ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԱԿԵԼՈ՞Ւ, ԹԵ` ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է»

27.10.2017 21:00 ԶԱՐԿԵՐԱԿ
«ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԱԿԵԼՈ՞Ւ, ԹԵ` ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է»

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտարարեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները` քննարկելու արցախյան հիմնախնդրի հետ կապված հարցեր: Սակայան այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ երբ եւ որտեղ կհանդիպեն երկու երկրների արտգործնախարարները:
Հիշեցնենք, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է այս տարվա սեպտեմբերի 23-ին` Նյու Յորքում:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպումը որքանո՞վ է կապված սահմանային վերջին լարվածության հետ: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.
- Սա հերթական հանդիպումն է, որից առանձնապես  ակնկալիքներ չունեմ եւ ըստ իս, մենք չպետք է գնանք հանդիպման: Այս հանդիպմանը գնալով, միայն պարզեցնում ենք Ալիեւի դեմքը, մինչդեռ Եվրոպան Ադրբեջանին ոտքերի տակ գցած ման է գալիս:  Մենք տեսնում ենք, որ հանդիպումները որեւէ ազդեցություն չունեն արցախյան հիմնախնդրի վրա, նույնիսկ նախագահների մակարդակով կայացած հանդիպմանը հաջորդեց սահմանային լարվածությունը: Կարծում եմ, եթե արտգործնախարարն այս հանդիպմանը չգա, ապա նրա միջազգային վարկանիշը կբաձրանա, չգնալու համար մենք ունենք բոլոր պատճառները: Սրանից հետո գուցե արցախյան հիմնահարցում փոփոխություններ լինեն, հակառակ դեպքում ամեն ինչ կծառայի Ադրբեջանի դիվանագիտական շահերին, իսկ համանախագահներն են ցույց կտան, թե տեսեք գործ ենք անում:
ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ փաստեց.
- Հաշվի առնելով այդ հանդիպումները եւ դրանցից հետո այն իրադարձությունները, որոնք կատարվում են արցախա-ադրբեջանական սահմանին, եթե նույնիսկ դրանք նախագահների մակարդակով են, ապա որեւէ հանդիպում լավատեսության առումով նախանշան ցույց չի տալիս: Այդուհանդերձ, հանդիպումները շատ կարեւոր են, կարծում եմ` խնդիրների մասին խոսակցություններն անպայման լինում են: ՀՀ նախագահը ժնեւյան հանդիպումից հետո, պատասխանելով  ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների այն մեղադրանքներին, որոնք հնչել էին հայկական կողմի հասցեին, հստակ ասել էր, որ  այդ հանդիպումներն իրենց արդյունքը կտան եւ այո, հայկական կողմը պահպանում է այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք է բերել հանդիպումների ընթացքում: Նախագահի այն խոսքը, եթե մեկ ձեռքով կրակում ես, մյուսով` բանակցում, ապա դա անհասկանալի ու անընդունելի է, կա՛մ պետք է բանակցել, կամ`կրակել, կարծում եմ` շատ տեղին էր: Նախագահը նաեւ ասաց, որ մենք երկուսին էլ պատրաստ ենք: Հայաստանը որեւէ կերպ չի խուսափում իր պարտականությունները կատարելուց, բայց մենք պետք է հստակեցնենք, Ադրբեջանը բանակցելու կողմնակի՞ց է, թե` կրակելու: Կարծում եմ` առաջիկա հանդիպման ժամանակ, մեր արտգործնախարարը անպայման նկատի կունենա վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սահմանային լարվածությունը եւ հստակ հարցադրումներ կանի Ադրբեջանի արտգործնախարարին:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ հստակ հայատարարեց.«Միշտ ասել եմ եւ այժմ էլ կրկնում եմ, այս հանդիպումները ոչինչ չեն տալու, եթե սահմանային լարվածություն կա, ապա հանդիպումները ոչինչ չեն փոխի»:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության սպասելիքներն արտգործնախարարների հանդիպումից:
1.  Ադրբեջանի վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ հանդիպումները ոչինչ չեն տալիս-45%:
2. Սա որոշ չափով կապված է սահմանային վերջին լարվցածությունը նվազեցնելու հետ-30%:
3. Գուցե Ադրբեջանը հանդիպումներին գնում է միջազգային հանրության եւ Մինսկի խմբի ճնշումների ներքո, քանի որ հանդիպումներից հետո նա չի փոխում իր վարքագիծը-20%:
4. Դժվարանում են պատասխանել-5%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА