ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յելլ Էքսթրիմ պարկը» ներդրողներին ներկայանում է մեծածավալ ներդրումային ծրագրով

24.10.2017 12:22 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Յելլ Էքսթրիմ պարկը» ներդրողներին ներկայանում է մեծածավալ ներդրումային ծրագրով

«Յելլ Էքսթրիմ պարկը» շարունակում է  մշակել զարգացման նոր նախագծեր եւ 2017  թվականի  հոկտեմբերից մեկնարկում է նոր ներդրումային ծրագիր՝ 2,5 մլն դոլարի չափով: Ներդրումն ամբողջությամբ ուղղվելու է պարկի գործունեության ընդլայնմանը եւ զարգացմանը, որի  արդյունքում կավելանան նոր էքստրեմալ զվարճություններ, ինչպիսին են տոբոգանը, լազեր թագը, սթրայքբոլը, բանջի ջամփինգը եւ այլն: Ներդրողներ կարող են հանդիսանալ ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ տարբեր ֆոնդեր:

Պարկի երկարաժամկետ զարգացման ծրագրերից է նաեւ ճոպանուղու կառուցումը եւ փոքր ավիացիայի զարգացումը:

«Յելլ Էքսթրիմ պարկ» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է 2015 թվականին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է 10-ից ավելի ծառայություններ: 2018 թվականին «Յելլ Էքսթրիմ պարկը» շահագործման կհանձնի 2,7 կմ երկարությամբ զիփլայնը: 

Ենոքավան համայքը ներդրողների տեսանկյունից բավականին գրավիչ է, քանի որ վերջին շրջանում  այն դարձել է Հայաստանում ամենաարագ զարգացող եւ ամենամեծ տուրիստական հոսք ունեցող համայնքներից մեկը:

Պարկի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2015 թ.-ի օգոստոս ամսին՝ սույն տարում գրանցելով 1133 այցելու: 2016թ.-ին այցելուների թիվը կազմել է 5830, իսկ 2017-ին նախատեսվում է ունենալ 14,000 այցելու: Ընդհանուր առմամբ հաճախորդների 35%-ը եղել են արտերկրացի զբոսաշրջիկներ՝ հիմնականում Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Եվրոպական տարբեր երկրներից:

«Յելլ Էքսթրիմ Պարկի» հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝  2022 թ.-ին «Յելլ Էքսթրիմ Պարկի» այցելուների քանակությունը նախատեսվում է հասցնել 100,000-ի: Ներկայումս պարկը  1 ժամում  սպասարկում է  ընդամենը 65 հաճախորդի: 100,000-ին հասնելու եւ հյուրերի ժամանցը լավագույնս կազմակերպելու համար անհրաժեշտ է ընդլայնել զվարճությունների եւ հանգստի գոտիների քանակը՝ մեկ ժամում հնարավորություն ունենալով սպասարկել 700 հոգու:

Վերջին 2 տարվա ընթացքում «Յելլ էքսթրիմ Պարկում» ներդրվել է մոտ 250.000 դոլարի չափով գումար, եւ ամբողջ եկամուտն  օգագործվել է պարկի զարգացմանն ուղղված աշխատանքների համար:  Զիփլայնի տարածքում բարելավվել են առկա արահետները և կառուցել նորերը, ավելացել է մատուցվող ծառայությունների քանակը, ստեղծվել են համապատասխան պայմաններ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար, թարմացվել է  Զիփլայնով թռիչքների եւ ժայռամագլցման գույքը եւ այլն: Այդ թվում  2017  թվականի մայիս ամսին մեկնարկել է մեգանախագիծ՝ ուղղված ամենաերկար Զիփլայնի կառուցմանը:

Ներկայումս «Յելլ Էքսթրիմ պարկն» ունի հիմնական 25 աշխատակից: Վերջիններս հիմնականում Ենոքավան համայնքից կամ Իջեւանից են, կան նաեւ աշխատակիցներ հարեւան սահմանամերձ գյուղերից: Պարկի ընդլայնումը իր հերթին լուծում է նաեւ համայնքային կյանքի աշխուժացման եւ աշխատատեղերի ապահովման սոցիալական հիմնախնդիր: Պարկի գործունեության ընդլայնմանը զուգահեռ կավելանա նաեւ աշխատողների քանակը՝ 2018թ.-ին հասնելով 50-ի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА