ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ну, а денежки, а денежки-потом

25.10.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ну, а денежки, а денежки-потом

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ գնահատմամբ` Հայաստան-Եվրամիություն համապարփակ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ պետք է ուսումնասիրել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի փորձը, ինչի միջոցով կկարողանանք խուսափել նրանց կատարած սխալներից: Այս եւ համաձայնագրի շուրջ այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ: Թ. Պողոսյանը նախեւառաջ նշեց, որ եթե ուզում ենք խելոք լինել, պետք է գնանք ու ուսումնասիրենք այս երկրների փորձը:

Ի՞ՆՉ ԵՆ ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՄ ԱՌԿԱ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

– Ցանկացած փորձ ուսումնասիրելը կնպաստի, որպեսզի չկրկնենք ուրիշների սխալները եւ ավելի հանգիստ անցնենք այս փուլը: Ինչպես ասում են` խելոքը ոչ թե սեփական սխալների վրա է սովորում, այլ` ուրիշների: 

– Պարոն Պողոսյան, փաստաթղթում հղում կա` առկա ստանձնած պարտավորություններին: Իսկ ի՞նչ հետեւություններ կարող ենք անել այս առումով:

– Դրանք այն երկկողմանի պայմանագրերն ու ծրագրերն են, որոնք նախաձեռնվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում եւ կատարվում են: Խոսքը, օրինակ, կարող է լինել «Հորիզոն 20-20» ծրագրի մասին, որի անդամ է Հայաստանը: Այսօր Հայաստանը նաեւ վիզաների դյուրացման ծրագրի մասն է եւ պարտավորություններ ունի: Նույն Եվրամիության հետ ունենք GSP+ առեւտրային համակարգ: Այնպես որ, երկկողմանի պայմանագրերը ԵՄ-ի հետ շատ են, եւ դրանք պետք է ուժի մեջ մնան ու փուլային ձեւով զարգանան:

– Վստա՞հ եք, որ խոսքը միայն տնտեսական բաղադրիչ պարունակող պարտավորությունների մասին է:

– Ունենք ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ մշակութային ու կրթական ստորագրված պայմանագրեր: Գույքագրում արեք եւ կտեսնեք, թե երկկողմանի ստորագրած քանի պայմանագիր կա: Այսօր Եվրամիությունն ասում է, որ «Հորիզոն 20-20»-ը, Արեւելյան գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը պետք է մնան ուժի մեջ, զարգանան կամ եթե այս պայմանագրով կբանակցվի, եւ նոր ավելի լավ պայմաններ կստեղծվեն, այդ նոր ձեւաչափով կշարունակենք:

ՀՀ-ԵՄ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԼԱՅՆ ԴԱՇՏ` ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր

– Այս շրջանում շատ խոսվեց այն մասին, թե այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանին եվրագումարներ կբերի եւ այլն: Բայց փաստաթղթում ոչ մի տեղ մատնանշված չէ նյութական աջակցության մասին: Որտե՞ղ է այս դեպքում մեր շահը:

– Գումարներն ուղղակի չեն գալու, որ ասենք` գնացինք, ստորագրեցինք, եւ գումարները սկսեցին գալ, պետք է բարեփոխումներ անենք: Գումարները կգան, երբ այս պայմանագիրը ստորագրելով` նոր հնարավորություններ բացվեն, օրինակ` նախաձեռնելու այս կամ այն տեսակի հարաբերություններ: Ասենք, բաց երկնքի քաղաքականության հիման վրա` շարունակենք ինչ-որ ծրագիր իրագործել: Բնականաբար, Եվրամիությունն ասում է` պատրաստ եմ ֆինանսավորել եւ օգնել, այդ ժամանակ էլ գումարներ կգան: Ուղիղ բյուջետային օժանդակության, գրանտային ծրագրեր էլ կան, այլ ոլորտների համար մասնագիտական ծրագրեր էլ կան: Խնդիրն այս գումարների մասին է, բայց դրա համար պետք է ծրագիր ներկայացնել, եթե չանենք, ոչ մի գումար էլ չի գա: Չմոռանանք, որ ԵՄ-ն «ավելը` ավելի համար» նշանաբանով է առաջնորդվում: Քիչ կանենք, ոչ մի բան էլ չի գա: Իհարկե, գումարը կարող է կարեւոր խնդիր է, բայց ինձ, օրինակ, ավելի շատ հետաքրքրում է գիտական մտքի, մասնագիտական խորհրդատվության, ունակությունների փորձի փոխանակումը: Հայաստանի համար նոր հնարավորություններ կընձեռվի նաեւ հիմնադրամների դիմելու եւ այլ ծրագրեր իրականացնելու: Եթե միայն խնդիրը վերցնենք գումար չափելու իմաստով, սխալ է: Նույն առեւտրային հարաբերություններում Եվրամիությունը պատրաստ է մեզ օժանդակել մեր բիզնեսներին` սովորեցնելու, լաբորատորիաներ հիմնելու, կարգավիճակներ տալու, շուկաներ բացելու առումով: Ի՞նչ վատ է, թող այդ գումարները տան, մեր բիզնեսմենները սովորեն եւ Հայաստանում սկսեն արտադրել ոչ թե ցածր որակի ապրանքներ, այլ բարձր որակի: Եթե Եվրամիությունը պատրաստ է օգնել այս ծրագրերում, հրաժարվե՞լ դրանից: Հայաստանի ցանկացած ապրանք, որն արտադրվում է, թող ունենա միջազգային սերտիֆիկացիա եւ դրանից հետո որոշի, թե որ շուկան է տանում վաճառելու:

ՄԻԵԴ-Ի ՀԱՅՑԵՐԻՑ ԴԵՌ ԱՉՔ ՉԲԱՑԱԾ` ՀԻՄԱ ԷԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱ՞ՆՆ Է ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼՈՒ

– Փորձագիտական շրջանակները ՀՀ-ԵՄ հրապարակված համաձայնագրում, որպես ական, հիմնականում մատնանշում են ատոմակայանի փակման վտանգը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ատոմակայանի հետ կապված բազմիցս պատասխանել եմ, որ այդ փաստաթղթում չկան ականներ, բացի դրանից, մի քանի օր առաջ էլ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն է հարցազրույց տվել եւ մանրամասն բացատրել: Այնպես որ, ովքեր մտահոգություն ունեն, առնվազն խորհուրդ եմ տվել մեկ անգամ լսեն նախարարի պատասխանը կամ իմ նախկին հարցազրույցները, որոնք տվել եմ հենց ատոմակայանի հետ կապված: Կարող է ուրիշ դաշտում են տեսնում ականներ, եկեք դրանք քննարկենք, բայց ատոմակայանի հետ կապված խնդիր չեմ տեսնում:

– Օրինակ, չե՞ք կարծում, որ վատ հետեւանքներ կունենա այն, որ այս փաստաթղթի համաձայն` Հայաստանը միանում է միջազգային քրեական դատարանին:

– Դա վա՞տ է, եթե կարողանաս ճիշտ օգտվել դրանից: Ի՞նչ է նշանակում` մենք չենք համաձայնում, եթե Հայաստանը վստահ է իր սեփական ուժերի վրա եւ պատրաստ է իր բաժին ներդրումը բերել միջազգային քրեական դատարանի խնդիրներին: Չէ՞ որ այդ միջազգային քրեական դատարանը արդարադատության համար է ստեղծված: Մինչեւ հիմա չեն եղել դեպքեր, որ մարդիկ ասեն`  քանի որ այդ դատարանը եկավ, վերջ, անարդար գործեր են քննում: Մենք Ստրասբուրգում միացել ենք նաեւ մարդու իրավունքների միջազգային դատարանին: Եթե այնտեղ միացել ենք, այստեղ ինչի՞ց ենք վախենում: Ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ են մարդիկ նման մտավախություն հայտնում: 

– Փաստացի մեր դատական համակարգը ստորադասվում է եվրաատյաններին, մտավախություն չէ՞:

– Հանցավոր խմբերի դեմ պայքարին մենք չե՞նք ուզում մասնակցել, թե՞ որոշել ենք, որ արդեն ինքներս ենք միջազգային հանցագործություններ արել, եւ բոլորիս դատելու են: Եթե տանելու են մեզ դատեն, չեն նայելու` միացել ենք այս ինստիտուտին, թե` ոչ: Բայց այն, որ դու կարող ես միանալ այս դատարանին եւ  փորձ ձեռք բերել, դրա հետ նպաստել նաեւ, որ քո հանդեպ միջազգային քրեական հանցագործություններ կատարողներին արդարդատության կանչեն, այդ հնարավորությունը բա՞ց թողենք: Չէ՞ որ ասում ենք` Հայաստանը երբեք չի մոռանալու ցեղասպանության մասին եւ պահանջատեր ենք լինելու, չե՞նք պատրաստվում նաեւ այս դաշտում գործողություններ իրականացնել:

ԵԽԽՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼԻ «ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ»

– Այնուամենայնիվ, հրապարակված ՀՀ-ԵՄ փաստաթղթից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայաստանյան օրենսդրությունը կամաց-կամաց նույնականացվելու է եվրոպական օրենսդրության հետ: Չե՞ք կարծում, որ այս դեպքում մեր օրենսդիրները կվերածվեն պարզապես եվրաօրենքների թարգմանիչների:

– Այս պայմանագիրը որեւէ բան չի որոշելու, բացի իրավական հիմք տալուց, թե ինչ դաշտում պետք է աշխատել: Դրանից հետո, թե որ մասը դու կընտրես, քո սեփական շահերից ելնելով, այդ ուղղությամբ էլ կզարգանա: Իսկ թե մեր օրենսդրությունը ինչին պետք է նմանվի, պիտի ընտրենք` էլի մեր շահերից ելնելով: Ի վերջո, մեր սուվերենությունը հենց դրա մեջ է: Եթե օրենքները ճիշտ են աշխատում, եթե նպաստում են կոռուպցիայի դեմ պայքարին, նպաստում են արդարադատությանը , անկախ դատարանների ձեւավորմանը, մարդու իրավունքների պաշտպանությունը, չընդունե՞նք: Երբ դոշ ենք ծեծում մեր Սահմանադրության համար, այդ բառերն այնտեղ գրված չե՞ն: Օրինակ` օրենքները որտեղի՞ց պետք է նայեինք` Բելառուսից եւ Ղազախստանի՞ց: Կարծում եք` այդ երկրներում կոռուպցիան վերացե՞լ է, արդար դատական համակարգեր կա՞ն:

– Համենայնդեպս, Եվրամիության երկրներում էլ կոռուպցիան չի վերացել (վառ օրինակ` ԵԽԽՎ-յան սկանդալները):

– Ամեն դեպքում, կարեւոր է, թե ինչ երկիր ենք ուզում դառնալ: Եթե ուզում ենք դառնալ այն երկիրը, որը երազում ենք, եկեք տեսնենք, թե ումից կարելի է սովորել: Իսկ սովորելու, օգտվելու կամ խորհուրդ հարցնելու կամ նմանվելու ընթացքում, ընտրենք մեր սեփական շահերը: Այս փաստաթղթում գրված չէ, որ սա հենց եղավ, պետք է մեկից մեկ վերցնենք եվրոպական օրենսդրությունն ու copy-past անենք: Վերջիվերջո, Եվրամիության երկրներում էլ կան ներքին տարբերություններ: Իհարկե, կան գծեր, որոնք ընդհանուր են, բայց բաներ էլ կան, որ տարբեր են: Եվ հենց սրանով է այս պայմանագիրը տարբերվում, որ քեզ ոչ ոք չի ճնշելու, դու կարող ես գնալ եւ քո ճանապարհն ընտրել այն ժամանակահատվածի մեջ, որն ուզում ես: Եթե հասունացել ենք, գիտակցում ենք, որ սա մեզ պետք է, մեր շահերը կա, ուրեմն` պետք է ընտրել եւ անել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА