ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.10.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՀՀ վաստակավոր «լուսավորիչ» ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ հասցրել էր ԱԺ-ում բազում սրտաճմլիկ խոսքեր հնչեցնել, թե ինչպես կտուժի գիտությունը, եթե ուսանողներին բանակ տանեն: Եվ ահա զարմանալի ճշգրտությամբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նրա պորտը տեղը դրեց. «Ինչպե՞ս է եղել, որ պարոն Մարուքյանը զինծառայությանը զուգահեռ, բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում: Այդ ժամանակ հեռակա կրթություն չկար: Եթե նա այդ ժամանակ ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, իր երեկվա բառապաշարը օգտագործելով, ուզում եմ հարցնել` էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունը ստացել: Եթե ֆորմալ չի եղել, իրական է եղել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը կարող է դա անել, իսկ այսօր զորակոչվող ուսանողը չի կարող դա անել: Վերին արտի ցորե՞ն է: Ի՞նչ մոտեցում է սա»: Իրոք որ, վերին արտի ցորենները շատացել են,  եւ նախարարը շատ ճշգրիտ բնութագրեց նաեւ բազմահազար դասալիքներին. «Հետախուզման մեջ գտնվողների զգալի մասը սպասում են, 27 տարեկանը լրանա եւ ընդունված օրենքի ուժով բերեն թուլափայը գցեն բանակին` համարելով, որ իրենց պարտքը կատարել են»:
Բայց կարելի է ասել, որ նաեւ ոչ բոլոր` օրենքի կողմ արտահայտվող պատգամավորներն են անկեղծ: Այսպես, հռչակավոր ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ այսպես բացատրեց, թե ինչպես բազում աղմկալի քրեական պատմությունների հերոս իր որդին` Սպարտակը, ազատվեց զինծառայությունից: Բնականաբար, Գյումրու նախկին քաղաքապետը դա արեց` գլխանց Աստծուն վկայակոչելով. «Սպարտակս սպորտսմեն էր, փորձանքի մեջ ընկավ` ավտովթարի, ոտքը կոտրվեց, աղիքային խնդիր ունեցավ, 30-40 կար դրեցին, հիմա էլ որ նայեք` էդքան կար կա իրա վրա: Եւ երկու տարի հետ ընկավ ու երկու երեխա ունեցավ ու չծառայեց: Ես ոչ մեկի ոչ մի բան չեմ ասել, որ իմ երեխի հետ կապված խնդիր կա»: Դե ինչ, այն բանից հետո, որ պաշտոնյաներին օրենքով պարտադրվի հրապարակավ հայտարարագրել իրենց եւ իրենց հարազատների զինծառայության հարցը, դեռ այնքան զարմանալի պատմություններ կլսենք...
Գրեթե բոլոր արեւմտամետները հավատում են, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, սակայն զարմանալիորեն նրանց միջի անհավատ Թովմասը ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ է. «Ես պաշտոնապես հայտարարել եմ` 6 ամիս ոչ մի հարցազրույց չեմ տա, եթե սխալ դուրս գամ, եւ Հայաստանը որեւէ համաձայնագիր ստորագրի Եվրոպայի հետ: Դա այնքան անհավանական է, որ ես ինձ զրկում եմ ձայնի իրավունքից»: Բոլորն ասում են` կստորագրվի կամ նախանշված ժամկետին, կամ ավելի ուշ, բացի Հայրիկյանից: Նաեւ այնպիսի բարձրաստիճան եվրաչինովնիկ, ինչպիսին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, չբացառելով հանդերձ, որ կուշանա, այնուամենայնիվ, պնդեց, որ անպայման կստորագրվի: Նույնիսկ «շպիոն Օնիկ» Ռիչարդ Գիրագոսյանը պնդում է, որ ուշացնողները ոչ մերոնք են, ոչ էլ ռուսները, այլ բացառապես եվրոպացիք, բայց արի ու տես, որ Հայրիկյանը զարմանալիորեն պնդում է, թե աշխարհն էլ փլվի, չարանենգ Պուտինը թույլ չի տա: 
ԲԱՐՍԵԼՈՆԱ քաղաքը, որ ժամանակին միշտ ընկալվում էր որպես ֆուտբոլի կենտրոն, այժմ հիմնականում հիշատակվում է Կատալոնիայի անկախության հանրաքվեի առնչությամբ, մի այլ կարգի բանով զարմացրեց աշխարհին: Զարմանալի է` այդտեղ խանութներից մեկի մենեջերը ազատվել է աշխատանքից այն բանի համար, որ աշխատել է ավելի շատ, քան պահանջվում է: Ղեկավարությունը պարզել է, որ երբեմն խանութի բացվելուց մեկ ժամ առաջ, աշխատակիցը կարող էր սեփական նախաձեռնությամբ խանութը նախապատրաստել բացելու համար: Տղամարդը ամեն օր խանութում առանց ղեկավարության հանձնարարության 49-ից 87 րոպե ավելի է անցկացրել: Եվ ինչու են նրան ազատել` օրենքը պահանջում է, որ դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատավարձ տալ, եւ տերերը որոշել են, որ նա իրենց նյութական վնաս է պատճառել: Ինչեւէ, այդ զարմանալի պատմության շարունակությունը հնչելու է արդեն դատարանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА