ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.10.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Մոսկվայում տեղի է ունեցել զարմանալի պատահար. անհայտ անձը կրակել է փոխվարչապետ ԴՄԻՏՐԻ ՌՈԳՈԶԻՆԻ բնակարանի վրա: RenTV-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել դեռեւս հոկտեմբերի 14-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Նախնական տվյալներով` կրակոցների հետեւանքով ոչ ոք չի տուժել, կոտրվել են տան ապակիները: Դե ինչ, ավելորդ չէ հիշեցնել, որ Ռոգոզինը հենց այն պաշտոնյան է, որն ամենացինիկ եւ վիրավորական ձեւով էր արձագանքնում հայ հանրության եւ պաշտոնատար անձանց դժգոհությանը` Ադրբեջանին վաճառվող հսկայական քանակի սպառազինության վերաբերյալ: Ամենահետաքրքիրն այն է, որ տվյալ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել` «խուլիգանություն» հոդվածով: Դե ինչ, ինչպիսին մարդն է, այնպիսին էլ քր. գործի հոդվածն է:
Մինչ մեր երկրում բոլոր նորմալ մարդիկ վրդովվում են «Ընտանեկան բռնության մասին» հակաընտանեկան օրենք անցկացնելու փորձի կապակցությամբ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ թերեւս շուտով կդառնա այն երկիրը, ուր ընտանեկան բռնություն առհասարակ չկա: Չէ, չկարծեք, թե բրիտանացի հայրիկները էլ երբեք թթու խոսք չեն ասում բրիտանացի երեխաներին, քանզի վերջիններս ընդմիշտ դադարեցրել են չարություն անելը: Պարզապես, այդ երկրում շուտով ընտանիք չի լինի, իսկ ուր չկա ընտանիք, չի կարող լինել եւ բռնություն ընտանիքում: Այդ երկրի ԱԳ նախարարությունը դիմում է հղել ՄԱԿ-ին եւ խնդրել է կազմակերպության փաստաթղթերում «հղի կանայք» տերմինը փոխարինել չեզոք` «հղի մարդիկ» տերմինով` ի նշան տրանսսեքսուալների նկատմամբ հարգանքի: Դե ինչ ասես, շառից, փորձանքից եւ այդ տեսակի «առաջադիմությունից» հեռու:
Մեր ընթերցողներն անշուշտ գիտեն, թե ինչպիսի անառարկելի հեղինակություն է, այսպես կոչված, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, մեր Առողջապահության նախարարության եւ բազում բժիշկների համար: Եվ ահա այդտեղ ապշեցուցիչ բան տեղի ունեցավ` այդ աստվածահաճո հիմնարկության ղեկավար ԹԵԴՐՈՍ ՀԵԲՐԵՅԵՈՒՍԸ հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն նշանակվում է բարի կամքի դեսպան, ում հիմնական գործառույթն է պայքարն ընդդեմ ոչ վարակիչ հիվանդությունների (քաղցկեղ, սրտանոթային, շնչառական, շաքարախտ եւ այլն): Այդ որոշումից շատերն աշխարհում շոկի մեջ էին ընկել, քանզի Մուգաբեն Աֆրիկյան մայրցամաքի ամենաայլանդակ բռնապետներից է, եւ հենց նրա երկրին է համապատասխանում «սիրեցի, յարիս կերան» տարբերակը: Ճիշտ է, այդ բազում քննադատություններից հետո, կարծես թե, վերանայվում է սույն բռնապետի նշանակման հարցը, բայց... Սա ազդանշան է, որ եթե որեւէ առողջապահական չինովնիկ հայտարարի, թե այսինչ բանը լավ է, քանզի այդպես է կարծում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ապա հանգիստ կարելի է գրողի ծոցն ուղարկել նրան էլ, այդ կազմակերպությանն էլ հետը:
Բայց վերադառնանք մեր երկիր: Իսկ Սէֆիլյանի ցուցակին համապատասխան ժրաջան գործունեություն ծավալող ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ հայտարարեց. «Շաբաթ օրը մենք ավարտեցինք հռչակագրի տեքստը` կոնսենսուսով: Բայց չենք հրապարակում, որովհետեւ հարգելի բացակա ընկերներ ունեինք, որոշակի ժամանակ տրամադրվեց, որ նաեւ իրենք ծանոթանան: Բնականաբար, առաջիկա նիստին վերջնական տեքստը կունենանք` բոլորի հետ համաձայնեցված»: Բայց ամենազարմանալին այն է, որ այդ հռչակագրի տեքստը դեռեւս գաղտնի է պահվում: Չմեռանք, դա էլ տեսանք` ընդդիմադիր հռչակագիր, որը թաքցնում են բողոքավոր հանրությունից: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА