ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բանակային ծառայության եւ գիտության զարգացման մեջ ոչ մի անջրպետ չկա»

24.10.2017 22:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Բանակային ծառայության եւ գիտության զարգացման մեջ ոչ մի անջրպետ չկա»

Մայր բուհի մի խումբ ուսանողներ ակցիա են սկսել ընդդեմ ակադեմիական տարկետման վերացման օրինագծի` ձեւավորելով, այսպես կոչված, ,հանուն գիտության զարգացմանե նախաձեռնությունը: Ըստ էության, այս ակումբում ընդգրկվել են միայն չծառայած եւ ծառայությանը դեմ մի խումբ համալսարանականներ, որոնք բաց նամակով դիմել են նաեւ պաշտպանության նախարարին: Ուսանողական այս հակաբանակային արշավի մասին, «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ ուսանող ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑԻ հետ, որին մեր ընթերցողները պետք է, որ հիշեն, քանի որ նրան անդրադարձել էինք, երբ 2014 թվականին ծառայում էր Հայոց բանակում: 

– ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ մայր բուհի ուսանողների սկսած ակցիան որքանո՞վ է ներկայացնում բուհի մեծամասնության տեսակետը:

– Նախ նշեմ, որ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված օրինագծով նախատեսված փոփոխություններն, իսկապես, մեծ անդրադարձ գտան մայր բուհի ուսանողության շրջանում, ինչն ուներ իր թե՛ դրական, եւ թե՛ բացասական կողմերը: Նախ, այս բազմատեսակ կարծիքների պոռթկումը վերստին հաստատեց, որ հայ իրականության մեջ տեղի ունեցող հասարակական գործընթացներն իրենց առաջին արձագանքը գտնում են ԵՊՀ ուսանողների շրջանում: Սա, անկասկած, խոսում է մայր բուհում ձեւավորվող առողջ սերնդի մասին: Բացասական էր երկու ասպեկտով` առաջին` անկախ ամեն ինչից, բուհը գիտակրթական եւ հետազոտական հաստատություն է, որտեղ համանման ակցիաների, հավաքների անցկացումը, այն էլ դասերի ժամանակ եւ ուղիղ եթերով, պարզապես անթույլատրելի է, ինչը կոպտորեն խախտելով անում էին ,Հանուն գիտության զարգացմանե անունը ստացած նախաձեռնության ակտիվիստները, եւ երկրորդ` պարզ դարձավ, որ այս հարցում երիտասարդների շրջանում չորս տարբեր մոտեցումներ կան` մարդիկ, ովքեր կողմ են համապարտադիր ծառայությանը եւ դեմ են տարկետմանը, մարդիկ, ովքեր կողմ են տարկետմանը եւ չեն ցանկանում ծառայել, մարդիկ, ովքեր առաջին երկու գաղափարների խաչասերում են ցանկանում տեսնել, եւ մարդիկ, ովքեր անտարբեր են, չեզոք, կամ խնդրին առհասարակ իրազեկ չեն: Մեծամասնություն կազմում են այն երիտասարդները, ովքեր կողմ են համապարտադիր ծառայությանը եւ դեմ են ակադեմիական տարկետումների տրամադրմանը: Հակառակը ջանում են համոզել տարկետմանը կողմ եւ ծառայությանը դեմ երիտասարդները, մինչդեռ դա, մեղմ ասած, նրանց չի հաջողվում. շուրջ 20.000 ուսանող ունեցող բուհից ,Հանուն գիտության զարգացմանե ցույց-ակցիային մասնակվել է 40 ուսանող: Թվային հավասարակշռության մեկնաբանությունները թողնում են ընթերցողին:

– Հիմնական դժգոհությունը, որը ակցիայի մասնակիցները հայտնում են, այն է, թե իրենք դեմ են ակադեմիական տարկետման վերացմանը եւ կողմ են, այսպես կոչված, «հանուն գիտության զարգացման»: Արդյոք Հայոց բանակը խանգարում է ծառայությունից հետո գիտությամբ զբաղվել:

– Բանակային ծառայության եւ գիտության զարգացման մեջ ոչ միայն անջրպետ չկա, այլեւ կա շատ խոր եւ ուղղակի կապ: Արհեստական հակադրություն փորձում են ստեղծել բանակում չծառայած եւ ծառայել չցանկացող տղաներն ու նրանց հարող մասսան, որոնց իրական նպատակը ոչ թե գիտության զարգացումն է, այլ` գիտության քողի ներքո սեփական երկրի պաշտպանությունից խուսափելը: Ընդ որում, սա ինձ լիաթոք ծիծաղեցնում է, քանի որ անգամ արդի պրոֆեսորները, հակառակ գիտական լուրջ ձեռքբերումներին, իրենց գիտաշխատող են համարում, մինչդեռ այս ուսանողները խոսում են ,ապագա գիտնականներինե չզորակոչելու մասին: Բացի այդ, այս ակցիայի մասնակիցների կողմից չի պարզաբանվում, թե ովքեր են այդ «ապագա գիտնականները». նրանք թե՛ ԱԹՍ ստեղծողներ են, թե՛ ռազմաարդյունաբերությանը նպաստող ֆիզիկոսներ, թե՛ պատմության ապագա մասնագետներ, ովքեր հիմա հրաժարվում են ծառայելուց, բայց տարիներ անց ,հայրենասիրության դասերե են կարդալու դպրոցում, կամ ապագա միջազգայնագետներ, ովքեր չեն ցանկանում ծառայել եւ իրենց թվում է, թե բանից անտեղյակ կարող են Ադրբեջանի իրենց կոլեգայի հետ թեմայի շուրջ բանակցություններ վարել, կամ թե գիտնականներ, որոնց թեզի համար ,վերեւիցե զանգ է ստացվելու եւ գրպանում մի կլորիկ գումար է դրվելու: Իսկ ինչպես իմ, այնպես էլ ծառայած շատ ու շատ երիտասարդ համալսարանականների համար գիտությամբ զբաղվելու որեւէ բարդություն չկա: Ծառայած տղան, ով ցանկանում է սովորել, սովորելու է, ուսանողն, ով չի ցանկանում ծառայել, ինչ ուզում ես առաջարկի, չի համաձայնելու. նա ցանկանում է լսել «Դուք ազատված եք» բաղձալի արտահայտությունը:

– Ի վերջո, ովքե՞ր են համալսարանում Հայոց բանակում ծառայելուն դեմ խոսում:

– Համալսարանը երբեք չի կարող ծառայությանը դեմ խոսել, ԵՊՀ-ն, ընդհակառակը, հայկական բանակ սնող ամենամեծ կրթօջախն է: Պարզապես համալսարանում կան մարդիկ, ովքեր ամեն գնով տարկետում են ցանկանում: Ծառայել չցանկացող ակտիվիստների մեծ մասին հոգեբանական ասպեկտով ուսումնասիրելիս 2 հիմնական խմբի կարելի է բաժանել` առաջին` երիտասարդներ, ովքեր ինքնակայացման կարիք ունեն, եւ բողոքն ու ակցիան հարթակ են օգտագործում ,երեւալուե համար, մանավանդ, որ որոշ կայքեր ու պարբերականներ առանց ինֆորմացիա ճշտելու կիսվում են նրանց քայլերով, եւ երկրորդ` երիտասարդներ, ովքեր փորձում են իրավունք պաշտապնել եւ խոսել քաղաքացիական բարձր ինքնագիտակցությունից: Իրականում այս երիտասարդների մոտ քաղաքացիական ինքնագիտակցությունը խիստ թերի է: Քաղաքացին այն մարդը չէ միայն, ով գիտի իր իրավունքն ու պարտականությունները, քաղաքացին առաջին հերթին իր պետության առաջնայնությունների կրողն է: Պետության պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Ու երբ ասում են կատարիր քաղաքացիական պարտքդ, դա չի նշանակում, որ խախտում են իրավունքդ: Եթե մեզ համար կարեւոր է միայն մեր ուսումը, բայց մենք մեր լուման չենք ցանկանում ներդնել սահմանային պաշտպանության, անվտանգության ու կայունության հաստատման գործում, մենք, մեղմ ասած, կիսատ քաղաքացի ենք: Քաղաքացու եւ իրավունքի ջատագովի ճառերը չպետք է սկսեն եւ ավարտվեն այնտեղ, որտեղ ոտնահարվում է պետության գերակա շահը: Այնքան հեշտ է կրթության նախարարության դիմաց նստացույց անելը, եւ այնքան բարդ է սահմանամերձ գյուղի բնակչին համոզելը, թե մեր ուսանող տղաներն իրենց մագիստրատուրայի թեզերով ձեզ ավելի շատ օգուտ կտան, քան բուհ ընդունված, սակայն ի սկզբանե ծառայությունը նախընտրած տղաները:

– Պաշտպանության նախարարության նախագիծը բավական համապարփակ դրույթներ է պարունակում, այնուամենայնիվ, կա՞ն կետեր, որոնց նաեւ Դուք եք դեմ կամ ընդգծված կողմ:

– Կարծում եմ, որ անկախ նրանից, թե ինչ տեսակետ ունենք այս կամ այն հարցի շուրջ, ծայրահեղությունների գնալ պետք չէ, որովհետեւ առանց փոխադարձ զիջումների հնարավոր չէ ցանկալի արդյունքի հասնել: Կողմ եւ դեմ կետերին անդրադառնալուց առաջ՝ հարկ եմ համարում նշել, որ «ՀԳԶ» նախաձեռնության անդամները մի հարցում, անկասկած, իրավացի են, այն է` նոր օրինագիծ ընդունելուց առաջ պետք է հանրային քննարկումներ տեղի ունենան: Բայց այսպիսի հանրային քննարկումներին մասնակցելը պարզապես անիմաստ է, որովհետեւ` 1. անտեղյակ մարդկանց չպետք է դասապրոցեսից հանել եւ «հարցեր պարզել», 2. հանրային քննարկումները չպետք է քաղաքականացված լինեն, 3. հանրային քննարկում կազմակերպողները պետք է կոմպետենտ լինեն եւ հարցին մոտենան ոչ սիրողական մակարդակով, 4. քննարկումները ոչ թե պետք է պայմանավորվեն անձերով, այլ` գաղափարական մոտեցումներով, եւ վերջապես՝ 5. անհնար է քննարկում անցկացնել մարդկանց հետ, ովքեր բացի ծառայությունից ազատվելուց, ոչ մի այլ բանի հետ համաձայն չեն, այն է` ասում ես ծառայիր, որից հետո կշարունակես ուսումդ: Պատասխանը` համաձայն չեմ: Ասում ես ` բարի, սովորիր, հետո պարտքդ կտաս: Բայց դարձյալ նույն պատասխանը` համաձայն չեմ: Իսկ օրինագծի փոփոխություններով հենց սա է առաջ քաշվում: Ըստ էության, նման մակարդակում հանրային քննարկումները դատապարտված են մնալ փակուղում, որովհետեւ պետությունն ամենաքիչը երկու առաջարկ ունի, իսկ այդ ակցիայի անդամները դեմ են երկուսին էլ: Փորձենք հասկանալ, թե ինչ են նրանք ասում եւ որքան հիմնավորված են խոսում: Ըստ որոշ ակտիվիստների, նրանք ի սկզբանե տեղյակ չեն եղել օրինագծի մասին եւ իրենց կարիերան այլ կերպ են դասավորել: Գիտեք, եթե անձնական շահը գերադասվում է պետության շահից, միեւնույնն է, նրանց եթե 10-րդ դասարանում էլ ասեիր, նրանք չէին ցանկանալու ծառայել: Մյուս կողմից, օրինագծի ծննդին նպաստեց ապրիլյան քառօրյան, իսկ քառօրյան 10 տարի առաջ չի տեղի ունեցել: Ըստ ՀԳԶ-ի, այս օրինագծով համալրման հարցը չի լուծվում: Մեր մոտեցումը հետեւյալն է` զգալիորեն լուծվում է: Տեսեք՝ ըստ նրանց, վերջին ակադեմիական տարում ասպիրանտ տղաների համար տարկետման իրավունքով տրվել է 140 տեղ, ինչը չի կարող բեկում մտցնել: Բայց իրականում խնդիրը սա չէ: Մագիստրատուրայում ոչ անվճար հիմունքներով, առանց առողջական լուրջ խնդիրների սովորում են հարյուրավոր, բակալավրիատում` հազարավոր ուսանողներ: Միթե այս հազարավորներով համալրում հնարավոր չէ: Նշում են, որ օրինագիծը հղի է կոռուպցիոն ռիսկերով: Մեր տեսակետը` կոռուպցիոն ռիսկերը կան երկու դեպքում էլ, որովհետեւ կաշառակերությունը համակարգային խնդիր է: Տեսեք, 3 տարին մեկ հետաձգվելու համար ծառայել չցանկավող տղաները հազարավոր դոլարներ են «շռայլում» հոսպիտալներում, զինկոմիսարիատներում, կենտրոնական հավաքակայանում: Միթե սա մեզ համար հայտնի, իսկ նրանց համար նոր լուսաբանվող իրողություն է: Իհարկե` ոչ:

– Եթե համալսարանում ունեք գաղափարակիցներ, ապա ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել՝ գիտության անվան տակ ապագա դասալիքների դեմ: 

 Եթե համալսարանում մեր կողմնակիցները հազարավոր են, ապա Հայաստանում հարյուր հազարավոր են, ինչը միայն ողջունելի է եւ ոգեւորող: Մեր պայքարը նրանց դեմ երբեք չի լինելու անձնավորված, սեւացնող եև վիրավորական հողի վրա: Սա գաղափարների մրցամարտ է, որի հիմքում ընկած են մարդկանց աշխարհայացքներ, ընտանեկան դաստիարակություն, ապագայի տարբերվող տեսլական եւ այլն: Մեր գաղափարների համար պայքարելու ենք խնդրի բարձրաձայնմամբ եւ նախորդ փորձի` նորով փոխելու արդար պահանջով, ինչը լիովին համընկնում է պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի տեսակետին, ըստ որի, պետք է քայլ կատարվի սոցիալական արդարություն հաստատելու համար: Չհամաձայնել սոցիալական արդարությանն ու սոցիալական հնարավորությունների հավասարությանը, պարզապես չի կարելի: Այս հարցում հավելման կարգով ես առաջարկներ ունեմ` եթե զորակոչման ենթակա տղան ունի ֆանտաստիկ կարողություններ եւ պետք է մնա բուհում, ապա նրա հետ պետությունը պետք է պայմանագիր կնքի՝ թեզը պաշտպանելուց հետո երկիրը չլքելու մասին: Անկախության տարիներին հազարավոր տղաներ պետության հաշվին կրթություն են ստացել եւ գիտությունների թեկնածու դարձել, իսկ թեզը պաշտպանելուց անմիջապես հետո անվերադարձ լքել են երկիրը: Այնպես որ, եթե պետությունը քեզ 9 տարի պահում է, դու էլ պարտավոր զգա փոխադարձաբար քո հասանելիքը տալ: Սոցարդարության հասնելու համար տարկետում չպետք է տալ նաեւ օլիգարխիկ համարգակի զավակներին, բայց քանի որ մենք քաջ գիտակցում ենք, որ ամեն ինչ չէ, որ հեշտությամբ լուծելի է, առաջարկը հետեւյալն է` այս զանգվածի վրա հիմնվելով խթանել պրոֆեսիոնալ բանակի ձեւավորումը, այն է` թող սահմանվի նվազագույնը 50.000 ԱՄՆ դոլար ֆինանսական փոխհատուցում` բանակից ազատվելու դիմաց: Իսկ այդ ողջ գումարը թող ներդվի բարձր վարձատրությամբ պայմանագրային զինծառայողներ ձեռք բերելու եւ բանակը զենքով ու տեխնոլոգիաներով համալրելու գործում: Հաջորդ խնդիրը ռազմական կամ զինվորական մտավորականության ձեւավորման եւ զարգացման իմպերատիվն է: Չկա ռազմական ինտելիգենցիա, չկա ռազմական հաջողություն, քանի «Ազգ-բանակ» կոնցեպտում ազգի եւ բանակի ցիրկուլյացիան ապահովում են սպաներն ու զինվորները մի կողմից, ազգային եւ բանակին ծառայող մտավորականները` մյուս: Սրա իրագործման համար պետք է օգտվել Հայաստանի ամենահարուստ կապիտալից` մարդկային ռեսուրսից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА