ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այն երկրները, որոնք ստորագրել են ԵՄ համաձայնագիր, ցավալի վիճակում են հայտնվել»

27.10.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այն երկրները, որոնք ստորագրել են ԵՄ համաձայնագիր, ցավալի վիճակում են հայտնվել»

Նոյեմբերին նախատեսվում է ՀՀ-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որի տնտեսական առումով դրական եւ բացասական կողմերի մասին, «Իրավունքը» զրուցեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ` դրականն առաջին հերթին այն է, որ Հայաստանը խորացնում է ինտեգրացիոն գործընթացներում իր մասնակցությունը:

«ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ»

– Հատկապես կարեւորում եմ Եվրամիության հետ փոքր-ինչ ձգձգված փաստաթղթի վերանայումը, որի ուղղությամբ Հայաստանը հասցրեց որոշակի քայլեր իրականացնել` ինչպես տնտեսության մրցունակության բարձրացման, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ, թեեւ 2013 թվականին արդեն իսկ պատրաստ էր ԵՄ-ի հետ ասոցացման նախաստորագրումը: Մեզ համար շատ կարեւոր է փոխլրացման սկզբունքը, եւ բարեբախտություն է, որ այսօր հարցը  դրված չէ այնպես, ինչպես մի քանի տարի առաջ էր` կա՛մ-կա՛մ: Սա նշանակում է, որ Հայաստանն անկաշկանդ եւ առարկայական համագործակցություն կծավալի Եվրամիության երկրների հետ` առանց ավելորդ շտապողականության: Ուզում եմ սրա վրա հատուկ շեշտադրում անել, որովհետեւ այն երկրները, որոնք, այսպես ասած, ամեն գնով փորձում էին մտնել Եվրամիություն, չէի ասի, թե բարվոք վիճակում են: Ավելին` այն երկրները, որոնք Եվրամիության անդամ չեն, բայց ստորագրել են այդ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրԸ, բավական ցավալի վիճակում են հայտնվել՝ ե՛ւ տնտեսության հետընթացի, ե՛ւ հասարակության երկփեղկվածության, ե՛ւ ընդհանուր առաջընթացի առումով: Ինչպես, օրինակ, Մոլդովան: Այսինքն` մենք այստեղ պետք է լինենք ողջախոհ, սթափ մտածենք եւ ոչ թե տուրք տանք նրան, թե Արեւմուտքը կամ Արեւելքը ինչ կտան մեզ, եւ ամեն ինչ հարմարեցնենք իրենց, այլ ճիշտ հակառակը` ունենանք մեր ազգային օրակարգը եւ փորձենք ներդաշնակեցնել բոլոր այդ չափորոշիչները կամ նպատակներն ու պահանջները մեր տնտեսական ազգային շահերին:

«ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՈՉ ՄԵԿ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՉԻ ՇՌԱՅԼՈՒՄ»

– Պարոն Մանասերյան, որոշ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ ասում են, թե այս համաձայնագիրը Հայաստանին ֆինանսական հաջողություններ կբերի, սակայն այդ մասին հրապարակված փատաթղթում ոչ մի խոսք չկա: Ի՞նչ կասեք այս մասին: 

– Նյութական հաջողություն միայն աշխատանքի արդյունքում է լինում: Դեմ եմ այն կարծիքներին եւ հարցադրումներին, թե` Եվրասիական միությունը կամ Եվրամիությունը մեզ ի՞նչ կտա: Ոչ մի բան էլ չի տա, եթե չաշխատենք: Այդ պատրանքները, թե որեւէ մեկը մեզ ինչ-որ բան է տալու, պետք է դնել մի կողմ: Միայն համադրված, համակարգված աշխատանքն ու նպատակային ռեսուրսների ճիշտ օգտագործումն է բերում արդյունքներ: Եվ ընդամենը դրա հնարավորություն է  ընձեռվում: Շատ վաղուց Եվրամիության ղեկավարությունը հայտարարել է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ հետխորհրդային բազմաթիվ երկներում, ում հետ համագործակցում է, իր «ավելին` ավելիի դիմաց» քաղաքականության մասին: Այսինքն` կլինի՞, օրինակ, ավելի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում, ուրեմն` ավելի շատ աջակցություն կստանաք: Չի լինի առաջընթաց, ուրեմն` չպետք է ակնկալել նաեւ որեւէ ֆինանսական աջակցություն, որովհետեւ ամեն ինչ կյանքում հավասարակշռված է, հենց այնպես ոչ մեկ որեւէ մեկին գումարներ չի շռայլում: Հետեւաբար, պետք է լինել շատ զգոն, պետք է հարգել այդ կազմակերպության կարգուկանոնը, բայց, միեւնույն ժամանակ, առաջնորդվել սեփական շահերով:

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՈՐՈՇԱԿԻ ՃՆՇՈՒՄ ԵՆ ԲԱՆԵՑՆՈՒՄ»

– Հրապարակված ՀՀ-ԵՄ համաձայնագրով պարզ դարձավ, որ Եվրամիությունը վերահաստատում է Մեծամորի ատոմակայանը «փակված տեսնելու» իր ցանկությունը: Ի՞նչ վտանգներով է այն հղի մեզ համար:

– Ատոմակայանի հետ կապված լուրջ մտահոգություն չեմ տեսնում, որովհետեւ այս խնդիրը նորություն չէ: Դեռ ես Ազգային ժողովի պատգամավոր էի, երբ Եվրամիությունը 100 մլն եվրո էր առաջարկում ատոմակայանն ապամոնտաժելու համար: Նույն մտադրությունը պահպանվում է նաեւ այսօր, բայց պետք է հասկանալ, որ Եվրամիության վրա որոշակի ճնչում են բանեցնում, հատկապես մեր հարեւանները` Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք կառուցում են նոր ատոմակայաններ: Ուղղակի, մեր տնտեսական դիվանագիտությունը պետք է ի վիճակի լինի պատշաճ ձեւով ներկայացնել իրողությունը: 

– Ի վերջո, այս բովանդակությամբ փաստաթուղթը պե՞տք է ստորագրել, թե՞ կարելի է շարունակել բանակցությունները Եվրամիության հետ որոշ դրույթներ վերանայելու շուրջ:

– Կարծում եմ` եթե այն ճիշտ օգտագործվի, ապա որեւէ լուրջ ցնցումեր չի բերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА