ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինձ շփոթեցրին Հայաստանի ստանձնած պարտավորությունները». Անդրեյ Արեշեւ

24.10.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ինձ շփոթեցրին Հայաստանի ստանձնած պարտավորությունները». Անդրեյ Արեշեւ

Հայաստանյան արտաքին քաղաքական կարեւոր զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ:

Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ՀՀ-ԵՄ «ԿՈԿԻԿ» ՇԱՐԱԴՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԱԿ

– Պարոն Արեշեւ, Հայաստանը պատրաստվում է նոյեմբերին Եվրամիության հետ համապարփակ համաձայնագիր ստորագրել: Հետաքրքիր է Ձեր դիտարկումները հրապարակված փաստաթղթի բովանդակության մասին:

– Իհարկե, բավական կոկիկ էր շարադրված տեքստը, բայց ինձ, օրինակ, մի քիչ շփոթեցրին Հայաստանի ստանձնած պարտավորությունները` ատոմային էլեկտրակայանը փակելու հետ կապված: Բայց լավ է, որ գոնե այնտեղ ժամկետներ նշված չեն: Այնպես որ, կարելի է ենթադրել, որ կոնկրետ հենց սա համաձայնագրի այն կետերից մեկն է, որը պարտադրվել է եվրագործընկերների քաղաքական ճնշման ներքո: Իսկ դրական կարող է լինել այն, որ Հայաստանը եթե չասենք կդառնա կամուրջ, բայց, այսպես ասած, միջնորդ կլինի Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ` տնտեսական հարաբերությունների զարգացման առումով: Ինչպես գիտեք, ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի կողմից կիրառվող քաղաքական սանկցիաները վնասում են ե՛ւ ռուսական տնտեսությանը, ե՛ւ հենց Եվրամիության գործընկերներին, թեպետ նրանք շարունակում են անժամկետ սանկցիաներ կիրառել: Այս առումով կան հայ-ռուսական շատ կազմակերպություններ, որոնք բավական լավ հարաբերություններ ունեն եվրոպական երկրների հետ, հետեւաբար, ըստ իս, այստեղ կարող է լինել փոխադարձ շահավետ գործակցություն: 

– Ի հակադրություն Եվրամիության` Ձեր գնահատմամբ, ի՞նչ տվեց ԵՏՄ-ն Հայաստանին:

– Բավական դրական միտումներ կան, կարծում եմ՝ այսօր տարբեր ինտեգրացիոն գորընթացներին անդամակցությունն այն մեխանիզմն է, որը կարող է ամրացնել Հայաստանի ռազմական անվտանգությունը: Վստահ եմ` տեղյակ եք, որ բավականին էֆեկտիվ զինատեսակներ արդեն իսկ տեղակայվել են Հայաստանում, որոշ զինատեսակներով էլ ընդամենը վերջերս վարկի դիմաց համալրվեց ՀՀ Զինված ուժերը: Միեւնույն ժամանակ պետք է ասեմ, որ այս անդամակցությունը կարեւոր էր առաջին հերթին ՀՀ տնտեսական անվտանգության համար: Այս հարցում շատ կարեւոր է Հայաստանի նոր կառավարության դերակատարությունը: Իհարկե, որոշակի դրական միտումներ նկատելի են, բայց դրանք պետք է ամրացնել: Եվ եթե տնտեսական աճը լինի լավ, պետբյուջեն սկսի ավելանալ, կարծում եմ՝ Ռուսաստանի կողմից էլ ավելի դրական առաջընթաց կլինի Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում:

«ԷՐԴՈՂԱՆԻ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ԲԱՆ ԵՆ, ԻՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱՅԼ»

– Ի դեպ, բավական լարվել են Եվրամիության եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները, համենայնդեպս, այդ մասին են վկայում Էրդողանի եւ Ալիեւի ելույթները: Ի՞նչ կարելի է սպասել դրանից:

– Այո՛, մի կողմից` կա խիստ հռետորաբանություն, բայց մյուս կողմից էլ` մենք գիտենք, որ Եվրամիությունը մշակում է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման ձեւաչափ, որը կքննարկվի Բրյուսելում: Կարծում եմ` վաղ, թե ուշ նրանք Եվրամիության հետ փաստաթուղթ կստորագրեն, ինչպես Հայաստանն է փորձում ստորագրել: Ի վերջո, Եվրամիության համար ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան հանդես են գալիս եթե ոչ առանցքային, ապա, համենայնդեպս, կարեւոր երկրներ` էներգետիկ ապահովությունը պահպանելու համար: Իհարկե, Ադրբեջանը եւ Թուրքիան դեռ չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին, բայց, ամեն դեպքում, սկսած 2012 թվականից բավականին պարտավորություններ կատարել են: Ուստի` Էրդողանի հռետորաբանությունը, զգացմունքային հայտարարություններն այլ բան են, իրական հարաբերությունը` այլ: Չմոռանանք, որ վերջերս բրիտանական հեղինակավոր «Գարդիան» պարբերականը ուշագրավ փաստեր էր հրապարակել Եվրոպայում ադրբեջանական լոբբիզմի եւ մյուս կապերի մասին: Ըստ իս, պարբերականը դեռ փոքրիկ մասն է գաղտանազերծել, իրականում Եվրոպայի եւ Ադրբեջանի հարաբերություններն ավելի խորն են: Նույնը կարող եմ ասել Թուրքիայի մասին, գաղտնիք չէ, որ Թուրքիան լուրջ կապեր ունի Գերմանիայի եւ ընդհանրապես` Եվրոպայի հետ: Թուրքիան այսօր Եվրամիության մաքսային գոտու անդամ է եւ այնտեղից դուրս գալ չի էլ պատրաստվում: Այնպես որ, այդ հարաբերությունները երբեմն-երբեմն կարող են բարդանալ` զգացմունքայնության ֆոնին, բայց այն, որ երկխոսություն կա, փաստ է:

«ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ ԿԱ»

– Նախորդ շաբաթ Ժնեւում կայացավ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ձեր կարծիքով` կա՞ր քայլ առաջ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

– Ենթադրությունները, կանխատեսումներն այս թեմայով շատ են, բայց երկու կողմերի զսպված պաշտոնական հաղորդագրությունների հիման վրա` կարող եմ ասել, որ կողմերը, դժվար թե, շոշափելի արդյունքների հասած լինեն: Ինչո՞ւ, որովհետեւ Ղարաբաղյան հակամարտությունը բավական երկար ժամանակ է քննարկվում է, եւ կողմերի դիրքորոշումը, առաջին հերթին` հենց Ադրբեջանի, ընդունելի չէ: Ամեն դեպքում, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող սահմանային լարվածությունները չեն նպաստում, որպեսզի դրական առաջընթաց արձանագրվի: Ինչպես գիտենք, այս հանդիպումից հետո էլ կրակոցներ եղել արցախա-ադրբեջանական սահմանում, որոնց հետեւանքով զոհեր կան: Սա արդեն ավանդական ռազմավարություն է դարձել եւ, ըստ իս, դրանք չեն խոսում այն մասին, որ լուրջ բանակցություններ վերսկսելու պարարտ հող կա: Ստեղծված իրավիճակը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, որովհետեւ չկան կողմերի միջեւ վստահության մեխանիզմների երաշխիքներ, ինչի մասին խոսվում էր ապրիլյյան պատերազմից հետո Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների ժամանակ: Մոնիթորինգ եւ այլն, դրանք չեն կատարվում, եւ գիտենք, թե որ կողմը չի կատարում ստանձնած պարտավորությունը: Հետեւաբար, իհարկե, հանդիպումները լավ են, բայց դրանք այս պայմաններում բեկումնային արդյունքների չեն հանգեցնի:

– Սանկտ Պետերբերգում եւ Վիեննայում ստանձնած պարտավորությունները, կարծես թե, մոռացության են մատնվել եւ այս հանդիպման ժամանակ այդ մասին անգամ չհիշատակվեց: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` սա դիվանագիտական հնարք է` չխոսել, շրջանցել վիճելի կողմերի մասին, այսինքն` համաձայնություն ձեռք բերել այն մասին, որ չեն կարող համաձայնության գալ: Դրա համար էլ լռում են: Սա էլ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի մասն է եւ հավելյալ տեղեկություն է այն մասին, որ չկա առաջընթաց:

«ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԹՈՒԼԱՆՈՒՄ Է»

– Անդրադառնանք նաեւ տարածաշրջանային զարգացումներին. խիստ լարված իրավիճակ է ստեղծվել Իրաքյան Քրդստանի շուրջ, եւ նրանց անկախացման նկրտումներն ի չիք են դառնում: Ի՞նչ հետեւանքներով է այն հղի:

– Ուշիուշով հետեւել եմ Իրաքյան Քրդստանի ոդիսականին` սկսած անկախության հանրաքվեի նախապատրաստումից մինչեւ անցկացում եւ դրան հաջորդած իրադարձություններին: Ըստ իս, ընդհանուր առմամբ` իրենք նախատեսել էին այն, ինչ տեղի է ունենում: Պարզորոշ էր, որ Բաղդադի ֆեդերալ կառավարությունը պատրաստ է վերականգնել իր ազդեցությունը վիճելի տարածքների վրա, որոնց թվում են Քիրքուքը, Սինջարը եւ մի քանի այլ տարածքներ: Այսինքն` այն տարածքները, որոնք դեռեւս 2014 թվականից, երբ Իրաքում սկսվեց իսլամական պետության հերթական էքսպանսիան, դե ֆակտո անցել էին քրդական զինյալ զորամիավորումների` փեշերմագայի ձեռքը: Կարծում եմ` Քրդստանի հանրաքվեն Էրբիլի համար շատ լավ դաս էր, որ ամեն դեպքում պետք է ռեալիստ լինել: Բավական ուշագրավ էր այն, որ հանրաքվեից անմիջապես հետո` միանգամից  որոշում ընդունվեց նվազեցնել փեշերմագայի ֆինանսավորումը, որոնք հենց կանգնած էին վիճելի սահմաններում: Իհարկե, մենք գիտենք, որ քրդական այս հանրաքվեի հիմնական հովանավորները ԱՄՆ-ն էր, Գերմանիան եւ մի քանի այլ պետություններ, բայց այսպիսի զարգացումը նաեւ բավական պարզ ազդակ էր, որ քրդական ղեկավարությունը աջակցություն չի ստանա: Հանրաքվեն լավ մտածված չէր, եւ այստեղից էլ հիասթափություն է առաջանում քրդական կողմի եւ նման իրավիճակում գտնվող այլ ազգերի համար: Այստեղ շատ կարեւոր է Իրանի դերակատարությունը: Իրանը եւ ԱՄՆ-ն տարածքային հակամարտություն ունեն,  այդ թվում եւ Իրաքում: Ու այս առումով բավական հետաքրքիր միտումներ կան, ինչը թույլ է տալիս ասելու, որ ամերիկյան ազդեցությունը Մերձավոր Արեւելքում թուլանում է: Միեւնույն ժամանակ, ասեմ, որ առաջին անգամ չէ, որ Իրաքյան Քրդստանը նման ճակատագրի է արժանանում, այդպիսի մի բան էլ եղավ 90-ական թվականներին` Սադամ Հուսեյնի օրոք: Կարծում եմ` Իրաքում դեռ կշարունակվեն որոշակի գործընթացներ տեղի ունենալ, մնում է հուսալ, որ դրանք անարյուն լինեն: Այս ամենը թերեւս կավարտվի նրանով, որ  բանակցություններ կսկսեն պաշտոնական Բաղդադի եւ Իրաքյան Քրդստանի միջեւ: Եվ այստեղ Բաղդադի ազդեցությունը բավական ուժեղ կլինի, ու Քրդստանը ստիպված կլինի գնալ որոշակի զիջումների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА