ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վերագտնված երջանկություն»` մանկատան փոքրիկների համար

23.10.2017 01:32 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Վերագտնված երջանկություն»` մանկատան փոքրիկների համար

Փարիզում գործող «Bonheur Retrouvé» («Վերագտնված երջանկություն») կազմակերպությունն ուղիղ 15 տարի է, ինչ աշխատում է հանուն մեկ նպատակի՝ երջանկություն պարգեւել թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում ու ընդհանրապես՝ աշխարհում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Կազմակերպության երկարատեւ գործունեության եւ օրերս կայացած հերթական միջացառման մասին, «Իրավունքը» զրուցեց հենց «Bonheur Retrouvé»-յի հիմնադիր տնօրեն ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԺՊԻՏԻՑ»

Հետադարձ հայացք նետելով գործունեության 15 տարիների վրա՝ Հ. Մելիքյանը նախեւառաջ խոսեց դրանցից մի քանիսի մասին.

- Ասեմ, որ մեր կազմակերպությունն առաջիններից էր, որը Փարիզում սկսեց զբաղվել ոչ միայն հայերին, այլ նաեւ նախկին Խորհրդային միությունից եկած ժողովուրդներին, նրանց ընտանիքներին աջակցելով: Օգնում էինք իրավաբանական խորհրդատվությամբ, սոցիալ-տնտեսական, ֆրանսերենի լեզվին տիրապետելու եւ տարբեր այլ հարցերով: Դրանից հետո կամաց-կամաց սկսեցինք համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-յի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-Ի հետ՝ իրականացնելով մշակութային ծրագրեր: Եվ կարճ ժամանակում մեծ հաջողության հասանք, քանի որ արդեն թե՛ լրատվամիջոցների, թե՛ հանրության ուշադրության կենտրոնում էինք: Իսկ հետո սկսեցինք ավելի կոնկրետ ծրագրերով զբաղվել՝ օգնելով Ֆրանսիայի ծերանոցներին, մասնավորապես՝ բարեգործական համերգներ կազմակերպելով տարեցների համար: Այնուհետեւ ցուցահանդեսներ էինք իրականացնում թե՛  Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի եւ այլ նախկին Խորհրդային երկրների խուլ ու համր երիտասարդ նկարիչների համար: Ընդ որում՝ այն դարձավ գրեթե ամենամյա եւ կոչվում է «Ընկերությունը սկսվում է ժպիտից», չէ որ նրանք չեն խոսում, բայց ժպիտն ամեն ինչ ասում է: Նշեմ, որ այս ցուցահանդեսի մասնակիցներից մի ռուս նկարիչ բավական մեծ հաջողությունների հասավ եւ իրեն հրավիրեցին Միացյալ նահանգներ՝ մասնակցելու ցուցադրության: Նաեւ մեր կազմակերպությունն այսօր կանգնած է ապրիլյան պատերազմում զոհված մեր զինվորների ընտանիքներից շատերի կողքին:

«ՄԵԶ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ»

- Ի դեպ, Ձեր կազմակերպությունը նաեւ բավական հայտնի է Վրաստանում ու Ռուսաստանում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Թբիլիսիի պետական թատրոնը, որ պատմության մեջ ոչ մի անգամ չէր եղել հյուրախաղերի Խորհրդային միությունից դուրս, երկու անգամ մեր հրավերով եկավ Փարիզ՝ իրենց ներկայացումներով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ասեմ, որ Ռոստովի մարզում ֆրանսիացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Պատրիսիա Կասի անվան մանկապարտեզ բացեցինք: Նույն այդ մարզից երկու անգամ երեխաներին բերել ենք Փարիզ եւ գեղեցիկ համերգներ իրականացրել: Շատ այլ ծրագրեր էլ ունենք, որոնք նախատեսել ենք մյուս տարի: Օրինակ, իսպանական քաղաքներից մեկում կայանալիք փառատոնի ժամանակ մեր կազմակերպությունը կներկայացնի Ֆրանսիայի մանկական արվեստը: Այսօր մեզ համար մեծ պարծանք է, որ բացի Ֆրանսիայից, Հայաստանից, նախկին Խորհրդային միության պետություններից, մեզ արդեն սկսել են ճանաչել Եվրոպայում:

- Փաստորեն, այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կարողանում եք ինչ-որ առումով անգամ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կապող օղա՞կ դառնալ:

- Ինչ-որ առումով՝ այո: Ի դեպ, մեր կազմակերպությունում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են աշխատում: Իհարկե, մեծամասնությունը հայեր են, բայց ունենք նաեւ ռուս, ուկրաինացի, վրացի աշխատակիցներ: Այնպես, որ մեր կազմակերպությունում ազգամիջյան խնդիրները չկան:

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԵԿ ԾՐԱԳԻՐ ԱՆԵԼ, ԲԱՅՑ ԼԱՎ ԱՆԵԼ ՈՒ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ»

- 15 տարին բավական լուրջ տարիք է կազմակերպության համար: Իսկ ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնել այս տարիներին:

- Այս առումով՝ առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեմ իմ  թիմակիցներին, ովքեր իմ կողքին են այս 15 տարիների ընթացքում: Մենք ոչ մի ֆինանսական օգնություն ոչ մի երկրից, այդ թվում եւ Ֆրանսիայից չենք ունեցել, այլ ամեն ինչ արել ենք մեր ուժերով: Մեր թիմակիցներից ամեն մեկը տարբեր տեղեր է աշխատում եւ իրենց ներդրումն են ունենում այս կամ այն բարեգործական ծրագրի մեջ: Իսկապես, 15 տարին բավական երկար ճանապարհ էր ու որտեղ էլ բարձրաձայնում ենք այդ մասին, զարմանում են, որովհետեւ Ֆրանսիայում բացվում են կազմակերպություններ, բայց դժվարությունների հանդիպելով՝ մեկ-երկու տարի հետո փակվում են: Փառք Աստծո, մեր կազմակերպությունն այսօր կա եւ հուսով եմ, որ կգոյատեւի դեռ երկար տարիներ:

- Դուք էլ նշեցիք, որ թիթեռնիկի կյանք ունեցող կազմակերպություններն այսօր բազմաթիվ են՝ լինի Ֆրանսիայում, Հայաստանում, թե այլուր: Ձեր կազմակերպությունն ունի՞ մրցակիցներ:

- Դեռ չենք զգացել, որ մրցակիցներ կան, թե՝ ոչ, բայց օգնող կազմակերպություններ շատ կան: Ամեն դեպքում, մենք անում ենք այնպիսի ծրագրեր, որը շատերը չեն կարողանում: Օրինակ, 7 հոգով կարողանում ենք այնպիսի համերգ կազմակերպել, որ բոլորը զարմացած են մնում: Եվ, իհարկե, փորձում ենք այնպես անել, որ ուրիշների արածի կրկնությունը չլինի: Ի վերջո, ավելի լավ է մեկ ծրագիր անել, բայց լավ անել ու յուրօրինակ:

«ТЫ – СУПЕР!» ՀԵՌՈՒՍՏԱՇՈՈՒԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՓՈՔՐԻԿ ԱՆԳԵԼԻՆԱՅԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ

- Ի դեպ, որքանով տեղյակ ենք, օրեր առաջ էլ մի յուրահատուկ միջոցառում եք իրականացրել ֆրանսիայի փոքրիկների համար՝ «Երջանկություն ենք ցանկանում» խորագրի ներքո…

- Ռուսաստանի НТВ- ի «Ты – супер!» հեռուստաշոուին մասնակցած մանկատան տաղանդավոր երեխաներից մի քանի հոգու հրավիրել էինք այստեղ եւ միջազգային տոն կազմակերպել Ֆրանսիայի հիվանդ երեխաների համար: Կրկեսից մեծ ծրագրով ծաղրածուներ էլ էին եկել եւ կարծում եմ՝ տոնը կայացավ: Միայն, ցավոք, Հայաստանից «Ты – супер!» հեռուստաշոուին մասնակցած Գյումրու Ֆրիդյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ կենտրոնի սան Անգելինա Պապիկյանը  չկարողացավ գալ: Խնդրեցինք, անգամ ասացինք, որ ճանապարհածախսն էլ ենք վերցնում մեզ վրա, բայց մի քիչ կոպիտ ձեւով մեզ պատասխանեցին, թե որբատան երեխան, եթե եկավ, տեսավ Ֆրանսիայի կյանքը, հետո վերադարձավ մյուսներին պատմեց, մյուսներն իրենց վատ կզգան: Այսպիսի արձագանքն ինձ դուր չեկավ, բայց բացատրեցի, որ չենք կարող բոլորին հրավիրել, հիմա այս աղջիկը լավ երգել էր եւ նրա այցը Ֆրանսիա նաեւ ազդակ կլիներ, որպեսզի  մյուսներն էլ լավ սովորեն, լավ երգեն եւ այլն: Ինչեւէ, հիմա ծրագիր ենք մշակում այս ուղղությամբ: Հավանաբար մյուս տարի, երբ գամ Հայաստան, կփորձեմ հայկական մանակատան հետ պայմանագիր կնքել, որ այնտեղ մեր ֆինանսավորմամբ՝ ֆրանսերեն դասավանդվի եւ լավ սովորող երեխաներին բերենք մեկ շաբաթով Փարիզ: Վստահ եմ, որ այսպիսի ծրագրերը միմիայն կնպաստեն, որպեսզի երեխաներն ավելի լավ սովորեն ոչ միայն ֆրանսերենը, այլեւ մյուս առարկաները:

ՓՈՔՐԻԿ ԱՆԳԵԼԻՆԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՍՊԱՍՎՈՒՄ

- Ամեն դեպքում, Փարիզ ժամանած «Ты – супер!» հեռուստաշոուի փոքրիկներին ի՞նչ անակնկալներ էր սպասվումայդտեղ:

- Ասեմ, որ փոքրիկների շարքում ոչ միայն ռուսներ էին, այլեւ դաղստանցիներ, ուկրաինացիներ եւ այլ ազգերից ներկայացուցիչներ: Փորձեցինք նրանց ծանոթացնել Փարիզը, այցելեցինք Դիսնեյ Լենդ, բարձրացան Էֆելյան աշտարակը… Նաեւ մեր նպատակն էր փոքրիկներին ծանոթացնել իրենց հասակակից ֆրանսիացի երեխաների հետ, որպեսզի ընկերանան եւ հետագայում էլ միմյանց հետ կապ պահեն: Էլի եմ ասում՝ ցավալի էր, որ մեր հայ աղջիկը չեկավ, չնայած՝ նա իր նվերն անպայման կստանա: Ըստ էության, ինչ-ինչ պատճառներով չկարողացավ Հայաստանի ղեկավարությունը կազմակերպել այդ ամենը: Այնուամենայնիվ,  կփորձենք մյուս տարի փոքրիկին հրավիրել Իսպանիա ու նորից կդիմենք Հայաստանի կառավարությանը: Այնտեղ անցկացվելու է փառատոն, որտեղ հայ փոքրիկը  կարող է ներկայացնել մեր երկիրը:

- Որպես վերջաբան՝ ի՞նչ կցանկանայիք փոխանցել Հայաստանին եւ հայաստանցիներին:

- Ցանկանում եմ ամենակարեւորը՝ մեր ազգին խաղաղություն, իսկ մենք ինչով կարողանանք, միշտ այստեղից օգտակար կլինենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА