ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ նշվեց Դպրոցական գրադարանների միջազգային օրը

23.10.2017 16:29 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանում առաջին անգամ նշվեց Դպրոցական գրադարանների միջազգային օրը

Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 23-ին նշվեց Դպրոցական գրադարանների միջազգային օրը (International School Library Day): Տոնը մեր երկրում նշվում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Հրատարակչությունը Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի գրադարանին նվիրեց 160 անուն գիրք՝ այդպիսով հարստացնելով գրադարանի ֆոնդը եւս մեկ անգամ վերաարժեւորելով դպրոցական գրադարանների կարեւորությունը: Հայ եւ համաշխարհային դասականների ստեղծագործություններ, մասնագիտական ու գեղարվեստական գրքեր.նվիրաբերած գրականության ցանկն ընդարձակ է: Դպրոցական գրադարանների միջազգային օրվա կապակցությամբ կրթական հաստատությունում կազմակերպվեց տոնական հանդիսություն.ներկաներին դիմավորեց «Չարենցի գիրքը»:

Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանն ընդգծելով միջոցառման կարեւորությունը, փաստեց. «Շնորհակալություն ենք հայտնում հրատարակչությանը, որ իրականացնում է նմանատիպ մեծամասշտաբ միջոցառում: Դպրոցի գրադարան մուտք գործող երեխաների թիվը հենց այսօրվանից կկրկնապատկվի, կեռապատկվի: Իսկ մեզ ի՞նչ է պետք: Պետք է, որ երեխան սիրի գիրքը, ընթերցանությունը: Այս գրքերն իրենց ուրույն տեղը կունենան մեր գրադարանում»,-նշում է դպրոցի տնօրենը:

Նշենք, որ հրատարակչությունը նախատեսում է միջոցառումը դարձնել ամենամյա եւ ամեն տարի որեւէ դպրոցական գրադարանի գրքեր նվիրել: Նախատեսվում է նաեւ առաջիկայում գրքեր նվիրել մարզային դպրոցների գրադարաններին:

Տեղեկացնենք, որ 1999 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբերի 4-րդ երկուշաբթին նշվում է որպես Դպրոցական գրադարանների միջազգային օր (International School Library Day): Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում տարբեր երկրներում, անգամ վերածվել է Դպրոցական գրադարանների միամսյակի:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА