ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ԱՄՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ

25.10.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ԱՄՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ

Շարունակում է վերլուծաբանների ուշադրության կենտրոնում մնալ անցած շաբաթվա վերջերին հռչակավոր «Վալդայ» բանավեճային ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը: Եվ դա հասկանալի է՝ Պուտինն իրոք մի շարք կարեւորագույն ազդակներ հղեց համաշխարհային հետագա զարգացումների, համենայնդեպս՝ դրանց հետ կապված Մոսկվայի պատկերացումների եւ հնարավոր քայլերի մասին:
ԻՆՉ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ ՊՈՒՏԻՆԸ
Այդ հայտարարությունների թվում շատ փորձագետներ ամենակարեւորն են համարում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի անցյալի կապերի եւ ներկայիս հարաբերությունների մասին միտքը: «Ինչ միամիտ էր Ռուսաստանը Ելցինի օրոք, ինչպես էր վստահում ամերիկացիներին, ինչպես էր պարտաճանաչ կերպով կատարում ամերիկյան կողմի հետ կնքված բոլոր համաձայնագրերը, ինչպես էին ամերիկացիները վերահսկում ռուսական միջուկային օբյեկտները, վերահսկում դրանց ոչնչացումը, փոխարենը չէին կատարում իրենց պարտավորությունները»,- անցյալը գնահատեց ՌԴ նախագահն ու անցավ ապագա հարաբերություններին՝ նման ակնարկով. «Ռուսաստանը չափից ավելի էր վստահում ԱՄՆ-ին, եւ դա ընկալվել է որպես թուլություն: Մեր սխալն այն էր, որ մենք ձեզ չափից ավելի էինք վստահում, իսկ ձեր սխալն այն էր, որ դուք դա որպես թուլություն ընկալեցիք ու չարաշահեցիք մեր վստահությունը»:
Այն, որ Մոսկվան վաղուց է անվստահությամբ նայում Վաշինգտոնին, հայտնի փաստ է, եւ այդ առումով Վ.Պուտինն ամենեւին էլ իր հայտարարությամբ գաղտնիք չբացեց: Սակայն նրա հայտարարության մեջ նոր բանը հենց այդ մասին բարձրաձայնելն էր. այն, ինչ մինչ այս արվում էր դիվանագիտական երանգավորմամբ, հիմա արդեն ասվեց բացահայտ, ավելին՝ սպառնալից: Այսինքն, Պուտինի ասածն այս տրամաբանության մեջ էր. «Մենք ձեզ երկար ժամանակ վստահեցինք ու հիմա նույն սխալը չենք կրկնի: Դուք էլ սխալվեցիք՝ մեզ թուլացած համարելով, հիմա մենք մերը կանենք, ու կտեսնեք՝ իրոք թույլ ենք, թե՝ ոչ»: Հետեւաբար, հետայսու ամերիկյան բոլոր հարվածները կստանան «արագ եւ համաչափ պատասխան»: Ու սրանով հանդերձ, ՌԴ նախագահը նաեւ Վաշինգտոնի հետ համագործակցության դռները չի փակում՝ առաջարկելով գործակցություն գլոբալ բոլոր սուր խնդիրների լուծման ուղղությամբ: Բայց արդեն քաղաքական հարաբերությունների ոչ թե հին հարթությունում, այլ նոր՝ «Վալդայում» ներկայացված ձեւաչափով: Մի խոսքով, կարելի է ասել, որ այս կերպ ՌԴ  նախագահը հրապարակավ պաշտոնապես փակեց այն կործանարար ուղղությունը, որով ժամանակին սկսեց առաջ շարժվել Գորբաչովը եւ գագաթնակետին հասցրեց Ելցինը: 
Ահա, մոտավորապես այսպես էլ գնահատում են վերլուծաբանների պատկառելի մասը ՌԴ նախագահի վալդայյան ելույթը: Ու քննարկումներն էլ արդեն տեղափոխվել են այլ ուղղությամբ՝ Մոսկվան, ըստ էության, մենամարտի հրավեր հղելով Վաշինգտոնին, ունի՞ համապատասխան տնտեսատեխնոլոգիական հնարավորությունները: Վերլուծաբաններից շատերն են միանշանակ կարծում՝ ո՛չ, գոնե տնտեսական նման պոտենցիալ չունի, թեեւ այն ռազմական պոտենցիալը, որին տիրապետում է ՌԴ-ն, որոշակիորեն կկոմպենսացնի տնտեսական բացը: Եվ, որպես հիմնավորում, մի շարք փորձագետներ մատնանշում են փաստը, որ հենց այդ ռազմական պոտենցիալի հաշվին է, որ Մոսկվան վերջին տարիներին մի շարք ծանրակշիռ աշխարհաքաղաքական հաղթանակների հասավ: Այդ թվում, ռուսական զինուժի ճշգրիտ գործունեության հաշվին էր, որ Ղրիմը վերադարձավ ՌԴ կազմ, կայացավ Դոնբասը, հիմքից փոխվեց Սիրիայի եւ ողջ Մերձավոր Արեւելքի իրավիճակը եւ այլն: Ընդ որում, հենց նման գլոբալ հաղթանակներն են, որ պետությանը միջազգային վարկանիշ են բերում, դրանով էլ՝ մասնավորապես, տնտեսական զարգացման հեռանկարներ: Եվ հենց այս հանգամանքից ելնելով էլ` հետաքրքիր նկատառում էր ներկայացրել վերլուծաբաններից մեկը. «Վաշինգտոնի կամակատարը լինելով` ինչին որ վերածվել էր Մոսկվան Ելցինի օրոք, Ռուսաստանը հազիվ մտածում էր իր ամբողջականությունը պահելու մասին: Հիշենք  նաեւ իրաքյան առաջին պատերազմը, երբ Մոսկվան բավարարվում էր միայն հեռվից կարծիք հայտնելով, որը լսող էլ չկար: Եվ կկարողանա՞ր հիմա վճռական խոսք ասել նույն Մերձավոր Արեւելքի ապագայի մասին, եթե մտածեր միայն տնտեսական հնարավորությունների մասին ու, ելնելով դրանից՝ վախենար ԱՄՆ-ի դեմ գործել: Պարզապես Պուտինը ժամանակին գիտակցեց, որ աշխարհում հաշվի են նստում միայն կոշտ ուժի հետ, ու հիմա էլ բոլոր պնդօղակները մինչեւ վերջ ձգում են հենց այդ փորձից ելնելով»:
ԱՄՆ-Ի ԹՈՒԼԱՑՈՂ ԴԻՐՔԵՐԸ
Այսպիսով՝ կարծես թե ռուս-ամերիկյան պայքարը թեւակոխում է որակապես բոլորովին այլ փուլ, շատ ավելի կոշտ, քան մինչ այս էր: Ավելի կոնկրետ, այն տպավորությունն է, որ եթե մինչ այս Մոսկվան փորձում էր իր քաղաքականությունն առաջ տանել՝ խուսափելով Վաշինգտոնի հետ ուղղակի բախումներից, հնարավորության դեպքում էլ՝ նրա հետ համագործակցելով, ապա հետայսու հենց այդ մոտեցումը կարող է փոխվել: Ընդ որում, գլոբալ իրավիճակը այդ հնարավորությունը տալիս է:
Սկսենք Չինաստանից, որտեղ ավարտվեց Կոմկուսի հերթական՝ 19-րդ համագումարը: Ամենաուշագրավ որոշումներից, որն ընդունվեց համագումարում, թերեւս այն էր, որ երկրի ղեկավար Սի Ծինպինի անունը ներառվեց կուսակցության կանոնադրությունում, ինչին մինչ այս հասել էր միայն արդի Չինաստանի լեգենդար առաջնորդներ Մաո Ցզեդունն ու Դեն Սյաոպինը: Սա նշանակում է, որ ՌԴ-ի հետ համագործակցության եւ ԱՄՆ-ի հետ՝ հակամարտության վրա հիմնված քաղաքականությունը, որը այս տարիներին վարում էր Ծինպինը, արժանացավ լիակատար հավանության, եւ այն չի փոխվելու: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը դեռ շարունակելու է իր ռազմական եւ տնտեսական լծակների էական մասը պահել Չինաստանին ուղղված վիճակում:
Հաջորդը: Այն, որ վերջին ժամանակներս Վաշինգտոնը հայտարարեց Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու հնարավորության մասին, անթաքույց ակնարկ էր, որ ԱՄՆ-ը ակտիվորեն փորձում է Մերձավոր Արեւելքում Իրանի դեմ ուղղված նոր կոալիցիա ստեղծել: Բայց ահա ոչ թե միայն Եվրոպան, ավելի կոնկրետ՝ եվրոպական առանցքային երկրները եւ ԵՄ-ն, այլ մինչեւ իսկ ԱՄՆ-ի մշտական ամենավստահելի դաշնակից Բրիտանիան կտրուկ դեմ արտահայտվեցին դրան: Քաղաքական նման մեկուսացում նույնիսկ դժվար է հիշել, թե Վաշինգտոնը երբ էր տեսել: Դրանից զատ, օրերս տեղի ունեցավ ԵՄ երկրների առաջնորդների հանդիպումը, որի առանցքային հարցերից էր «Հյուսիսայի հոսք-2» գազատարի խնդիրը: Ինչպես եւ սպասվում էր, Եվրոպայում ԱՄՆ-ի հիմնական լոբբիստ Լեհաստանն առաջ քաշեց եւ ամեն կերպ փորձեց դրական ելք ապահովել աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեցող այդ գազատարի ծրագրի արգելափակման հարցը: Սակայն, չնայած ամերիկյան հզոր աջակցության, բացի այնպիսի տիպիկ ամերիկամետների, ինչպիսիք են՝ Լիտվան եւ Լատվիան, որեւէ մեկն այդ գազատարի դեմ բառ անգամ չխոսեց: Չէ, մեկ էլ Դանիան, սակայն նա խանդով է վերաբերում այդ գազատարին, որը գրեթե հասնելու է իր ափերին՝ իրեն ոչինչ չտալով: Իսկ սա նշանակում է, որ անցել են այն օրերը, երբ Եվրոպան ԱՄՆ-ի առաջին իսկ ակնարկով որոշումներ էր կայացնում, եթե անգամ դրանք արմատապես դեմ էին հենց եվրոպական երկրների շահերին:
Եվ պատկերն էլ ավելի ամբողջական կդառնա, եթե հիշեցնենք, որ Վաշինգտոնն արդեն չի կարողանում գլուխ հանել անգամ ավելի ցածր քաշային իր երբեմնի դաշնակիցներից, ասենք՝ Թուրքիայից: Իսկ ահա արաբական Քաթարը մինչեւ իսկ սպառնում է հրաժարվել իր էներգետիկ ռեսուրսները դոլարով վաճառելուց: Եվ այսպես շարունակ:
Կարճ ասած, եթե դեռ ամիսներ առաջ խոսվում էր, որ ԱՄՆ-ը կանգնած է իր գլոբալ հեղինակությունը աստիճանաբար կորցնելու վտանգի առաջ, ապա այդ վտանգը ներկայումս արդեն իսկ վերածվել է իրականության: Եվ դա բնական է՝ երբ ԱՄՆ  նախագահը, օրինակ, շաբաթը մի քանի անգամ խոստանում է հիմքից ջնջել Հյուսիսային Կորեան եւ ոչինչ չի անում, ապա կողքից նայողները, այդ թվում՝ դաշնակիցները կամաց-կամաց պարզապես սկսում են ուշադրություն չդարձնել ոչ միայն նման սպառնալիքներին, այլ նաեւ՝ դրանք հնչեցնողներին: Եվ նույնիսկ ամենահավատարիմ ֆանատները նման իրավիճակում սկսում են հավատը կորցնել: Նույն Հս.Կորեայի օրինակով միանգամայն տարակուսելի վիճակում են Ճապոնիան եւ Հարավային Կորեան: Կամ Լեհաստանը, որ ԱՄՆ-ի ողջ քաղաքական աջակցության պարագայում անգամ հազիվ երկու-երեք երկրի աջակցությունը ստացավ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցով, մեկ-երկու օրից ամենաբարձր մակարդակներով սկսեց խոսել ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման եւ խնդիրները կարգավորելու անհրաժեշտության մասին:
Իհարկե, հասկանալի է՝ այս թուլության փուլով անգամ ԱՄՆ-ը մնում է ԱՄՆ, դեռ համաշխարհային թիվ 1 տերությունը: Բայց այն բոլոր եւ միայն խորացող ներքին խնդիրները, որ կան այնտեղ, հազիվ թե մոտ ժամանակներս թույլ տան արտաքին հարթակում վերականգնել դիրքերը: Մյուս կողմից էլ, ՌԴ-ում գալիք տարի նախագահական ընտրություններ են, որը Պուտինին թուլացնելու լավ առիթ կարող է լինել: Բայց արդեն իսկ փաստ է, որ այդ  ընտրություններում սուպերլիբերալները հազիվ կարող են նրան հակադրել միայն Քսենյա Սոբչակին: Չնայած այս պարագայում անգամ հակադրել բառն է սխալ. պատկերացնելն անգամ զվարճալի է՝ օրիորդ Քիսոն ընդդեմ Վլադիմիր Պուտինի:
Այսինքն, ռուսական ընտրությունները թերեւս մինչեւ իսկ աննկատ կանցնեն: Ու թերեւս հենց այդ հանգամանքն էլ թույլ տվեց Պուտինին՝ ռուսական արտաքին քաղաքականության հիշատակված այդ ծանրակշիռ փոփոխության մասին, ժամանակ չկորցնելու համար խոսել ընտրություններից ամիսներ առաջ: Իսկ թե դա գործնականում ինչ էֆեկտ կունենա, թերեւս նույնքան արագ էլ կսկսի տեսանելի դառնալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА