ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.10.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


1920-ի հոկտեմբերի 30-ին առանց դիմադրության ընկավ Կարսը: 2017-ի նույն օրը տեղի ունեցավ ապշեցուցիչ բարոյական անկման մասին վկայող իրադարձություն` Արմավիր քաղաքում ոմն ոճրագործ, ներխուժելով մանկապարտեզ, պատանդ վերցրեց 3 տարեկան երեխայի: Իրավապահները վնասազերծեցին հանցագործին եւ անվնաս ազատեցին փոքրիկին, բայց այստեղ պետք է նշենք մի զարմանալի հանգամանք: Այդ ոճրագործին հավասար մեղավոր պետք է համարել ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, որի որոշում կայացնող դեմքերը, տարիներ շարունակ ցինիկաբար խոսելով «ռեյտինգ ապահովելու» նկատառումների մասին, հեռուստաէկրաններից մշտապես մարդկանց գլխին լցրեցին պղծություն եւ հանցագործ բարքեր: Եվ օրինաչափորեն այդ զազրելի հանցագործությունը պետք է համարել հենց ոճիր քարոզող սերիալների պտուղներից մեկը...
Իսկ այժմ ոճրագործ պետության մասին որոշ, ավելի շուտ օրինաչափ, քան զարմանալի բաներ: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ հրապարակել է ուշագրավ տեղեկատվություն, թե որ երկրից քանի հոգի են հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակում»` Ռուսաստան` 176, Գերմանիա` 67, ԱՄՆ` 51, Իտալիա` 49, Ֆրանսիա` 42, Բելգիա` 31, Մեծ Բրիտանիա` 22,  Լեհաստան` 14, Ուկրաինա` 14, Վրաստան` 14: Դե ինչ, այդ ցուցակում հայտնվելը պատվավոր գործ է, այնպես որ, իտալացիները կարող են նախանձել ամերիկացիներին, ամերիկացիները` գերմանացիներին, գերմանացիները` ռուսներին: Իսկ Աշոտյանը դրա առնչությամբ արձանագրում է. «Ինքնին նման ցուցակի գոյությունը, ինչպես նաեւ հետեւողական ընդլայնումը վկայությունն են թե՛ Ադրբեջանի միջնադարյան մտածելակերպի, թե՛ քաղաքական անզորության: Ակնհայտ է, որ Արցախի միջազգայնացման գնացքը տեղից վաղուց է շարժվել, եւ նման պարզունակ հնարքներն այն խոչընդոտել չեն կարող»: 
Ինչպես հայտնի է, ոմն «ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ» հիսթերիկ հայտարարել է, որ այն պաշտոնյաները, ովքեր դեմ են հակաընտանեկան օրենքին, իրենց կանանց հաստատ ենթարկում են ահավոր տնտեսական եւ հոգեբանական բռնությունների: Ահավասիկ, ներկայացնում ենք մի հատված Էդուարդ Շարմազանովի կնոջ` տիկին Լիլիթի մեկնաբանությունից. «Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ արտահայտություններ ու շաբլոն դարձած բառակույտ կա, որն օգտագործվում է տեղի ու անտեղի: Օդում կրակում են «կանանց իրավունքներ», «լուրջ ու սարսափելի հետեւանքներ», «բռնություններ», ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ գուցե իրական եւ փաստարկված պատկեր չունեն այդ մարդիկ: Եթե նրանց բոլոր հայտարարությունները` կանաց իրավունքների հետ կապված, այս կարգի տրամաբանությամբ արվեն, ինչն արվել է իմ ընտանիքի վերաբերյալ` լուրջ կասկածներ ունեմ, որ դրանք հարիր են իրավապաշտպանի խոսքի արժեքին, որը պետք է գնահատված եւ գիտակցված լինի: Նա իրավապաշտպան է, եւ նրա խոսքը պիտի որ արժեք ունենա, քանի որ մարդիկ նրա խոսքին հետեւում են»: Դե ինչ, քանզի հիսթերիային տրվում է այդքան հանգիստ եւ բարեկիրթ պատասխան, ապա կարծում ենք, ակնհայտ է, թե ով ունի երջանիկ ընտանեկան կյանք, իսկ ով չարացած է ամբողջ աշխարհից:
Կրկին եկավ «Հելլոուինը», կամ հայերեն ասած` ԴԴՄԱՏՈՆԸ: Ոմանք դա որակում են պիղծ սատանայություն, ոմանք` հաճույքով տոնում են: Բայց թերեւս իմաստ ունի ընդամենը փաստել` դա ոչ լավն է, ոչ վատն է, դա պարզապես մերը չէ: Իսկ դիմակահանդեսներ սիրող երիտասարդները թող գոնե մեկ անգամ տեսնեն, թե հեռավոր գյուղերում ինչպես են տոնում Բարեկենդանը, ու դրանից հետո աչքներին էլ «Հելլոուին» չի երեւա: Ի դեպ, Բարեկենդանի ավանդույթը տեսած երիտասարդներից մեկը նաեւ իր մաղթանքը գրեց այդ դդմատոնի վերաբերյալ. «Եթե Երեւանով երեխայիս հետ քայլելիս որեւէ մեկին տեսնեմ սատանայի կերպարով, ապա միանգամից քացու տակ կգցեմ, որպեսզի զավակս գլխանց սովորի չվախենալ սատանաներից»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА