ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

27.10.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Այն տպավորությունն է, որ համաշխարհային հիմնական լարվածությունները սկսել են Մերձավոր Արեւելքից եւ ասիական տարածաշրջանից դեպի Եվրոպա տեղափոխվելու միտումներ ցուցաբերել: Չնայած, դա միանգամայն սպասելի էր:
ՍԻՐԻԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Այսպես, Մերձավոր Արեւելքում կարծես թե տեսանելի են դառնում դեպի վերջնական հանգուցալուծումներ տանող գործընթացները: Չնայած, արդեն մեկ-երկու շաբաթ առաջ էր տեսանելի, որ մի կողմից՝ տարածաշրջանում նոր մասշտաբային կոնֆլիկտ առաջացնելու ունակ քրդական խնդիրն է մտնում մարման փուլ: Իսկ մյուս կողմից էլ՝ ահաբեկչական խմբավորումներն են հայտնվել վերջնական ջախջախման շեմին: Եվ ահա այն հայտարարությունները, որ նախօրեին հնչեցրին իրաքյան Քուրդիստանի պաշտոնական ներկայացուցիչները, եկան ապացուցելու, որ քրդական խնդիրը գոնե այս փուլում կարելի է արդեն իսկ ավարտված համարել: Այսպես, քրդերը Բաղդադին առաջարկեցին սառեցնել Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները  եւ բանակցություններ սկսել քուրդ-իրաքյան հակամարտությունը վերջնականապես կարգավորելու ուղղությամբ: Եթե հաշվի առնենք, որ նույն քրդերը նաեւ Իրաքի քաղաքացիներ են, դժվար չէ կռահել, որ Բաղդադն այս առաջարկը կընդունի, բայց նաեւ՝ բանակցություններում իր պայմանները թելադրելով: Ընդ որում, ներկայումս բուն իրաքյան Քուրդիստանում է բավականին ծանր ներքին պայքար սկսվել: Ներքին ընդդիմությունը, որը, ի դեպ, ունի մեծ աջակցություն մասսաների եւ քրդական զինված խմբավորումների կողմից, քրդական ինքնավարության առաջնորդ Բարզանիին է մեղադրում սխալ քաղաքականության պատճառով անկախության գործընթացը ձախողելու մեջ: Այսինքն, ոչ միայն Քուրդիստան ռազմական ուժեր մտցնելու, այլ նաեւ քրդական այս ներքին հակասությունների արդյունքում Իրաքի ղեկավարությանը հաջողվում է երկրի տարածքային ամբողջականությունը պահել: Ճիշտ է, դեռ կա նաեւ «Իսլամական պետության» խնդիրը: Սակայն ներկայումս ԻՊ-ի վերահսկողության տակ է մնացել միայն Սիրիայի սահմանների հարեւանությամբ ընկած Իրաքի մի փոքր հատվածը: Եվ ահա քրդական խնդրից ազատվելով` նախօրեին իրաքյան ուժերը վերսկսեցին Եփրատ գետին զուգահեռ հարձակումը դեպի սիրիական սահման՝ Դեր-Զորից դեպի հարավ ընկած հատվածը: Ընդ որում, անցած մեկ-երկու շաբաթներին սիրիական բանակը եւս Դեր-Զորի հատվածում ուժեր էր կուտակում, եւ ենթադրվում է, որ իր հերթին կշարժվի Եփրատի երկայնքով դեպի Իրաքի սահման: Եվ արդյունքում, ըստ ամենայնի, այս փոխլրացնող օպերացիաները ինչպես Սիրիայում, այնպես էլ՝ Իրաքում ԻՊ-ի պատմության վերջակետը կդնի: Համենայնդեպս, երեկվա դրությամբ արդեն իսկ էական հաջողություններ կային:
Ճիշտ է, դրանից հետո դեռ Սիրիայում կմնա նախ՝ Իդլիբի տարածաշրջանի, ապա՝ համեմատաբար փոքր գրոհային խմբավորումների կողմից երկրի տարբեր փոքր հատվածներ դեռ վերահսկելու խնդիրը: Բայց փորձագետները կարծում են, որ դրանք արդեն դիվանագիտական լուծման դատում են: Իսկ եթե նման լուծումներ չլինեն, ապա սիրիական բանակը, որ բազմամյա պատերազմական փորձի եւ ռուսական աջակցության հաշվին դարձել է տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը, ԻՊ-ից հետո առանձնապես չի դժվարանա արագորեն լուծել այդ բոլոր խնդիրները: Վերջապես, Սիրիայում կա նաեւ սիրիական քրդերի խնդիրը, որոնք զգալի տարածքներ են վերահսկում: Սակայն իրաքյան Քուրդիստանի ձախողումից հետո սիրիական քրդերը, թեեւ հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից, իրենց հերթին են ստիպված լինելու Դամասկոսից դիվանագիտական լուծումներ խնդրել:
ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԱՐԱԲՆԵՐԻ ՀԵՏ
Վերջապես, ինչպես նաեւ ամերիկյան հեղինակավոր աղբյուրներն են նկատում, ԻՊ-ի խնդրից հետո Սիրիա-Իրաքում գտնվող ԱՄՆ-ի ոչ մեծաքանակ զինուժին եւս անելիք չի մնա: Ընդ որում, կվերանա նաեւ այն ձեւական հիմնավորումը, որով Վաշինգտոնն արդարացնում էր մասնավորապես Սիրիայի տարածքում միջազգային նորմերի բացահայտ խախտմամբ որոշակի ուժեր պահելն ու մարտական գործողություններ իրականացնելը: Արդյունքում, ըստ ամերիկյան մի շարք աղբյուրների, առավել եւս, երբ գործնականում ձախողված է Քուրդիստանի ծրագիրը, Վաշինգտոնը ստիպված է լինելու ամերիկյան կոալիցիայի գործունեությունը հայտարարել ավարտված, իր ուժերին դուրս բերել Սիրիայից, իսկ Իրաքում ռազմական ներկայությունը հասցնել նվազագույնի: Այդ հեռանկարից հնարավոր կլիներ խուսափել, եթե հաջողվեր Իրանի միջուկային ծրագրի շուրջ սրացումներ առաջ բերել: Մինչդեռ անգամ հիմնական դաշնակցի՝ Եվրոպայի աջակցությունը չստանալուց հետո այդ նախաձեռնությունը եւս, ըստ էության, ձախողված է:
Եվ այս ամենի հետ մեկտեղ, դեռ հարց է, թե Վաշինգտոնին կհաջողվի՞ տարածաշրջանում գոնե սունիական աշխարհում գերիշխող աշխարհաքաղաքական դիրքերը պահել: Հայտարարությունները, որոնք հնչեցին Սաուդյան Արաբիայից, Քաթարից եւ արաբական այլ երկրներից, թե ցանկանում են ռուսական C-400 համակարգեր գնել, արդեն իսկ պարզ ակնարկ է, որ ԱՄՆ-ն արաբական աշխարհի հետ եւս ունի գնալով միայն սրվող հարաբերություններ: Ընդ որում, Սաուդյան Արաբիայի հետ, հատկապես այդ երկրի միապետի պատմական համարվող մոսկովյան այցից հետո, Վաշինգտոնի հարաբերությունները, կարծես թե, պայթյունին մոտ են: Իհարկե, ԱՄՆ-ն ունի մի շարք այլ հարվածների հնարավորություն, բայց նաեւ՝ Սաուդյան Արաբիան ունի ոչ պակաս էֆեկտիվ հակահարվածներ, այդ թվում՝ նավթի վաճառք ձեւավորվող չինական բորսա տեղափոխելու եւ օրակարգ մտնող նավթ-յուան-ոսկի սխեմայով վաճառելով՝ դոլարից հրաժարվելու տարբերակը: Այս եւ տարբեր այլ հարված-հակահարվածների մասին վերջին ժամանակներս ամենահեղինակավոր մասնագիտական աղբյուրները շատ են խոսում: Սակայն էականը բուն այդ փաստն է, որ խոսում են, տարբեր սխեմաներ առաջ քաշում: Եվ միայն դա արդեն իսկ վկայում է սունիական աշխարհի հետ ԱՄՆ-ի միայն վատթարացող հարաբերությունների մասին՝ հեռանկարում բացելով շիա-իսլամի օրինակով՝ սունի իսլամը եւս անգլոսաքսոնական վերահսկողությունից հանելու տեսանելի դարձած տարբերակը: Ուստիեւ, իրականությունն այն է, որ Մերձավոր Արեւելքն արագորեն տեղափոխվում է հանդարտեցման փուլ, ընդ որում՝ ԱՄՆ-ի դիրքերի էական թուլացմամբ եւ ռուսական դիրքերի համարժեք ամրապնդմամբ: Եվ ամենաէականն այն է, որ այս իրավիճակը խոստանում է նաեւ համարժեք էֆեկտ թողնել համաշխարհային էներգետիկ, ապա նաեւ ֆինանսական շուկաների վրա:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ
Միգուցե Վաշինգտոնը դեռ կգտնի այս ամենին համարժեք պատասխանը: Սակայն նաեւ հաշվի առնելով, որ աչքի առաջ հիմնական համաշխարհային բախման թատերաբեմի է վերածվում Եվրոպան, այսինքն՝ Մերձավոր Արեւելքում պատասխանի համար Վաշինգտոնի ուժերը հաստատ չեն բավարարելու:
Այսպես, որոշակի ձգձգումից հետո Կատալոնիայից հնչեց հայտարարություն, որ չնայած Մադրիդի ճնշումներին, իրենք շարունակում են անկախության գործընթացը: Հասկանալի է՝ առանց արտաքին ստվերային աջակցության Բարսելոնան հազիվ թե այսքան հեռուն գնար: Բայց եթե արդեն գնացել է, այլ հարցադրումներ են առաջ գալիս: Ամենակարեւորը՝ չգտնելով Բարսելոնայի վրա ազդելու քաղաքական լծակներ, Մադրիդն ի՞նչ է անելու, պատրա՞ստ է ռազմական ուժով կանխել Կատալոնիայի անկախությունը, ինչպես որ վարվեց Իրաքը: Բայց Կատալոնիան Քուրդիստան չէ, Եվրոպայի բուն կենտրոնում տանկերով անկախության գործընթաց կասեցնելն ի զորու է հիմքից պայթեցնել ողջ ԵՄ-ն: Նույն բանն է խոստանում նաեւ կատալոնացիներին հանգիստ թողնելը. եթե նրանց հաջողվի հասնել անկախության, ապա քանի նման կատալոնիաներ կան Եվրոպայում: Նույն արտաքին ուժերը հովանավորում են անկախության շարժումը Հյուսիսային Իտալիայում, Արեւելյան Եվրոպայի մի շարք այլ հատվածներում: Նման չհանգած հրաբխային օջախներ կան ընդհուպ մինչեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, եւ դրանք բոլորն էլ մեծ հավանականությամբ մեկը մյուսի հետեւից կպայթեն: Պետք է ուժային մոտեցում, մինչդեռ երեկ հայտնի դարձավ, որ եվրոպական առաջատար Գերմանայի U-35 սուզանավը շարքից դուրս եկավ՝ թիապտուտակը քարերին հարվածելով վնասելուց: Սա խոսելու առիթ չէր լինի, եթե դա չլիներ կազմում գտնվող գերմանական վերջին սուզանավը: Մյուս կողմից, օրերս գերմանական գումարտակներից մեկի հրամանատար նշանակեցին ինչ-որ տրանսգենդերի: Իհարկե, միայն սա բավական էր, որ Հիտլերը դագաղում մի յոթ պտույտ շուռ գար, սակայն դա էլ բան չի փոխի: Փաստը սա է՝ Եվրոպան չունի ողջ ԵՄ-ով ծավալվելու ունակ այդ բոլոր պայթյունները հանդարտեցնելու ուժային հնարավորություն: Չկա նաեւ գաղափարական հնարավորություն, հաշվի առնելով այն դասը, որը տվեց ոչ միայն Ավստրիայի ու Չեխիայի, այլ նաեւ՝ հենց Գերմանիայի վերջին ընտրությունները, որոնք առաջին պլան են բերում ԵՄ-ն «փակելու» կողմնակիցներին:
Ճիշտ է, Թրամփն ինքն իր մասին ասում է՝ «Ես շատ խելացի մարդ եմ»: Բայց եթե ներքին խնդիրներին այս ամենն էլ գումարվում է, ապա Թրամփի խելքն էլ կարող է օգուտ չտալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА