ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.10.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Արդեն վաղուց հասցրել էինք մոռանալ այնպիսի տհաճ կերպարանքին, ինչպիսին է դավաճան տերտեր ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԸ: Սակայն սույն, կներեք արտահայտության համար, արքեպիսկոպոսը զարմանալիորեն որոշեց հիշեցնել իր մասին` հայ ազգին դիմելով այնպիսի երկարաշունչ բաց նամակով, որ, երեւի թե, դրա տեքստի ծավալը հասնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստի ծավալին: Այդ նամակում, ժողովրդի խոսքով ասած, իր «կյանքը պատմելով», նա վերջում զարմանալիորեն դեռ համարձակվում է հայտարարել, որ վիրավորված է. «Ես փոխանակ իմ արածների համար գնահատանքի արժանանալու, նախորդ պատրիարքների նման դեմ հանդիման մնացի զրպարտությունների հետ: Փորձում եմ ես ինձ հանգստացնել` ասելով, որ ամեն շրջանին էլ նմանօրինակ դեպքեր են եղել, բայց որպես մարդ` վիրավորված եմ եղածներից: Վիրավորված եմ, քանի որ զրպարտությունները ու հայհոյանքները թեեւ իմ անձին են ուղղված, բայց հասած են մինչեւ իմ մորն ու քրոջը»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է փաստել, որ քիչ են հայհոյել...
Քանի որ խոսք գնաց հոգեւոր գործերից, չենք կարող չհիշատակել որձ կովերի մեծն մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ բստրածը եկեղեցու մասին, որն արդեն քանի օր է ծամծմվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ահավասիկ, փոքրիկ պատառիկ նրա ցնդաբանությունից. «ՀԱԵ-ն պետք է փոխի լեզուն, պատարագները, աղոթքները դարձնի արդի հայերեն (արմեներեն), դրանք պետք է լինեն ժամանակակից երաժշտական ռիթմիկ մատուցմամբ»:  Ավելին, նա առաջարկում է, որպեսզի հոգեւորականները պետական պաշտոնյաների նման հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը: Այսքանից հետո մնում է զարմանալ, թե ինչպես է Բագրատյանն ինքն իրեն համարում լիբերալ գաղափարախոսության կրող: Ախր, եթե նա պետական չինովնիկի ու հոգեւորականի միջեւ տարբերություն չի տեսնում եւ չի հասկանում, որ եթե հանկարծ իր առաջարկածը կատարվի, դա կնշանակի պետության եւ եկեղեցու սերտաճում, ապա, գրողը տանի, նա էլ ի՞նչ լիբերալ:
Թեեւ Բագրատյանին այդպես էլ չի հաջողվել որձ կով բուծել, այնուամենայնիվ, չինացի եւ բրիտանացի ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ այնպիսի մի կենդանի են բուծել, որի համեմատ որձ կովն էլ զարմանալիորեն փառավոր բան կթվա: Նրանք ստեղծել են գենետիկ մոդիֆիկացված խոզ, որը գրեթե ճարպ չունի: Դե սա արդեն նշանակում է բնությանը լրիվ ձեռք առնել, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ զզվելի համ կունենա այդպիսի խոզի մսից պատրաստած խորովածը: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է առաջարկել, որպեսզի այդ գիտնականներին հանձնեն ուկրաինացիների ձեռքը... Պատկերացնում եք չէ՞, թե խոզի ճարպն այդքան սիրող ուկրաինացիներն ինչ կանեն նրանց հետ այդ սրբապղծության համար:
Անշուշտ, ադրբեջանցիները մեր թշնամին են, օժտված են վատագույն հատկություններով, սակայն զարմանալիորեն կան մարդիկ, ովքեր նրանց վերագրում են այն, ինչ չի կարող լինել: Այսպես, Տավուշի մարզի Արծվաբերդի առողջության կենտրոն պետական ձեռնարկության տնօրեն ԳԱԳԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ամռան վերջում տուլարեմիա հիվանդության տեղային բռնկումը վերագրում է նրան, իբր Ադրբեջանից թռչող սարք է եկել եւ տարածել այդ վարակը: Լավ է, որ Առողջապահության նախարարությունը արագորեն պաշտոնապես արձագանքեց` բացատրելով, որ. «Հիվանդության վարակի աղբյուրը համարվում են հիմնականում կրծողները, իսկ վարակի փոխանցողները` տզերը: Հիվանդության դեպքերն արձանագրվել են միայն Արծվաբերդ համայնքում եւ այն էլ` համայնքի մեկ հատվածում»: Այստեղ ամենազարմանալին այն էր, որ բուժհիմնարկ գլխավորող մարդը այդպիսի տարրական բաներ չգիտեր, եւ երեւակայությանը զոռ տալով` քիչ էր մնում խուճապ տարածեր:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА