ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

37 հասարակաց տների սեփականատեր Մատիլդ Մանուկյանը Թուրքիայի 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից էր

24.10.2017 14:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
37 հասարակաց տների սեփականատեր Մատիլդ Մանուկյանը Թուրքիայի 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից էր

Թուրքիայում առաջին հասարակաց տները բացվել են 19-րդ դարի վերջերին: Մասնավորապես դրանք բացվել են ղրիմյան պատերազմի տարիներին (1853-1856թթ)` զինվորների «սեռական պահանջները բավարարելու համար»:

Այսօր Թուրքիայում գործող մոտ 56 հասարակաց տների 85%-ը ապօրինի է աշխատում: Պատճառն այն է, որ Թուրքիայում 100 հազարից ավելի մարմնավաճառ կա, սակայն նրանցից միայն 15 հազարը պաշտոնապես աշխատելու թույլտվություն ունի:

Խոսելով Թուրքիայում հասարակաց տների մասին` անհնար է անտեսել մի գործարարուհու, որը երկար ժամանակ իր ուրույն տեղն է ունեցել այս ոլորտում:

Խոսքը Մատիլդ Մանուկյանի մասին է, ով հանդիսացել է Թուրքիայում 37 հասարակաց տների սեփականատերը: Այնտեղ նա հայտնի է «հասարակաց տների թագուհի, «հասարակաց տների տիրուհի» մականունով:

Մատիլդ Մանուկյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկն է համարվում:

Նա ծնվել է 1914 թվականին` ազնվական ընտանիքում: «Notre Dame de Sion» վարժարանը ավարտելուց հետո սկսել է զբաղվել դերձակությամբ, սակայն ամուսնու մահից հետո ֆինանսական դժվարություններ ունենալով` հորից մնացած տները սկսել է գործարկել որպես հասարակաց տներ: 

 Կարճ ժամանակում Մատիլդ Մանուկյանին պատկանող հասարակաց տների թիվը ավելացել է` հասնելով  37-ի:  Նա  հաճախ հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակում և մի քանի անգամ նույնիսկ վճարած հարկերի չափով ռեկորդ է սահմանել ու ստացել մրցանակներ: Ավելի ուշ Մատիլդ Մանուկյանի ձեռքբերումներին նվիրված «M&M» անվանմամբ թանգարանում ցուցադրվել են այս մրցանակները:

Գործարարուհին հայտնի նաև իր բարեգործություններով: Նա 70 գրասենյակներ նվիրել է տարբեր հիմնադրամների: Ասում են` հովանավորել է բազմաթիվ կարիքավոր ուսանողների ուսումը: Մատիլդը սննկացումից փրկել է 3 գործարար, որոնք որպես երախտագիտություն, արտասահմանում պատրաստել են տվել Մատիլդի արձանը և կանգնեցրել վերջինիս տան բակում:

Նա ցանկացել է հայկական եկեղեցուն նույնպես նվիրատվություն անել, սակայն եկեղեցին չի ընդունել:

Չնայած այս ամենին` Մատիլդը մի քանի անգամ բերման է ենթարկվել` հասարակաց տներում երիտասարդ աղջիկներին շահագործելու մեղադրանքով, սակայն ազատ է արձակվել:

Ըստ մամուլում տարածված տվյալների` Մանուկյանն ունեցել է 50 գրասենյակ, 50 խանութ, 4 ամառանոց, 220 տաքսի, 37 հասարակաց տուն , 40 շենք, 2 գործարան, 1 զբոսանավ, մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ և հյուրանոցներ, ինչպես նաև տրիլիոնավոր լիրա արժողությամբ զարդեր:

Ընդ որում  նա ներդրումներ է արել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Կիպրոսում: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ Կիպրոսում ունի 10 առանձնատուն:

Մատիլդ Մանուկյանը իրեն պատկանող շենքերը վարձակալությամբ է հանձնել Ստամբուլի քաղաքապետարանին, արդարադատության պալատին և այլ պետական հիմնարկների:

Մատիլդ Մանուկյանը մահացել է 2001 թվականի փետրվարի 21-ին և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում: Գործարարուհու հսկակայան կարողությունը անցել է միակ որդուն` Քերոբ Չիլինգիրին:

Մատիլդ Մանուկյանի գործունեությունը շատերի կողմից քննադատության է արժանացել  և մեղմ ասած չի «ողջունվել», սակայն այն փաստը, որ հայ գործարարուհին Թուրքիայի գործարար կյանքում մեծ դեր է խաղացել, անհերքելի է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА