ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՎՐՈ»` ԱՅԴ ՔԱՂՑՐԱԴԱՌԸ ԲԱՌԱՐՄԱՏԸ

25.10.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԵՎՐՈ»` ԱՅԴ ՔԱՂՑՐԱԴԱՌԸ ԲԱՌԱՐՄԱՏԸ

Երկու շաբաթ էլ չանցած այն պահից, որ հրապարակվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը, «Ելքը» խորհրդարանի ամբիոնից ողջունեց այն: Թե ինչու սույն` եվրաարժեքներով երդվող քաղաքական ուժը հենց գլխանց չէր անցել «տոնական» մեկնաբանությունների, այդ մասին փոքր-ինչ ուշ: Իսկ այժմ նշենք միայն, որ «Ելքում» ինչքան դժվար գործ կա, տալիս են Մանե Թանդիլյանին: Ավելի վաղ նրան բաժին էր հասել հակաընտանեկան զազրելի նախագծի գովքը, իսկ հիմա էլ` այս, առաջին հայացքից խութեր չպարունակող հայտարարությունը: 
ԼԵԶՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ՉԻ ՀԱՍՑՆԻ
«Եթե կորցնենք մեր ատոմակայանը, կդառնանք ոչ թե բանանային, այլ դամբուլային երկիր»,- ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդ հայտարարության հեղինակը: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյա՞նցը, Երեւանի աշխարհաքաղաքական ակո՞ւմբը, կամ` մեղա՜, Անդրանիկ Նիկողոսյա՞նը: Ո՛չ, այդ հայտարարությունը ԱԺ-ում հնչեցրել է «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը: Թվում էր, թե Արամ Զավենիչը` որպես եվրոպամետ մարդ, պետք է ընդհակառակը` պնդեր, գետնի տակից փաստարկներ ճարեր, որ ատոմակայան փակելը մեր շահերից է բխում, որ ԵՄ-ն մեր լավն է ուզում` մտցնելով համաձայնագրի տեքստի մեջ Մեծամորի ատոմակայանի ապագործարկման կետը: Բայց տես, որ շատ ավելի պաթոսով է ներկայացնում ԱԷԿ-ի փակման հետեւանքները, քան ուզածդ հակաարեւմտյան գործիչ:
«Ի պատիվ Ռուսաստանի Դաշնության` պիտի ասենք, որ այսօր, երբ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, Մոսկվան չի խոչընդոտում այս գործընթացին, եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ ի վերջո Հայաստանը կլինի ԵԱՏՄ միակ անդամ պետությունը, որը նման բարձր մակարդակի ռազմավարական համաձայնագիր ունի Եվրամիության հետ, ավելի բարձր, քան նույնիսկ Ղազախստանի համաձայնագիրը ԵՄ-ի հետ»,- Ռուսաստանին նվիրած այդ գովքը պատկանում է ամերիկյան լրտեսի համարում ունեցող քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանին: Այդ նույն քաղաքագետը նաեւ խոսում է համաձայնագրի ստորագրման հետաձգման մասին. «Երեւանն ու Մոսկվան խոչընդոտ չեն առաջացնում համաձայնագրի ստորագրման համար: Իրականում խնդիրն այժմ Բրյուսելում է` կապված տեխնիկական հարցերի, մասնավորապես` տվյալ համաձայնագրի իրավաբանական ուսումնասիրության եւ թարգմանության հետ, ինչը նշանակում է, որ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, պատրաստ չի լինի նախատեսված ժամկետին` նոյեմբերի 24-ին, երբ Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը»: Ահա թե ինչ` ստացվում է, որ նույնիսկ եվրոպացիների համար առկա տեքստը վերջնական չէ, եւ արանքում թարգմանության խնդիրներ էլ կան: 
Թարգմանություն` ահա մանրուքներում թաքնված «սատանան»: Համացանցում հայտնվեց սկզբում անգլերեն տեքստը, որը նախաստորագրված տարբերակն է, փոքր-ինչ ուշ ՀՀ արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոնի արած ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը, որի որակը, ըստ մի շարք փորձագետների կարծիքի, կարելի է բնորոշել ռուսերեն «խալտուրա» կամ հայերեն ժարգոնային «գռդոն» բառով: Եվ հիմա պարզվում է, որ անգլերեն տեքստն էլ վերջնական չէ: Բայց հարց է առաջանում` ինչո՞ւ ամիսների ընթացքում չունեցանք որակյալ, պաշտոնականին առավելագույնս մոտ հայերեն տարբերակ: Ի՞նչ է, մեր որոշ չինովնիկների մայրենի լեզո՞ւն է անգլերենը, թե՞ նրանց իրական վերադասը, ում մայրենին անգլերենն է, ամենեւին էլ Երեւանում չի գտնվում: 
Սակայն այդ ոչ վերջնական եւ անհասկանալի որակի տեքստերում էլ բովանդակային վերլուծությամբ հայտնաբերվում են մտահոգիչ եւ զավեշտալի բաներ: Զորօրինակ, ինչ-որ անհասկանալի «համաձայնության խորհուրդ», որը պետք է լուծի վիճելի հարցերը եւ մեկնաբանի համաձայնագրի վիճելի կետերը: Մի տեսակ այդ ձեւակերպումից սորոսական նույն զզվելի հոտն է գալիս, ինչ հակաընտանեկան օրենքի նախագծով նախատեսված «Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդից»: 
Սակայն վերադառնանք Ռիչարդ Գիրագոսյանի ասածին` որ, կոպիտ ասած, նախատեսված ժամկետներում լեզուն Բրյուսել չի հասցնի, ինչի հարուցիչը ո՛չ մերոնք են, ո՛չ ռուսները (ում մասին տարիներով ասվում էր, թե ճնշում են գործադրում), այլ Եվրոպան ինքը: Բայց ի՞նչ ենք հասկանում` Եվրոպա կամ Եվրամիություն ասելով: Կամ ընդհանրապես` Արեւմուտք ասելով: Դա Թրա՞մփն է, Քլինթոնի եւ Օբամայի թի՞մն է, անգլոսաքսոնական հատուկ ծառայություննե՞րն են, եվրաազգայնականնե՞րն են` Սորոսին վռնդող Ավստրիայի երիտասարդ վարչապետի պես, թե՞ Սորոսն է: Թե՞ ռոքֆելերները, ռոտշիլդները, կամ այլեւայլ խմբերը, ում վաղուց կպած է «ջհուդամասոններ» ծաղրանունը... Այժմ գլոբալ Արեւմուտքը, կամ գլոբալ Եվրոպան ներկայացնող կենտրոններն այնքան շատ են, որ նույնիսկ փորձառու կոնսպիրոլոգները սկսել են խճճվել: 
Դե, 21-րդ դարն է, Ջրհոսի դարաշրջանը, տեղեկատվական դարը, երբ աշխարհը այլեւս միաբեւեռ չէ: Բայց բազմաբեւեռությունն էլ արդեն շատ բարդ եւ փոխկապակցված կառուցվածք ունի: Ի դեպ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ փաստում էր, որ ինչ-ինչ «տեխնիկական խնդիրները» եթե լինեն, ապա ամենեւին ոչ հայկական կողմի մեղքով: Եվ տպավորություն է ստեղծվում, որ թեեւ պաշտոնական Երեւանն ամեն ինչ արել է, որ ԵՄ կողմից չստորագրելու եւ չվավերացնելու փաստարկված պատճառներ չլինեն, բայց կրկնվում է հայ-թուրքական արձանագրությունների պատմությունը: Այսինքն` որ ի վերջո մյուս կողմն է տապալելու այն համաձայնագիրը, որի մասին այդքան խոսվում է: 
ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ
Իսկ առավել` ռեալ կյանքին մոտ խնդիրները ավելի տեսանելի են: Այսպես, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը իր այցի ընթացքում հնչեցրեց շատ կարեւոր մի բան` որ ռուսական գազի սակագները չեն բարձրանալու: Շատ պարզ ու բոլորիս ամենօրյա կյանքին առնչվող հանգամանք... Թե չէ, արդեն շատերի ուղեղն է կախում եվրոպական բյուրոկրատների այլասերված մտքի արգասիք համաձայնագրի տեքստից, ուր պարզ ու հասկանալի, միանշանակ ընկալվող գրեթե ոչ մի դրույթ չկա` որ լեզվով ուզում ես կարդա, կամ ժողովրդի լեզվով ասած, ուր «դուզ խոսք չկա»: Իսկ մեր ռազմավարական դաշնակից երկրի վարչապետի գործնականում բոլոր ասածներն են «դուզ խոսք», եւ հեռուստաեթերում լսելուց հետո այն մեկնաբանների կարիք չունի: 
Անշուշտ, հանապազօրյա կարեւորագույն հարցերից է հակաընտանեկան օրենքի ընդունումը թույլ չտալը: Թե ինչու պետք է կասեցնել այդ «Ընտանեկան բռնության մասին» նախագծի ընթացքը, հարկ չկա բացատրելու որեւէ բանական մարդու, եթե, իհարկե, այդ մարդը տվյալ նախագծից անձնական նյութական շահ չունի: Բայց նման է, որ մեր երկրում այլ տեսակի «բռնության» կանխարգելման կարիք կա:
Այսպես, թեեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին շատ դժվար է հունից հանել, այնուամենայնիվ, լրագրողներին դա հաջողվեց, եւ Ֆեյսբուքում այժմ կատակ է շրջանառվում, թե հարկավոր է «լրագրողական բռնության մասին» օրենք: Բայց ամենեւին էլ կատակ բան չէ, որ որոշ քարոզչամիջոցներ սրիկայական վերնագրեր էին դրել, իբր պարտադիր զինծառայությունը դառնում է 3 տարի: Իսկ դա արդեն տեղեկատվական պատերազմի ոլորտից է, եւ ոչ այլ ինչ է, քան ծայրաստիճան անազնիվ խաղ մարդկանց զգայուն լարերի վրա: 
Ինչեւէ, այն, որ հենց պաշտպանական ոլորտն է կարեւորագույնը, երեւում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից, որ Ադրբեջանի հետ պետք է կա՛մ բանակցենք, կա՛մ կրակենք: Ժնեւից հետո արդեն դրան է մոտենում: Եվ գերագույն գլխավոր հրամանատարը իր` պաշտպանության ոլորտին նվիրված ընդարձակ ելույթում շատ կարեւոր հանձնարարություն հրապարակեց. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաեւ թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր` 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով` ես` որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները եւ ողջ հասարակությունը: Նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում զեկուցել այս ուղղությամբ իր կատարած աշխատանքի մասին: Քննարկումներից եւ լրամշակումներից հետո այդ ծրագիրը մենք կհաստատենք 2018 թվականի հունվարի 28-ին, այսինքն` մեր Բանակի ծննդյան օրը»: 
Երկամսյա ժամկետ, դա ամենեւին էլ կատակ բան չէ, ու ՀՀ նախագահը կարեւորեց նաեւ ԱԺ-ում այժմ քննարկվող «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Եվ երկրի ղեկավարը չշրջանցեց եւ զազրելի շահարկումները, որ վերաբերում են բուհական տարկետումները վերացնելու եւ բոլորին անխտիր զորակոչելու հարցին, որոնք քողածածկվում են գիտության մասին պաթետիկ ելույթներով. «Հասկանու՞մ եք ` մարդիկ են խոսում բանակի, անվտանգության մասին, ովքեր, անկեղծ ասած, երեւի մի 5-10 էջ էլ չեն կարդացել կամ գործնականում չեն առնչվել այս խնդիրների հետ, իսկ մարդիկ, ովքեր գիտեն, ովքեր տեղյակ են, ովքեր կյանքի փորձ ունեն, ուղղակի, շատ ներողություն բառիս համար, զահլա չունեն նրանց հետ խոսելու կամ վիճելու»: 
Անշուշտ, որոշ կատեգորիաների հետ խոսելը կամ վիճելը իրոք ավելորդ է: Ժողովրդական խոսքով ասած` խելքդ հիմարին բաբ մի արա: Ավելացնենք. սրիկային` առավել եւս:  

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА