ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տարկետում տրամադրելու համար կա երկու մոտեցում...». Վիգեն Սարգսյան

23.10.2017 16:42 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տարկետում տրամադրելու համար կա երկու մոտեցում...». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է «Պատիվ ունեմ» ծրագրով ակադեմիական կրթության համար տարկետումը վերացնելու մասին քննադատություններին:

Պատասխանելով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ կրթության համար տարկետում տրամադրելու համար կա երկու մոտեցում. կամ պետությունը որոշում է, որ ցանկացած քաղաքացի, ով ուզում է ստանալ բարձրագույն կրթություն, պետք է ունենա տարկետում մինչև ուսման ավարտը, կամ որևէ մեկը տարկետում չի ստանում, որովհետև դրա արանքում ընկած ամեն ինչը սուբյեկտիվիզմի և մասնակի լուծումների մեթոդ է:

«Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչի համար, օրինակ, որևէ պետական բուհ ընդունվողը կարող է ունենալ տարկետում, իսկ ամբողջ Ամերիկյան համալսարանը` այդպիսի տարկետումների սահմանափակ քանակ, եթե չեմ սխալվում, ընդամենը 10 տեղ: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի համար նույն մասնագիտությամբ նույն ֆակուլտետում սովորող մի քանի քաղաքացի պետք է ունենան հնարավորություն ավարտել ուսումը և միայն հետո կատարել պարտքը հայրենիքի նկատմամբ կամ չկատարել, իսկ մեկ ուրիշը պետք է 18 տարին լրանալու պահին զորակոչվի, որովհետև ընդունելության քննության ժամանակ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կես միավոր պակաս է հավաքել: Այսինքն` խնդիրը շատ ավելի լայն է:

Եթե մենք լուծում ենք տարեկան 8 հարյուր մարդու հարց, որպեսզի իրենք կարողանան հաջողությամբ սովորել և ավարտել, դա մի մոտեցում է, եթե մենք գիտության և կրթության հարց ենք լուծում, այդ դեպքում բոլորը պիտի հավասար տարկետում ստանան: Եվ, վերջապես, եթե մենք լուծում ենք մեր երկրի պաշտպանության խնդիրը, մենք նայում ենք նման խնդիրներ ունեցող երկրների փորձը և իրենց տված լուծումները»,- պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ իրենք այդ ծրագրով տարկետումը չեն վերացնում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկում են զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատուրայում, իսկ հետո` նաև մագիստրատուրայում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА