ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՁԱԽՈՂՎԵՑ

31.10.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՁԱԽՈՂՎԵՑ

Հայտարարությունը, որով անցած շաբաթ հանդես եկավ Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, աչքի ընկավ իր տրագիկոմեդիկ բնույթով: Այսպես, տիկին դեսպանն այն մտքին է, որ իր երկիրը, անկախ Բրեքսիթի գործընթացից, շահագրգռված է, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրվի: Դեսպանն իր միտքը փորձեց բացատրել այսպես. «Չնայած բրիտանացիները որոշեցին լքել Եվրոպական միությունը, բայց Միացյալ թագավորությունը չդադարեց Եվրոպայի մաս լինելուց եւ շարունակելու է համագործակցել եվրոպական գործընկերների հետ ոչ ավելի քիչ, քան նախկինում էր»:

ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ԹՈՂԱԾ...
Հասկանալի է՝ Բրիտանիայի գործն է, թե ինչպես պետք է համագործակցի Եվրոպայի հետ՝ ԵՄ-ն լքելուց հետո: Սակայն դրանով հանդերձ էլ՝ բրիտանացիները, այնուամենայնիվ, որոշեցին լքել ԵՄ-ն: Եվ դրանից հետո, հետաքրքիր է, բրիտանական դեսպանն այդ ո՞ր բարոյական իրավունքով է կողմ արտահայտվում ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագրին: Ավելին, նույնքան տարօրինակ կլիներ, եթե նա անգամ դրան դեմ արտահայտվեր: Նկատի ունենք դեսպանի եւ ի դեմս նրա՝ բրիտանական կառավարության այդ ի՞նչ գործն է, թե իր հետ կապ չունեցող երկու սուբյեկտ համաձայնագիր կստորագրե՞ն, թե՝ ոչ: Եթե ԵՄ-ն այդքան լավն էր, թող հենց Բրիտանիան այնտեղից դուրս չգար: Մինչդեռ հենց այդ Բրեքսիթով Բրիտանիան ԵՄ-ն կանգնեցրեց ոչնչացման շեմին, ու հիմա էլ իրենց դեսպանի միջոցով Հայաստանի՞ն են մղում դեպի այդ տրոհվող միություն...
Չնայած հասկանալի է՝ նման հայտարարություններով տիկին Ջուդիթը ոչ այնքան Հայաստանին դեմ կամ կողմ ինչ-որ քայլ է անում, այլ պարզապես փորձում է ավելորդ անգամ հարվածել ԵՏՄ-ին, այսինքն՝ Ռուսաստանին, ինչը բրիտանական ամեն մի չինովնիկ իր սուրբ պարտքն է համարում: Այսինքն, կարելի էր նաեւ ուշադրություն չդարձնել դեսպանի հիշատակված հայտարարությանը, եթե դրան զուգահեռ ամենասուր օրակարգ չմտներ այն գործոններից մեկը, որը կարող էր եւս մեկ անգամ հիմքից ցնցել ԵՄ-ն եւ որը հազիվ թե ներկայումս տեղի ունենար, եթե չլիներ բրիտանական Բրեքսիթը: Նկատի  ունենք մոտ մեկամսյա տատանումից հետո կատալոնական խորհրդարանի անցած շաբաթվա վերջի որոշումը, որով երկրամասն անկախություն հռչակեց:

ԵՌՕՐՅԱ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Բայց հարց է՝ կատալոնական խորհրդարանը կհռչակե՞ր անկախությունը, եթե հատկապես վերջին օրերին չգտնվեր զանգվածային ճնշումների տակ: Այդ ցույցերին դեռ կվերադառնանք: Մինչ այդ, հիշեցնենք Մադրիդի ռեակցիան, ինչպես եւ սպասվում էր,  կայծակնային էր. միանգամից հայտարարվեց, որ պաշտոնից ազատում է Կատալոնիայի գործնականում բոլոր ղեկավարներին եւ նրանց փոխարեն նշանակում պաշտոնակատարների: Դրանից զատ, անցած կիրակի տեղի ունեցած տարբեր հաշվարկներով, մի քանի հարյուր հազարից մինչեւ մեկ միլիոնանոց հանրահավաքը, որը դեմ էր երկրամասի անկախության հռչակմանը, այն հարցն առաջ քաշեց, թե իրականում կատալոնացիները պատրա՞ստ են մինչեւ վերջ գնալ անկախության ճանապարհով: Արդյունքում, թեեւ մինչ այդ Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավարները հայտարարում էին, թե հրաժարվում են ենթարկվել, սակայն երեկ առավոտյան նրանցից մեկ-երկուսն էին ներկայացել աշխատավայր: Նրանք էլ տարբեր պատրվակներով արագորեն հեռացան, եւ շատ չանցած` կատալոնական խորհրդարանը հայտարարեց, թե ընդունում է լուծարման մասին Մադրիդի որոշումը:  
Ինչո՞ւ այսքան կտրուկ  փոխվեց կատալոնական խորհրդարանը, որն ընդամենը երեք օր առաջ էր անկախություն հռչակել եւ հայտարարում էր մինչեւ վերջ պայքարելու պատրաստակամության մասին: Չբացառենք, որ պատճառներից մեկը Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսի առաջարկն էր, որով Մադրիդը հայտարարեց որոշակի զիջումների միջոցով այս ծայրահեղ ճգնաժամից դուրս գալու հնարավորության մասին. «Ես բացառում եմ անկախությունը, սակայն մեծ ինքնավարությունը՝ ոչ, նույնիսկ երբ այն ներկայում արդեն ամենալայն լիազորություններով ու արտոնություններով տարածաշրջաններից մեկն է ոչ միայն Իսպանիայում, այլեւ՝ ողջ աշխարհում»: Այսինքն, Կատալոնիան ստացավ առավելագույնը,  որ այս իրավիճակում ռեալ էր՝ ինքնավարության նոր լիազորություններ:
Իսկ անկախության տարբերակը, թերեւս, Մադրիդը կկասեցներ մինչեւ իսկ ուժային տարբերակով, թերեւս դրանում ունենալով եվրոպական հիմնական մայրաքաղաքների ոչ հրապարակային «դաբրոն»: Այն պարզ պատճառով, որ ի սկզբանե էլ ակնհայտ էր, թե Կատալոնիայի անկախությունը միանգամից ԵՄ-ի հիմքերին ուղղված ինչ հարված էր դառնալու: Եվ պատահական չեն եվրոպական տարբեր աղբյուրների այն ակնարկները, որ այս օրերին եվրոպական առանցքային ուժերն ամեն ինչ անում էին նախ՝ Մադրիդին ուժային քայլերից հետ պահելու համար, ապա նաեւ Կատալոնիային հավաստիացնելու, որ ծայրահեղ դեպքում ուժային միջոցառումները կարտոնվեն: 
Այսինքն, որ խնդիրը ոչ թե միայն Կատալոնիային անկախություն տալ-չտալն է, այլ՝ ԵՄ-ի լինել-չլինելը: Բայց ահա, ըստ նույն աղբյուրների, հարց է նաեւ, թե իրականում ո՞վ էր առաջ տանում այս մեծ խաղը: Հիշելով այն հայտարարությունները, որ հազիվ ընտրվելուն պես ԵՄ-ի լինել-չլինելու խնդրի հետ կապված արել էր Թրամփը, կատալոնական այս իրավիճակը Բեռլինում եւ Փարիզում հակված են համարել Վաշինգտոնի միջամտության արդյունք: Բայց ահա Սպիտակ տունը բոլորից առաջ ընկավ` հայտարարելով, թե չի աջակցում Կատալոնիայի անկախությանը: Դրանից հետո դեռ կասկածներ կան, որ այդ հայտարարությունն ընդամենը հնարավոր մեղադրանքներից ձերբազատվելու փորձ է: Բայց նաեւ քիչ չեն ակնարկներն այն մասին, որ իրականում կատալոնական եւ Եվրոպայի այլ տարածաշրջաններում սպասվող նման անկախացման շարժումների հիմքում սորոսյան փողերն են դրված: Առավել եւս, հաշվի առնելով, որ նույն սուպերլիբերալ ուժերն այս օրերին բուն ԱՄՆ-ում Թրամփի դեմ եւս հերթական գրոհն են ձեռնարկում: Այսպես, նախագահական ընտրություններում «ռուսական հետքի» աղմկոտ պատմության հետ կապված առաջիկայում կարող է մի քանի անձանց մեղադրանքներ ներկայացվել: Ճիշտ է, դրանք հազիվ թե դատավճիռների վերածվեն, սակայն էականը ամենեւին էլ դա չէ: Այս նոր աղմուկը, ինչպես նաեւ Թրամփն է մեկնաբանել, ուղղված է նախապատրաստված հարկային բարեփոխումների գործընթացը կասեցնելուն, որն ընկալվում էր պետական կառավարումից դոլարի տպագրությամբ զբաղվող Ֆեդերալ ռեզերվային համակարգի սեփականատերերին մեկուսացնելու քայլերից մեկը: Ներամերիկյան պայքարի այս սպասվող փուլի մասին խոսելու առիթներ ունեցել ենք, չկրկնենք: Նկատենք միայն, որ կարծես թե այդ սպասվող մեծ կռվի մեկնարկը տրված է, եւ որ դրա ազդակները հաստատ Նահանգների սահմաններից դուրս եւս կզգացվեն:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԻ՞ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻՆ
Կատալոնական այս պատմությունը եւս, կարծես թե այդ ներամերիկյան մեծ պայքարի արտաքին արտացոլանքներից մեկն էր՝ ստանդարտ «գունավոր հեղափոխության» տեսքով: Համենայնդեպս այն, որ ընդամենը հաշված օրեր առաջ կատալոնացիների զանգվածային միտինգները պարտադրեցին խորհրդարանին՝ անկախություն հռչակել, իսկ երեկ աշխատանքի գնացած կատալոնյան պաշտոնյաներին պաշտպանելու համար հազիվ տասնյակ մարդիկ էին հավաքվել, արդեն իսկ հուշում է այն զանգվածային միտինգների «գունավոր» բնույթի մասին: Ընդ որում, կարծես թե նաեւ Թրամփի վարչակազմում են հասկանում, որ վերջնարդյունքում՝ ներամերիկյան այդ պայքարի դրվագ դարձող նման «գունավոր» փորձեր կարող են եւ նորից լինել: Համենայնդեպս, փոխնախագահ Մայք Փենսի օրերս արած սկանդալային հայտարարության մեջ նման ակնարկներ նկատելի են. «Մերձավոր Արեւելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: Ամերիկան կարող է նրանց ուղղակի օգնել: Ուստի` պատիվ ունեմ հայտարարելու, որ նախագահ Թրամփը հրահանգել է Պետքարտուղարությանը՝ դադարեցնել ՄԱԿ-ի անարդյունավետ օգնության ֆինանսավորումը: Այսուհետ Ամերիկան ուղղակի օժանդակություն կտրամադրի այդ համայնքներին»: 
Իհարկե, դեռ մեկնաբանության է սպասում Փենսի հայտարարության երկրորդ հատվածը, որտեղ նա խոսում է քրիստոնեության ծագումնաբանությունից, թե այն սկիզբ է առել. «Սիրիայի սարերում, Լիբանանի հովիտներում, Նինվեի հարթավայրերում, Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի եւ Եփրատի ափերից մինչեւ Նեղոսի դելտա մեր հավատքի հայրերն ու մայրերը քրիստոնյա հավատքի սերմերն են տնկել»: Հատկապես՝ ուշագրավ է Հայկական լեռնաշխարհի մասին նրա հիշեցումը, որը պետք է որ Անկարայում որոշակի մտահոգություններ առաջ բերի: Բայց փաստը, որ ԱՄՆ-ն նման բարձր մակարդակով հորդորում է «գունավոր» գործընթացների ֆինանսական աղբյուրների՝ «միջազգային կազմակերպությունների» անգամ՝ ՄԱԿ-ին չապավինել եւ գործ ունենալ ուղղակիորեն Վաշինգտոնի հետ, հեռուն տանող շատ մտքեր է առաջ բերում: Եվ կարելի է կռահել, որ Թենսի այդ հուշումը հազիվ թե միայն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին վերաբերեր, որոնց նույն միջազգային կազմակերպություններն ու ՄԱԿ-ի ոչ պակաս սուպերլիբերալ չինովնիկները այնքան էլ երես չեն տալիս իրենց օգնություններով: Մի խոսքով, կարծես  թե ԱՄՆ փոխնախագահը բոլորին է հուշում, որ տարաբնույթ գրանտակերական ծրագրերն ու դրանց ֆինանսավորողները, եթե անգամ դրանք ԱՄՆ-ի անունից են հանդես գալիս, Սպիտակ տան հետ չկապեն, որ Վաշինգտոնը դադարեցնում է պաշտոնական խողովակներով դրանց ֆինանսավորումը: Եվ եթե այդպես է, ապա դա բավականին հետաքրքիր իրողություններ է առաջացնելու նաեւՀայաստանում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА