ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մուսա լեռան հերոսամարտը

23.10.2017 21:24 ՄՇԱԿՈՒՅԹ
Մուսա լեռան հերոսամարտը

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը՝ Մուսա լեռը, գտնվում է Թուրքիայի (ներկայիս) Հաթայ վիլայեթում ՝ պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արեւմուտք՝ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Մուսա լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում (Բիթիաս, Խդրբեկ, Հաջի Հաբիբլի, Յողուն Օլուք, Վագըֆ եւ Քեբուսիե) բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, գդալագործությամբ, սանրագործությամբ ու ասեղնագործությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները: Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:   Հայ եւ օտար պատմիչների վկայությամբ, դեռևս (մ.թ.ա.) 1-ին դարում Անտիոքում եւ նրա շրջակա գավառում բավական մեծ թվով հայեր են ապրել, որոնք ավելի են ստվերացել Տիգրան Մեծի կողմից Անտիոքի գրավումից (մ.թ.ա. 83 թ.) հետո:  Բագրատունիների թագավորության անկումից (1045 թ.) եւ սելջուկ-թուրքերի կողմից Հայաստանի նվաճումից հետո ավելի է մեծանում հայերի զանգվածային արտագաղթը դեպի Առաջավոր Ասիայի տարբեր շրջաններ, այդ թվում՝ Լեռնային Կիլիկիա եւ Անտիոք: Տեղի հայ բնակչությունը ավելի է ստվերանում հատկապես Կիլիկիայի հայկական թագավորության (1080-1375 թթ.) շրջաններում:   1516 թ. օսմանյան թուրքերի կողմից Սիրիան գրավելուց հետո Անտիոքը՝ Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստիճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուստ՝ Մուսա լեռան կողմերը:   Հայկական Կիլիկիայի այս բեկորը, թեեւ կտրված էր օսմանյան կայսրության հայաշատ կենտրոններից, սակայն դիմացել էր դարերի դաժան փորձություններին,սրբությամբ պահպանել իր մայրենի լեզուն՝ բարբառը, նախնիների հավատը, ապրելակերպն ու ավանդույթները: Սակայն օսմանյան կայսրությունում կյանքի, պատվի եւ ունեցվածքի նկատմամբ տեւականորեն թագավորող անապահովությունը այս խաղաղ և աշխատասեր ժողովրդին ստիպում էր ապավինելու նաև զենքին: Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895թ., 1909թ.) ետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին եւ ավարի մոլուցքով տառապող բաշիբոզուկների ոհմակին, երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաեւ Մուսա լեռան շրջանում:  Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը՝ հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը: 1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:  Երիտթուրքերի կողմից կազմակերպված համատարած սպանդի պայմաններում հայերը այնուամենայնիվ երկրի մի շարք շրջաններում անհավասար կռիվ մղեցին թշնամու գերազանց ուժերի դեմ: Հերոսական պայքարի շնորհիվ Վանում, Շատախում, Մուշում, Մուսա լեռան վրա, Շապին-Գարահիսարում, Ուրֆայում տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցին թուրքական յաթաղանից: Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը: Թուրքական կառավարության կողմից վաղօրոք մշակված աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսաբի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար: Հուլիսի 29-ին Յողուն Օլուք գյուղում տեղի ունեցավ վեց հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշվեց բարձրանալ Մուսա լեռ և դիմել ինքնապաշտպանության: Բնակիչների մի մասը հավատալով թուրքերի խոստումներին, բռնեց կործանարար գաղթի ուղին, իսկ մեծամասնությունը՝ մոտ 5000 մարդ, չնայած զենքի պակասին, ելավ անձնազոհ պայքարի: Ընտրվեց զինվորական խորհուրդ, իսկ առավել քաջարիներից ատեղծվեց երեք զինվորական տասնյակ (հրամանատարներ Եսայի Յաղուբյան, Պետրոս Տմլագյան, Պետրոս Թութագլյան): Մարտական ջոկատներն ամրացան լեռան պաշտպանության չորս ճակատներում` Գըզըլջա (Կարմրավուն), Գուզջըղազ (Գառների մակաղավայր), Դամլաջըգ (Կաթկաթող) և Գափլան-Դուզաղ (Վագրի ծուղակ): Հատուկ ուշադրություն դարձվեց պաշտպանական դիրքերի ու պատնեշների կառուցմանը, որին մասնակցեցին ողջ աշխատունակ բնակչությունը: Սահմանվեցին հատուկ դիտակետեր, ուր պատանիները կատարում էին կապավորների դեր: Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան եւ կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ) խուճապահար նահանջեցին: Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները: Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միաժամանակ հրաժարվեցին նոր հարձակումներից, որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էին պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին՝ Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին երկու դրոշակ: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր եւ անգլերեն գրված «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցե՜ք»:  Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների կողմից ծածանվող դրոշները, մոտեցավ եւ խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա եւ հեռանալով՝ խոստացավ օգնել մուսալեռցիներին: Անտիոքի ծովախորշում ֆրանսիական հածանավի հայտնվելը, եւ թուրքական զորանոցների ու դիրքերի գնդակոցումը չէր կարող տագնապի չմատնել թուրք հրամանատարությանը: Ահա թե ինչու սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր՝ (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան ետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլեւ անցնել հակահարձակման եւ հալածել խուճապահար նահանջող թշնամուն: Վերջապես, սեպտեմբերի 13-14-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4092 մարդ) փոխադրում են Եգիպտոս ՝ Պորտ-Սայիդ կոչվող ծովափնյա քաղաք: Մուսա լեռան 53-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը «Ըլլեոն»՝ «Առյուծ» էին կոչում, Մարտիրոս Զանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլագյանը, Պետրոս Թութագլյանը, Գաբրիել Ստեփանյանը, Հովհաննես Գոջանյանը «Ֆենտ», Գրիգոր Նգրուրյանը «Յուզբաշ»: Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոսուհիներին (Գթության քույրեր), որոնց թվում են՝ Մանուշակ Մանուկյանը, Շուշան Գաբաղյանը, Սիմա Ղարիբյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Վարդիթեր Զեթլյանը: Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը՜ 1919 : Մուսալեռցիների հաղթանակը հայրենասիրության, սխրանքի, անձնազոհության ու ժողովրդի միասնության ցայտուն դրսևորում էր: Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով՝ ոգեշնչել է շատերին, այդ թվում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց: 1939 թ. Ալեքսանդրետի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները խուսափելով թուրքերի հալածանքներից՝ գաղթեցին Այնճար (Լիբանան):  Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղերի անուններ կրող վեց թաղամասեր: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ: Այսօր Այնճարը համարվում է Լիբանանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը: Ավանում գործում են մի քանի ազգային, կրոնական,բարեգործական, մշակութային և մարզական կազմակերպություններ, երեք դպրոց, որոնց գործունեությունը նպաստում է գաղթօջախի ազգային ոգու պահպանմանը:  1946-1947 թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Սովետական Հայաստանում՝ մասնակից դառնալով մայր հայրենիքի վերաշինման վեհ գործին: Էջմիածնի շրջանի «Գինեվետ» ավանը 1972 թ. վերանվանվեց «Մուսալեռ», իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ: Անառիկ ամրոց հիշեցնող այս կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը:

  Կոթողի հեղինակները՝ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը եւ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյանը ստեղծել են մուսալեռցիների հերոսական անվանն արժանի գործ:

Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ՝ ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարեդարձը եւ հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:

Պատրաստեց Լուսինե Ոսկանյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА