ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի համար խաղալու լուրջ հնարավորություններ են բացվում»

31.10.2017 13:56 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի համար խաղալու լուրջ հնարավորություններ են բացվում»

Առանց դիտարկելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պաշտոնական բացման արարողության ընթացքում նախագծի «տնտեսական, քաղաքական, ռազմավարական, քաղաքակրթական» և այլ կարևորությունների վերաբերյալ նախօրեին հնչած պաշտոնական, փորձագիտական գնահատականները(ինչը բնական էր)՝ առանձնացնեմ առնվազն մի քանի ուղղություն, որտեղ Հայաստանի համար խաղալու լուրջ հնարավորություններ են բացվում՝

1. Տնտեսական տեսանկյունից, որպես մի քանի երկրներ, նաև երկու աշխարհամասերը կապող ընդհանուր նախագծի հնարավոր մի օղակ, երկաթգիծը որոշակիորեն շրջանցում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, երկարաժամկետ հեռանկարում՝ մասամբ նաև դրան մաս կազմող Վրաստանի շահերը:
2. Անկախ երկաթգծի տնտեսական գրավչությունից՝ քաղաքական առումով տարածաշրջանում թյուրքական գործոնի ազդեցության աճը դարձյալ որևէ կերպ ձեռնտու չէ վերոնշյալ բոլոր դերակատարներին գրեթե հավասարապես:
3. Իրանը կարագացնի Ադրբեջանի հետ երկաթուղային կապն ապահովելուն միտված գործողությունները, բայց նաև Թեհրանի քաղաքական և տնտեսական օրակարգում հրամայական կդառնա Ադրբեջանից կախվածությունը հավասարակշռելու խնդիրը:
4. Թբիլիսիի պարագայում, բացի թյուրքական գործոնից տնտեսապես և քաղաքական տեսանկյունից կախվածության աճի իրողությունը, Ադրբեջանը նաև լուրջ մրցակցություն է առաջարկում տրանսպորտային խաչմերուկի, նաև տնտեսական լրջագույն հանգույցի վերածվելու Վրաստանի դրսևորած հավակնությունների հարցում:
5. Հաշվի առնելով Ադրբեջանի դերի բարձրացումը՝ Ռուսաստանը կարող է ակտիվացնել Բաքվին ԵԱՏՄ-ի կազմում ընգրկելու ջանքերը:

Իհարկե, վերոնշյալ 5 ուղղությունները չեն ընգրկում երկաթգծին առնչվող բոլոր իրողությունները, մինչդեռ որոշակի տրամաբանական շղթայում ամփոփում են Հայաստանի գործելու ուղղությունները, որոնք հետևողականորեն և սկզբունքային մոտեցումների ցուցաբերման պարագայում կարող են ապահովել շոշափելի արդյունքներ՝

1. Նախ աբխազական երկաթգծի վերաշահագործարկման հարցում: 
2. Նաև Պարսից Ծոց-Սև Ծով, Իրան-Ռուսաստան ցամաքային կապի որոշակի ծանրաբեռնվածության սպասարկման գործում, ինչից այսօր Հայաստանը փաստացիորեն զրկված է:

Իսկ վերոնշյալի համար անհրաժեշտ է՝

1. Ակտիվ դիվանագիտական, քարոզչական գործունեություն Թեհրանի, Թբիլիսիի և Մոսկվայի հետ՝ ճանապարհային հավասարակշռության ռազմավարական կարևորությունն ընգծելու, ինչպես առանձին, այնպես էլ միասնական ձևաչափեր գործարկելու տեսանկյունից: 
2. Զուգահեռ գերլարված ճիգեր երկրի ներսում՝ համապատասխան ենթակառուցվածքների անհրաժեշտ կիրառական վիճակն ապահովելու նպատակով:

Հ.Գ. Ինչ խոսք, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հատկապես տնտեսական նշանակությունը ճշգրտորեն ցույց կտա միայն ժամանակը, մինչդեռ այս անգամ ևս ժամանակին ապավինելն առնվազն անփութություն կլինի, մանավանդ որ առնվազն քաղաքական դաշտում Երևանի մանևրելու սցենարները բազմազան են:

 

Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА