին», էջ 80): Պատկերն էլ ավելի հետաքրքիր է, երբ դիտարկում ենք արտահանվող և ներմուծվող ապրանքային տեսականին, ընդ որում` ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ առևտրում, այլև, օրինակ, երրորդ երկրներից Ռուսաստան ներկրվող ապրանքներինը:
Այսպես, ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայության «Արտաքին առևտրի վիճակի մասին 2016թ.» և «Արտաքին առևտրի վիճակի մասին 2017թ. 1-ին կիսամյակում» հրապարակումների համապատասխան` պարզվում է, որ 2016թ. Ռուսաստան կարևորագույն ապրանքների ներմուծման ծավալը կազմել է 182 մլրդ 262 մլն դոլար, այդ թվում` 33 մլրդ 785 մլն-ը բաժին է ընկել քիմիական արդյունաբերության արտադրանքին, կաուչուկին: 2017թ. 1-ին կիսամյակում նույն տեսականու ապրանքների ներմուծման վրա ծախսվել է 18 մլրդ 538 դոլար, միևնույն ժամանակ, նույն տեսականու ապրանքների ներմուծման աճի տեմպը կազմել է 118,3%: Ավելի վաղ ես արդեն առավել հանգամանալիորեն անդրադարձել եմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման անհրաժեշտությանը, որպեսզի լիովին ապահովվի Ռուսաստանի կաուչուկի և քիմիական արդյունաբերության մի շարք ապրանքների պահանջարկը, որոնց ներմուծման համար Ռուսաստանն ամեն տարի միլիարդավոր դոլարներ է ծախսում (տե՛ս «Արտաշես Գեղամյան. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը» հոդվածը, «Արմենպրես», 8 սեպտեմբերի 2017թ.): Միևնույն ժամանակ, նշենք, որ 2017թ. 1-ին կիսամյակում քիմիական արդյունաբերության արտադրանքի, կաուչուկի ներմուծման աճի տեմպը (2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ) կազմել է 119,0%:
Կամ` մեկ այլ օրինակ. 2016թ. տեքստիլի և կոշիկի տեսակարար կշիռը Ռուսաստանի ներմուծման ընդհանուր ծավալում կազմել է 5,8% կամ արժեքային արտահայտությամբ` 9,7 մլրդ դոլար: Նշենք նաև, որ 2017թ. 1-ին կիսամյակում Ռուսաստանի ներմուծման ծավալը կազմել է 101,8 մլրդ դոլար, միևնույն ժամանակ` գործվածքեղենի և կոշիկի տեսակարար կշիռը կրկին կազմել է 5,8% ներմուծման ընդհանուր ծավալում, ինչն արժեքային ատրահայտությամբ կազմում է 5,9 մլրդ դոլար,և ինչը զգալիորեն ավելի բարձր է 2016թ. 1-ին կիսամյակի համապատասխան ցուցանիշից:
Այնինչ, բոլորին է հայտնի, որ հայ տեքստիլագործների և կոշկակարների արտադրանքն ավանդաբար մեծ պահանջարկ է ունեցել և ունի, ինչպես Խորհրդային Միության ժամանակ, այնպես էլ մեր օրերում, ընդ որում` ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայի երկրներում: Արդյունաբերության նշված ճյուղերում ներդրումներ արվելու պարագայում կարելի է քանիցս ավելացնել այս տեսականու ապրանքների արտադրությունը:
Իսկ ընդհանուր առմամբ, վերը ներկայացված ցուցանիշները, անկասկած, վկայում են Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ տնտեսական ինտեգրացիոն գործընթացների զարգացման չօգտագործված հսկայական ներուժի մասին: Այո, մենք գոհունակությամբ փաստում ենք, որ Հայաստանի տնտեսությունում կուտակված ռուսաստանյան կապիտալ ներդրումների ծավալը կազմում է օտարերկրյա բոլոր ներդրումների մոտ 40%-ը, որ ՀՀ-ում, ինչպես վերը նշեցինք, մոտ 1,5 հազար ձեռնարկություն կա ռուսաստանյան կապիտալով: Ավելին, Հայաստանի տնտեսությունում գործում են խոշոր ռուսաստանյան ընկերություններ` «Գազպրոմ» Բաց (Հանրային) Բաժնետիրական ընկերություն, «Ռոսատոմ» Արտադրական համակարգ, «ՌԵՈւ» ԲԲԸ, «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ԲԲԸ, «ՎՏԲ բանկ», «ՌՈւՍԱԼ» միավորված ընկերություն: Միևնույն ժամանակ, եթե ավելի խոր վերլուծենք հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության ներդրումային բաղադրիչը, ապա փոքր-ինչ այլ պատկեր էլ է ուրվագծվում: Այսպես, եթե 2015թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքերը (զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա (տվյալ պարագայում` ռուսաստանյան) ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են) կազմել են 27 մլրդ 733,3 մլն դրամ (կամ 58,03 մլն դոլար), որից ուղղակի ներդրումները կազմել են 35 մլրդ 983,3 մլն դրամ (կամ 75,29 մլն դոլար), ապա 2016թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքերը կազմել են (մինուս) -52 մլրդ 10,2 մլն դրամ (կամ մինուս 108,8 մլն դոլար), որից ուղղակի ներդրումները կազմել են (մինուս) -26 մլրդ 290,5 մլն դրամ (կամ մինուս 55,0 մլն դոլար): Նշենք, որ Ռուսաստանից ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները), որոնք կազմել են (մինուս) -79 մլրդ 743,6 մլն դրամ (կամ 130,3 մլն դոլար): Այս տվյալները ներկայացված են ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-փետրվարին» տեղեկատուի 77-րդ էջում: Նույն միտումներն են դիտվել նաև 2017թ. 1-ին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսաստանյան ներդրումների հոսքերի դինամիկայում: Այսպես, 2017թ. հունվար-հունիսին Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքերը կազմել են (մինուս) -25 մլրդ 709,2 մլն դրամ (կամ մինուս 53,1 մլն դոլար), որից ուղղակի ներդրումները Ռուսաստանից կազմել են (մինուս) -12 մլրդ 298 մլն դրամ (կամ մինուս 25,38 մլն դոլար): Նշված վիճակագրությունը բերված է ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-հուլիսին» տեղեկագրից (էջ 102): Այսպիսով, վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին տնտեսական հարաբերություններում տեղի է ունեցել աններդրումային գործընթաց, այսինքն` ներդրումային շրջանառությունից մինչ այդ ներդրված կապիտալի հանման գործընթաց` առանց ներդրումային նպատակներով դրա հետագա օգտագործման: Այլ խոսքով, ցավոք, մենք իրավացիորեն կարող ենք արձանագրել, որ վերջին մեկուկես տարում ռուսաստանյան ընկերությունների ներդրումները հիմնական կապիտալում, որոնք ներդրումներ են հանդիսանում հիմնական արտադրաֆոնդերում (գործարանի կամ վարչական շենքի, ձեռնարկության տիպի ֆիզիկական օբյեկտներ) և սարքավորումներում (հաստոցներ, մեքենաներ և փոխադրամիջոցներ), ինչպես նաև պաշարների ստեղծման համար արված ներդրումները (նկատի ունենք հումքի, կիսաֆաբրիկատների ռեզերվները չավարտված արտադրության փուլում կամ ընկերություններին պատկանող պատրաստի արտադրանքը) ընդհանուր ծավալով բացասական են եղել, այսինքն` տեղի է ունեցել ֆինանսական կապիտալի արտահոսք: Այստեղ նշենք, որ պաշարների ստեղծման նպատակով արվող ներդրումները նշանակում են դրանց փոփոխություն տվյալ ժամանակահատվածի համար, ընդ որում` պաշարների աճը վկայում է դրական ներդրումների, իսկ դրանց կրճատումը` բացասական ներդրումների մասին:
Այսինքն` կրկնում եմ, նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել աններդրումային գործընթաց: Միևնույն ժամանակ, նշենք նաև, որ, ցավոք, ինչպես մեր ռուսաստանցի գործընկերների, այնպես էլ ՀՀ գործադիր իշխանության տեսադաշտից դուրս է մնում ներդրումների այնպիսի կարևորագույն տեսակ, ինչպիսին են ներդրումները բնակարանային ֆոնդի և սոցիալապես նշանակալի օբյեկտների շինարարության մեջ` ռուսաստանյան կապիտալ ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցների համար, բնականաբար` ՀՀ գործադիր իշխանության տարբեր մակարդակների մարմինների բաժնետիրական մասնակցությամբ: Որպեսզի ոչ ոքի չնեղացնենք, հանուն արդարության նշենք, որ որոշ ներդրումներ, ցավոք` իրենց ծավալներով բավական աննշան, ռուսաստանյան կապիտալ ունեցող առանձին ընկերությունների կողմից իրականացվել են:
Որպեսզի ընթերցողը տպավորություն չստանա, թե հայկական կողմը չափից ավելի մեծ սպասելիքներ ունի Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների էական ավելացման առումով, նշեմ միայն, որ Ռուսաստանի և Հայաստանի համատեղ ներդրումային ծրագրերի պրոֆեսիոնալ մակարդակով մշակումը, իսկ հետագայում` նաև դրանց հաջող իրագործումը հարյուրապատիկ կհատուցվեն: Ընդ որում` ներդրողների զուտ տնտեսական շահից զատ, ըստ մեզ, պակաս կարևոր չի լինի նաև քաղաքական բաղադրիչը, այն է. Հայաստանի Հանրապետությունը, Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով, սեփական օրինակով ցույց կտա այդ միության ողջ հեռանկարայնությունը: Ընդ որում` ոչ միայն տարածաշրջանային հարևաններին, մասնավորապես` Թուրքիային, Ադրբեջանին և Իրանին, այլև, ինչը պակաս կարևոր չէ, Եվրոպական միությանը, որի հետ ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրում:
Կարծում եմ, որ վերը բարձրացված հարցերի ողջ կարևորության ընկալումը և դրանց իրագործման ուղիները սահմանելը արժանի տեղ կգտնեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա 30-րդ նիստի ընթացքում:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,
Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ
www.amiab.am
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА